ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՅՍ ԱՋԱԲՍԱՆԴԱԼԻ ՄԵՋ ՏՈՒԺՈՒՄ Է ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԸ»

Այս տարի թատերական որեւէ ներկայացում չարժանացավ պետական մրցանակի, ինչը բնական հարց է առաջացնում. Հայաստանում արվեստի այդ ճյուղն իրո՞ք նահանջ է ապրել, թե՞ կան այլ խնդիրներ։ Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը, որի 40 պիեսներից 22-ը 45 անգամ բեմադրվել են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։

-Ժամանակակից հայ թատրոնը, անշուշտ, տեղում չի դոփում՝ իր դժվարություններով, խոչընդոտներով, մարտահրավերներով հանդերձ։ Եվ, ասենք, վերջին 5 տարվա թատրոնը դրականորեն տարբերվում է նախորդ 5 տարիներից, եւ այդպես շարունակ։ Թատրոնը դիմակայեց նույնիսկ ցուրտ ու մութ տարիներին, որը վկայում է հայ թատերարվեստի կենսասիրության, տոկունության մասին։ Իսկ դրամատուրգիայի բնագավառում հետաքրքիր մի բան է կատարվում. սկսվել է մի, կարծես թե, հավերժության միտում ունեցող վեճ դրամատուրգների եւ բեմադրիչների միջեւ։ Այսօրվա բեմադրիչները եվրոպական կողմնորոշումը ցույց տալու, թե արտառոց ինչ-որ բաներ ասելու նպատակով հայացքները հառում են ավելի շատ օտարազգի դրամատուրգների, եւ հայ դրամատուրգիան այդ առումով ինչ-որ չափով արհամարհված է թատրոնների բեմադրիչների կողմից։ Բեմադրվելու ցանկություն ունեցող դրամատուրգների մի մասն էլ փորձում է «եվրառեմոնտով» գրել, եւ այս աջաբսանդալի մեջ տուժում է թատերարվեստը։ Ես բոլորովին դեմ չեմ եվրոպական կամ արեւելյան, արեւմտյան, հյուսիսային եւ հարավային դրամատուրգներին բեմադրելուն, բայց երբ հայ դրամատուրգը հատկապես զուտ ազգային որեւէ հիմնախնդիր է շոշափում, որպես կանոն՝ մատի փաթաթան են դարձնում՝ ասելու, թե օրվա հերոսը չի երեւում… Եթե այսօր Շեքսպիրի Համլետը որպես օրվա հերոս է հառնում (ես, անշուշտ, այժմյան դրամատուրգներիս չեմ համեմատում Շեքսպիրի հետ), ապա այսօրվա յուրաքանչյուր կերպար նաեւ բեմադրիչի տաղանդի շնորհիվ կարող է ընկալվել, դառնալ հերոս։ Ցավալի է նաեւ, որ դրամատուրգիան հիմնականում չի ստեղծվում թատրոնում բեմադրության ընթացքում, թատրոնի դերասանների եւ բեմադրիչների հետ համատեղ ստեղծագործական աշխատանքով։
-Տարբերություն զգո՞ւմ եք փոքր քաղաքում եւ մայրաքաղաքում ստեղծագործողների միջեւ։
-Մայրաքաղաքից հեռու ապրելը, այդ տարածությունը, այնուամենայնիվ, բացասական ազդեցություն է թողնում ստեղծագործողի ոչ միայն աշխարհաճանաչողության, այլեւ ժամանակի ռիթմը ավելի խորը եւ ավելի անմիջական զգալու, ինչու չէ, նաեւ ժամանակակից հոսանքների մեջ կրավորվելու հարցերում։ Եթե մայրաքաղաքում պետք է (թող ներվի կոպիտ համեմատության համար) երկուբալանոց ստեղծագործող լինել, լոռեցու ասած` քիչ թե շատ արեւերես երեւալու համար, գավառում ստեղծագործողն առնվազն 3-4-բալանոց պետք է լինի։ Չմոռանանք, որ մեծանունները ծնվում են գյուղերում, թաղված են պանթեոններում։ Գավառում ստեղծագործողն իր հետ բերում է այն նյութը, հումուսը, ավյունն ու ավիշը, կոլորիտը, որը կա գյուղաբնակների մեջ։ Օրինակ՝ Վանաձորում ստեղծագործում է տաղանդավոր բանաստեղծ Հրաչյա Սարուխանը, ում ստեղծագործությունները եւ ճանաչելիությունն ամենեւին չեն հուշում, որ նա գավառաբնակ է։ Շատ բան կախված է նրանից, թե ով ինչպես է ստեղծագործում։ Ինքս էլ դժգոհություններ չունեմ թե՛ մրցանակների, թե՛ տպագրվելու, բեմադրվելու հարցերում։ Այնուամենայնիվ, հաճախ մայրաքաղաքն այնքան էլ բարեհաճ չի վարվում գավառում ստեղծագործողների նկատմամբ… Շատ տարիներ առաջ «Գարուն» ամսագրին մի պատմվածք էի ներկայացրել, որը վիպակի վերածվելու միտում ուներ (խոսքը «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպի մասին է, որը լույս է տեսել եւ մրցանակի արժանացել), եւ անընդհատ ասում էին՝ վաղը կտպագրվի։ Լուսահոգի ընկերներիցս մեկը՝ արձակագիր Վահե Պողոսյանը, աշխատում էր «Գարուն»-ում եւ մի օր ասաց. «Մինչեւ այստեղ տղերքի հետ մի դույլ սուրճ չխմես, քո գործը ո՛չ կարդալու են, ո՛չ էլ տպելու»։ Ես տնտեսական խանութից մի դույլ առա, իջա «Պոպլավոկ», խնդրեցի՝ սուրճ եփեն, այսինքն՝ գոնե ջրին սրճագույն տան։ Այդ տաք ջրով դույլը տարա, բարձրացա վերեւ, եկան «Գարուն»-ի աշխատակիցները, ասացի՝ տղե՛րք, խմե՛ք այս մի դույլը, գործս կարդացե՛ք, կա՛մ մերժեք, կա՛մ ասեք հա։ Ամենաշատն իմ քայլից գոհ մնաց հավաքարարը, որը դույլ չուներ, իսկ վիպակս այդպես էլ չտպագրվեց…

 

 

 
ՍՊԱՍԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍ

«Ժողովուրդ»-ն օրերս կրկին անդրադարձել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կինոնկարների խնդրին, ներկայացրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի տեսակետը վերոնշյալ հարցի կապակցությամբ։ Նա մասնավորապես նշել էր, որ ֆիլմերի նկարահանման տարվա միջնաժամկետ ծրագիրն իրենք են իրականացնում, բայց սա բացառիկ դեպք է, երբ պետական հանձնաժողովի հատուկ որոշում պիտի լինի. «Մենք առաջին փուլի աշխատանքներն արել ենք եւ հիմա սպասում ենք որոշմանը»։ Խոսքը վերաբերում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմանը:

Ինչպես եւ խոստացել էինք, մենք դիմեցինք նաեւ հանձնաժողովին` պարզելու, թե որն է որոշումը ձգձգելու պատճառը: Ներկայացնում ենք այդ հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի պատասխանը. «Այս տարվա մայիս ամսին Հայաստանում կայանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցելու են բոլոր երկրների պատասխանատուները։ Եվ հենց այդ նիստի ժամանակ անցկացվելիք քննարկումների արդյունքում էլ կորոշվի, թե որ ծրագրերին է նախապատվություն տրվելու, որոնք են հովանավորվելու, եւ ինչ ձեռնարկների է համապատասխան գումար հատկացվելու։ Դա լինելու է հանձնաժողովի չորրորդ նիստը, որի ընթացքում կհստակեցվի նաեւ բոլոր ծրագրերի ժամանակացույցը»։
Դեմոյանը նկատեց, որ հանձնաժողովի աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. «Հանձնաժողովը երբեւէ չի դադարեցրել իր աշխատանքները, աշխատանքային խումբն աշխատում է, ամեն երկու շաբաթը, շաբաթը մեկ հանդիպում ենք, քննարկում բոլոր առաջարկությունները… Այս ընթացքում ինձ մոտ կուտակվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք հատ-հատ նայում ենք, տեսնում, թե որն է խելքին մոտ, նպատակահարմար, որտեղ զեղումներ, հուզաքնարական բաներ չկան, այլ ռեալ, իրատեսական ծրագրեր են։ Իսկ այդպիսիք կան, ու պիտի դիտարկենք դրանց ֆինանսավորելու նպատակահարմարությունը։ Օրինակ՝ ճշգրտում ենք, թե համերգները որտեղ, ինչ դահլիճներում պետք է լինեն, ցուցադրությունները՝ որտեղ, ինչ սրահում. ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի մակարդակով։ Մի խոսքով, աշխատանքներն ինտենսիվ ընթանում են, եւ պետք չէ, որ մենք անդադար այդ մասին հայտարարենք, որպեսզի հակառակորդ կողմն այդ ամենը գրանցի, մեզ շնորհակալություն հայտնի եւ հակաքայլեր ձեռնարկի»։ Պարոն Դեմոյանը վերջում հավելեց, որ այդ ամենի պատասխանները կտրվեն մայիսին՝ ընդհուպ մինչեւ նամականիշ, հուշադրամ, կրծքանշան թողարկելը։
Մեր կողմից ավելացնենք, որ հասկանալով հանդերձ ծրագրի կարեւորությունն ու այն համակողմանիորեն քննարկելու անհրաժեշտությունը, այդուհանդերձ, լուրջ ֆիլմ նկարահանելու համար այնքան անհրաժեշտ ժամանակը մինչեւ մայիս կորցնելն ուղղակի անթույլատրելի է։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏԸ

Ջութակահար 28-ամյա Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ: Նա արժանացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակին: Հայ ջութակահարի պարգեւատրման մասին հունվարի 18-ին Վիեննայում հայտարարել է ժյուրին, որը գլխավորում է Լյուցերնի փառատոնի գործադիր եւ գեղարվեստական ղեկավար Միխայիլ Գաֆլիգերը: Սերգեյ Խաչատրյանը պարգեւի հետ նաեւ 75 հազար շվեյցարական ֆրանկ է ստացել. սա երաժշտության բնագավառում «ամենաթանկ» մրցանակներից է:

 

ՆՄԱՆԱԿՈՒՄ Է ԼԵԴԻ ԳԱԳԱՅԻՆ

Մայլի Սայրուսը հունվարի վերջին ճանաչված MTV Unplugged հաղորդման հերոսուհին է լինելու: Սայրուսը որոշել է ակուստիկ համերգ ձայնագրել: Երգչուհին իր Instagram-ում առաջիկա շոուի պաստառն է տեղադրել, որտեղ հանդես է եկել արտասովոր տեսքով: Պաստառի վրա Մայլին շատերին հիշեցրել է Լեդի Գագայի ամենաաղմկահարույց կերպարներից մեկը: Նմանատիպ արհեստական ատամներով ու սեւ գլխարկով Գագան ներկայացել է իր Dope սինգլի շապիկին եւ 2013թ. նոյեմբերին մասնակցել YouTube Music Awards մրցանակաբաշխությանը: Սայրուսի մասնակցությամբ MTV Unplugged շոուն եթերում կլինի հունվարի 29-ին: Նշենք, որ MTV Unplugged-ն իրականում կուռքային շոու է, որը եթեր է հեռարձակվում 1989-ից:

 

ԿՕԳՆԵՆ ԿԱՊԻԿՆԵՐԸ

Ամերիկյան Կենտուկի նահանգի իշխանությունները պատրաստվում են օրենք ընդունել, համաձայն որի՝ սահմանափակ կարողություններով մարդիկ կկարողանան որպես օգնական օգտագործել ոչ միայն շներին, այլեւ կապիկներին: Պաշտոնյաների կարծիքով՝ կապիկները հիանալի կկատարեն առօրյա շատ գործեր, որոնք նրանց հաշմանդամ տերերն ի վիճակի չեն անել: Օրինակ՝ միացնել լույսը, տեսասկավառակը տեղադրել կամ շրջել գրքի էջը: Կապիկների գլխավոր առավելություններից է կյանքի տեւողությունը, որը հասնում է մինչեւ 40 տարեկանի: Այդպիսով՝ նրանց տերերը կարող են ընկեր ունենալ գրեթե ամբողջ կյանքի համար: Հետաքրքրական է, որ կապիկներին՝ որպես օգնականի, թույլ կտրվի օգտագործել միայն տանը: Փողոցում եւ հասարակական վայրերում դա անելը կարգելվի:




Լրահոս