Ընտրությունների նախաշեմին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում մեր հանրապետությունում: Պաշտոնական վիճակագրությունն անգամ պարբերաբար փաստում է, որ արտագաղթի տեմպերը չեն դանդաղում, որ բնակիչների թիվը գնալով պակասում է, սակայն ընտրական ցուցակներում հակառակ գործընթացն է տեղի ունեում: Այստեղ ընտրողների թիվն ընտրությունից ընտրություն ոչ թե պակասում է, այլ հակառակը` ավելանում: Բավական է ոստիկանության պաշտոնական կայքէջ մուտքագրված տվյալները նայել, համեմատել նախորդ տարիների տվյալների հետ եւ պարզ կդառնա, որ, օրինակ, Շիրակի մարզի թվով չորս` 33, 34, 35, 36 ընտրատարածքներում ընտրողների թիվն ավելացել է: 2007 թվականի մայիսի 12-ի Ազային Ժողովի ընտրություններին Շիրակի մարզի` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը եղել է 214.722: Ներկայիս ցուցակներում ընդգրկված է 228.325 քաղաքացու անուն: Ընտրողների թիվն աճել է 13.600-ով: Գյումրիում եւս ընտրողների թվի աճ է գրանցվել: Այժմ ցուցակներում ընդգրկված է 125.536 քաղաքացու անուն, իսկ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է 119.000: Ժողովրդագետ Արտաշես Բոյաջյանը սա կապում է նախ եւ առաջ երկքաղաքացիության մասին օրենքի հետ: Նրա կարծիքով` հնարավոր է հարեւան հանրապետությունից` Վրաստանից, եկած, երկքաղաքացիություն ձեռք բերած ջավախահայերն են որոշակիորեն ազդել վերոհիշյալ թվերի վրա: Սակայն այդքան աճ միայն վիրահայերով հնարավոր չէր արձանագրել: Միեւնույն ժամանակ ժողովրդագետը, հիմնվելով մարդահամարի նախնական տվյալների վրա, բացառում է, որ մարզի փաստացի ընտրողների թիվը լինի 228.325: Նրա գնահատմամբ` մեր մարզում ամենաշատը կա 180.000 ընտրող: «Մեր մարզն ունի 280.000 բնակիչ: Դրանից 100.000-ը ընտրողներ չեն, այսինքն` մինչեւ 18 տարեկան են: Եթե հանենք այդ 100.000-ը, կմնան 180.000-ը»,-շեշտում է Արտաշես Բոյաջյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզի հատկապես ծայրամասային գյուղական բնակավայրերից արդեն իսկ մեկնարկել է գարնանն արտագնա աշխատանքի մեկնողների շարժը, հասկանալի է դառնում, որ ընտրությունների մասնակիցների թիվը մինչեւ մայիս դարձյալ էականորեն կնվազի: «Հետազոտությունները ցույց են տվել, որ ԱԺ ընտրություններին սովորաբար մասնակցում է ընտրողների կեսից մի քիչ ավելին: Մեր մարզում ընտրությունների մասնակիցների թիվը 50-ից-60.000-ի մեջ է տատանվելու, Գյումրիում` 30.000-ի: Եթե ստացվի այնպես, որ մարզում ընտրություններին մասնակցողների թիվը կազմի 130-140.000, միանշանակ կարելի է ասել, որ ընտրությունները կեղծված են»,-իր կարծիքն է հայտնում ժողովրդագետը:
Գյումրի