Գալուստ Գրիգորիչն այնտեղ է, որտեղ անհրաժեշտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն այցելել են հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանագծի մի շարք դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ : «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ պարզելու, թե ինչու ՀՀ ԱԺ պատգամավորներն իր գլխավորությամբ, շփման գիծ չեն գնում:

-Պարո՛ն Սահակյան, Դուք որեւէ կերպ չեք արձագանքում այս օրերին սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: Միայն նախօրեին ԱԺ խմբակցությունները հանդես եկան հայտարարությամբ: Ինչո՞ւ եք լռում:

-Մեր արձագանքն արդեն քաղաքական ուժերը, խմբակցության ղեկավարները ներկայացրել են հանրությանը:

-Իսկ կոնկրետ Ձեր տեսակետն ինչո՞ւ մինչեւ այսօր չի հնչել:

-Բնականաբար ՀՀԿ-ի տեսակետը ամբողջականացված է, առավել եւս ես մասնակից եմ` տեքստի կազմման առումով:

-ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Ղարաբաղի հյուսիս-արեւելյան սահմանագծի մի շարք դիրքեր, ԼՂ ԱԺ անդամները շարունակելու են իրենց այցելությեւնները: Ինչո՞ւ Դուք լինելով ՀՀ ԱԺ նախագահ, նման նախաձեռնությամբ հանդես չեք գալիս:

-Խնդիրներ կան, որոնք համազգային իրողությունների պրոցես է ու չի կարելի նման խնդիրներ առաջադրել, յուրաքանչյուրս մեր գործը ճշտորեն անում ենք: Այստեղ հերթի խնդիր չի, խնդիրը հետեւյալն է. ոչ թե պետք է կարողանանք սեթեւեթել, թե ինչպես ենք դիմագրավում ամեն ինչ, այլ պետք է մտածենք, համենայնդեպս, թե ինչպես ենք կարողանում երեւույթի նկատմամբ վերաբերմունք ցույց տալ: Դա ոչ թե հատվածային է կամ կառուցողական, կամ ով ինչպես ցանկանում այդպես է անում, այլ մենք ճիշտ դիրքորոշումով առաջ ենք գնում:

-Իսկ ո՞րն է այդ դիրքրորոշումը, որեւէ կերպ չխառնվե՞լ կատարվող իրադարձություններին ու հեռվից հետեւել, թե երկրում ինչ է կատարվում:

-Ոչ, ճիշտ դիրքորոշումն է` խառնվել իրադարձություններին, այլ ոչ թե ցուցադրել դրանք լրագրողական տեխնիկայի միջոցով: Այնպես որ, մենք շատ մտահոգ ենք ամեն ինչում, կատարվող իրադարձությունները մեզ անհանգստացնում են, բայց կարողանում ենք իրականացնել այն խնդիրները, որոնք այժմեական են ու կօգնեն խնդրի լուծմանը:

-Բայց ՀՀ ԱԺ-ն շփման գծում օրեր շարունակ տեղի ունեցող իրադարձություններին, կարելի է ասել, արձագանքեց ամենավերջինը: Ինչո՞ւ էր ԱԺ-ն  «լռում»:

-Մենք պետություն ենք, ոչ թե ԱԺ, կառավարություն կամ քաղաքական ուժեր: Ու մենք կարողանում ենք մեր դիմագրավումն ապահովել լուրջ քաղաքական դրսեւորումներով, այն, ինչն արվում է` հենց այդպես էլ անհրաժեշտ է:

-Հասարակությունը «շունչը պահած» սպասում է այսօրՍոչիում կայանալիք Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանպիպմանը: Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է ակնկալել այդ հանդիպումից:

-Նախ՝ այդ հանդիպումը կանխորոշված չէ, մենք որեւէ մի տեղից ակնկալիքներ չունենք, կարծում եմ՝ մենք մեր դիրքորոշումը բազմից արտահայտել ենք, մեր խնդրի լուծումը տեսնում ենք մեր միջոցներով եւ, իհարկե, եթե միջազգային հանրությունը կարձագանքի, ապա բարի: Մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, լրջորեն էլ լուծումները տեսնում ենք, ինչպես որ անհրաժեշտ է: Մենք յուրաքանչյուրս մեր տեղում ենք, մենք կարողանում ենք յուրաքանչյուր պրոցեսի վրա մեր տեսակետն արտահայտել: Մենք անում ենք այն, ինչը հարազատ է մեր ժողովրդին եւ մեր պետությանը: Գալուստ Սահակյանը ցանկացած օր կարող է գնալ դիրքեր, մեր ընկերներն ամեն օր կարող են գնալ դիրքեր, դա ոչ թե սովորական արժեքավորում է, այլ պետությունն իր քաղաքականությունը ճիշտ ճանապարհով տանում է:

-Այսինքն, ըստ Ձեզ՝ չպետք է շփման գիծ գնալ ուղղակի «նկարվելու» ու ցույց տալու, որ ինչ-որ բա՞ն են անում:

-Պետք են դիվանագիտական հմտություններ, խորություններ ու յուրաքանչյուրն իր գործը ճշտորեն կատարելու մեխանիզմների մեջ լինի այդ ամենը: Ու մենք ապացուցել ենք, որ խնդիրների լուծման արդյունքները ոչ միայն բավարար են, այլեւ նորմալ են ու կարծում եմ՝նույն ձեւով էլ կշարունակվեն: Ես հիմա այնպիսի վայրում եմ, որ կարող եմ հրավիրել լրագրողի, որեւէ հեռուստատեսության, որ նկարահանեն, ցույց տան, որ դուք էլ ասեք՝ տեսեք, Գ. Սահակյանն էլ ինչ-որ մի բան արեց: Մի բան անելը դա այլ խնդիր է, որոշակիորեն հրապարակումներով հանդես գալը՝ մեկ այլ խնդիր: Դրա համար ես խնդրում եմ ճիշտ դրսեւորումներով մոտեցեք, այսօր խնդիրն ավելի է լրջացել, ոչ թե նրա համար, որ ինչ-որ վտանգ ենք տեսնում, այլ պետք է այնպես անել, որ վտանգներում միշտ էլ արդյունավետ հանդես գանք: Եթե հասարակությունը մտածում է, որ Գալուստ Սահակյանին պետք է դիրքերում տեսնի, կարծում եմ՝ կարող եմ այդ նկարահանումներն ուղարկել, բայց մի մտածեք, որ դիրքերում տեսնելը կամ որեւէ խոհեր արթնացնելը…:

Պետությունը վարում է իր քաղաքականությունը ճշտորեն, այնպես որ մտահոգություններ մի ունեցեք, մեր միակ մտահոգությունն այն է, որպեսզի այնպիսի միջավայր ստեղծվի, որ ամեն օր մեկ զինվորի մահով մենք չվշտանանք: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է անում պետությունը, ապա ես կարծում եմ, որ դա լրագրողական տեխնիկայի հետեւանք չի լինելու, եթե կարծում եք, որ դրանով ժողովուրդը կբավարարվի, ապա այնպես կանենք, որ շատ նկարահանումներ կլինեն ու ժողովուրդը կտեսնի Գալուստ Սահակյանին դիրքերում կամ մարտավարական պրոցեսներում: Ես չեմ կարծում, որ դա ինձ հարիր մոտեցումներ են, ես այսօր էլ գտնվում եմ այնտեղ, որտեղ պետության համար անհրաժեշտ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս