Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընկերներիցս մեկը վերջերս կորցրել էր իր աշխատանքը նախարարություններից մեկում եւ դժգոհում էր նախարարից. «Լավ, հասկացանք, որ չեմ անցել մրցույթը, բայց գոնե խորհրդական նշանակեր ու ասեր` աշխատանքի մի՛ արի»: Ես սկզբում չէի հասկանում ընկերոջս, ով ուզում էր գոնե խորհրդական աշխատել եւ աշխատանքի չգնալ: Բայց հետո, երբ հիշեցի, թե հիմնականում ինչով են զբաղված խորհրդականները կառավարությունում, նախագահի նստավայրում եւ նախարարություններում, ընկերոջս ասածը լիովին ընկալելի դարձավ: Եթե ուզում ես ոչինչ չանել, բայց ստանալ աշխատավարձ, «ձեռքի հետ էլ» անձնական հարցեր լուծել, կարող ես խորհրդականի պաշտոն զբաղեցնել: Ու հենց այդ տրամաբանությամբ էլ մարդկանց խորհրդական են նշանակում` այսպես նաեւ հագուրդ տալով նրանց ամբիցիաներին:
Ես չգիտեմ, թե ինչ տրամաբանությամբ է վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդական նշանակել Համլետ Հովսեփյանին, սակայն համոզված եմ, որ արդարադատության գնդապետն անելիք չունի կառավարությունում, քանզի նրա աշխատանքը չի երեւում, եւ գրեթե երբեք նրա անունը չի հիշատակվում: Իսկ այս մարդն աշխատանքային հետաքրքիր գործունեություն է ունեցել: 1978-ին ավարտելով Խարկովի իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը` նույն թվականին աշխատանքի է անցել Հայպետմատակարարման կոմիտեում որպես իրավախորհրդատու: Մեկ տարի հետո աշխատանքի է անցել ՀԽՍՀ դատախազությունում եւ դարձել բաժնի դատախազ: Նման պաշտոն ունենալու համար խորհրդային տարիներին անհրաժեշտ էր լավ «թիկունք» ունենալ: Դե, երեւի Համլետ Հովսեփյանն ունեցել է, այլապես անհավանական պիտի թվար դատախազությունում աշխատանքային փորձ չունեցող 31-ամյա երիտասարդին նման աշխատանք վստահելը: Ի դեպ, թե ինչ է արել Համլետ Հովսեփյանը մինչեւ ինստիտուտ ընդունվելը, որտեղ է աշխատել, ոչինչ հայտնի չէ: Նա իր կենսագրության մեջ չի նշել նաեւ բանակում ծառայած լինելու մասին: Ուրեմն իսկապես առեղծվածներով լի կենսագրություն ունի, մանավանդ որ երեք տարի դատախազությունում աշխատելուց հետո` 1982-ին, Հովսեփյանն «ընտրվել» է Օրջոնիկիձեի շրջանի ժողդատավոր: Ութ տարի շարունակ լինելով դատավոր` 1990-ին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, դարձել իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
Մեր երկրի պատմության ամենառոմանտիկ եւ ամենաժողովրդավարական խորհրդարանում Համլետ Հովսեփյանը չդարձավ առաջին դեմքերից մեկը, երբեք հանդես չեկավ ինքնուրույն նախաձեռնություններով, օրինաստեղծ ակտիվ գործունեությամբ, սակայն երբեք առիթը բաց չթողեց` դուր գալու համար իշխանություններին: 1995-ին, երբ լրացավ պատգամավորական ժամկետը, Համլետ Հովսեփյանը հայտնվեց անորոշության մեջ. որոշ ժամանակ չաշխատեց, սակայն 1996-ին նշանակվեց ՀՀ դատախազության նախաքննության եւ հետաքննության վարչության ավագ դատախազ: 1999-ին, ազատվելով այս պաշտոնից, Հ. Հովսեփյանը որոշ ժամանակ անց դարձավ Ազատամարտի վետերանների միության նախագահ: Հիշում ենք, թե ինչ սկանդալային իրավիճակ ստեղծվեց այս միությունում, ինչպես էին պայքարում Հովսեփյանի դեմ, ինչպես էին հայտարարում, որ նա ապօրինի նախագահ է… Ազատամարտի վետերանների միությանն առնչվող պատմությունները բավական էին, որպեսզի մարդիկ իմանային, որ այստեղ ինչ-որ բան «այն չէր»:  
Սակայն դեռ աղմուկը չլռած` 2003-ին Հովսեփյանը նշանակվեց Շիրակի մարզի դատախազ` շարունակելով մնալ հասարակական կազմակերպության նախագահ: Նշանակում է` նա բոլոր իշխանությունների հետ էր, բոլորի համար ընդունելի: Շիրակի մարզում եւս բողոքում էին Համլետ Հովսեփյանից, անգամ խոսակցություններ կային այն մասին, որ նա մի շարք հարցերում արհեստավարժ չէ, չունի բավարար իրավաբանական գիտելիքներ: Բայց, իհարկե, այդ ամենը նրան նշանակողներին չէր հետաքրքրում, քանի որ մարդը ծառայում էր իշխանություններին եւ «սրբորեն» կատարում բոլոր հանձնարարությունները: Երկու տարի Շիրակի մարզում պաշտոնավարելուց հետո Հովսեփյանը 2005-ին նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ, ապա տարին չբոլորած` հրաժեշտ տվեց այս պաշտոնին:
2007թ. նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական: Եւ արդեն հինգ տարի պաշտոնավարում է: Հավանաբար սպասում է կենսաթոշակային տարիքին: Համլետ Հովսեփյանի կենսագրությունը վկայում է, որ դատախազական համակարգում նա հաջողություններ չի ունեցել, չնայած զբաղեցրել է երկու կարեւոր պաշտոն: Ուրեմն մասնագիտորեն ձախողակ մարդուն են բերել ու նշանակել վարչապետի խորհրդական` մեկ անգամ եւս հաստատելով այն միտքը, որ սա իսկապես թոշակառուի պաշտոն է: Բայց այս «թոշակառուն» հասցրեց սերտ կապեր հաստատել Տիգրան Սարգսյանի հետ ու անգամ ընդգրկվել Հանրապետականի համամասնական ցուցակում: Նժդեհյան կուսակցության ցուցակով խորհրդարան մտնելու ցանկություն ունեցող Համլետ Հովսեփյանը չափազանց ոգեւորվել էր հայ-թուրքական արձանագրություններով, կանխատեսել սահմանների բացում: Իսկ սահմանների բացումը, ըստ Համլետ Հովսեփյանի` «Հատկապես տրանսպորտային ծախսերի իմաստով շատ շահեկան կլինի` ծով կմտնենք քյասար ճանապարհով, քան թե շրջանցելով ու վրացիներին բավականին լուրջ փողեր տալով»: «Քյասար» ճանապարհով բիզնես կարգավորող մարդն էլ վարչապետի իրավական հարցերով խորհրդականն է: Ավելին, այս մարդը նաեւ Ազատամարտի վետերանների միության  պատվավոր նախագաhն է: Զարմանալի չէ, որ հենց նմաններն են խորհուրդներ տալիս վարչապետին…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս