Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստան ներկրված մանուշակագույն ավտոբուսները ՀՀ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը համարում է անորակ եւ անպիտան: Իսկ Երեւանի քաղաքապետարանը մխիթարվում է այն մտքով, որ ավելի լավ է ունենալ չինական ավտոբուսներ, քան լսել կռացած ուղեւորների դժգոհությունները:
Երեւանի Հանրապետության հրապարակում մեծ շուքով «բացված» չինական ավտոբուսների առկայությունը երկրում հասարակական կազմակերպություններն ամոթալի են համարում: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ միանշանակ դեմ է Հայաստան այդ ավտոբուսների ներկրմանը: «Չինական ապրանք ոչ մի երկիր չի ներկրում, դա անորակի հոմանիշն է»,-նկատեց Արմեն Պողոսյանը` առաջարկելով ավտոբուսներն ուղարկել Սոմալի կամ մեկ այլ հետամնաց երկիր, բայց ոչ երբեք Հայաստան: «Մեր երկրում պետք է զարգանա էլեկտրատրանսպորտը` մետրոն, տրամվայը, տրոլեյբուսը»,-կարեւորեց նա:
Իսկ Սպառողների ազգային միության նախագահ Մելիդա Հակոբյանը համակարծիք չէ Արմեն Պողոսյանի հետ. «Մինչեւ իմ ձեռքի տակ չունենամ այն փաստը, որ իրոք անորակ ապրանք է, ես ինձ թույլ չեմ տա խոսել»: Սակայն Արմեն Պողոսյանի` էլեկտրատրանսպորտի զարգացման հեռանկարի տեսլականի հետ տիկին Հակոբյանը համաձայն է. «Ես շատ կուզենայի, որ զարգանար, բայց դե ամեն ինչ չէ, որ մեր ցանկությամբ է լինելու»:
Իսկ ինչպե՞ս է արձագանքում այս հարցին Երեւանի քաղաքապետարանը: Մենք այդ հարցով զրուցեցինք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ: «Ես լրիվ հակառակ կարծիքի եմ, չի կարելի այդպես բնութագրել: Ավտոբուսի անորակ լինելու մասին հենց խոսելով պետք չէ դատողություն անել: Պրակտիկան ցույց կտա շահագործման ընթացքում»,-պատասխանեց նա` հավելելով, որ այսօր աշխարհի շատ պետություններում գործում են չինական ավտոբուսներ եւ արդարացնում իրենց:
Պաշտոնյան հիշեցրեց, որ ՉԺՀ-ն դրամաշնորհի դիմաց է տվել այդ ավտոբուսները. «Իսկ էլեկտրատրանսպորտ ոչ ոք դեռ մեզ չի տվել, որ մենք ընդունենք: Հենց տան` կընդունենք, համոզվա՛ծ եղեք»: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը հուսադրեց, որ էլեկտրատրանսպորտի զարգացման հեռանկար մայրաքաղաքում կա, միայն թե ֆինանսավորում չկա: «Ֆինանսավորման դեպքում անպայման ունենալու ենք նոր տրոլեյբուսների ներկրում, թեեւ այսօրվա վիճակով ունենք տրոլեյբուսներ, որոնք սպասարկում են: Իհարկե, ցանցը դեռ զարգացման կարիք ունի»,-կարեւորեց մեր զրուցակիցը:
Պարոն Նավասարդյանն ասաց նաեւ, որ մեկ տրոլեյբուսի արժողության դիմաց այսօր կարող են գնել 3-4 ավտոբուս: «Ի՞նչ եք կարծում, հիմա մի հատ տրոլեյբո՞ւս վերցնենք, թե՞ 4 հատ ավտոբուս: Մեզ պետք է, որ մեր ժողովուրդն առայժմ կռացած ման չգա»,-հայտարարեց նա` ասելով, որ մի քանի անգամ օգտվել է այդ ավտոբուսներից եւ գոհ է մնացել:
Հ.Գ. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն այսօր չինական ավտոբուսների առիթով մամլո ասուլիս է անելու:
ՉԻՆԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՒՄ ՉԵՆ ԿՌԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ