Ինչ է իրականում տեղի ունեցել «Շեկոյի» սպանության օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

25-ամյա Վահե Ղուկասյանը` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին, ապրիլի 27-ից սկսած` ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավոր է:

Սույն թվականի հուլիսի 22-ին սպանության, ապօրինի զենք կրելու և հրազենային վիրավորում հասցնելու մեղադրանքով Վահեն Գյումրիի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:

Armlur.am-ի հետ զրույցում Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը դեպքի օրը ինքնապաշտպանություն է դրսևորել: Պաշտպանի փոխանցմամբ` իրենք անպայման բողոքարկելու են առաջին ատյանի դատարանի վճիռը:

Նախաքննական մարմինն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Վահե Ղուկասյանն իր մոտ ապօրինի պահվող հրազենով փորձել է սպանել Հարություն Խաչատրյանին (քավոր Հարութ), սակայն չի կարողացել: Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդին, այդուհանդերձ, սպանություն է գործում` կյանքից զրկելով Արտյոմ Կարապետյանին (Շեկո):

Վահե Ղուկասյանը, ըստ նախաքննական մարմնի, դեպքի օրը հետևել է քավոր Հարութին, և տեսնելով, որ մեքենայից նա դուրս է գալիս դստեր հետ՝ կրակել է նրանց ուղղությամբ և Հարություն Խաչատրյանի կյանքին վտանգ սպառնացող հրազենային հարված հասցրել:

Սակայն Վահե Ղուկասյանը չի դադարեցրել կրակահերթը. այդ պահին մեքենայից դուրս է եկել Շեկոն և փորձելով պաշտպանել ընկերոջ ու նրա դստեր կյանքը՝ իր մոտ ապօրինի պահվող հրազենով փոխադարձ կրակոցներ է հնչեցրել Վահեի ուղղությամբ: Վերջինս էլ հրազենային վիրավորում ստանալուց հետո նստել է իր մեքենան և հեռացել դեպքի վայրից, իսկ Հարություն Խաչատրյանն ու Արտյոմ Կարապետյանը տեղափոխվել են հիվանդանոց:

Այստեղ էլ Կարապետյանը ստացած վնասվածքներից, գիտակցության չգալով, մահացել է, Հ. Խաչատրյանի կյանքը բժշկական միջամտության արդյունքում հաջողվել է փրկել:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը` Վահե Ղուկասյանը, գործի մինչդատական վարույթում իրեն մեղավոր չի ճանաչել: Դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն միայն ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասով է մեղավոր ճանաչել (ապօրինի զենք կրելը):

Իր ցուցմունքում Վահե Ղուկասյանն ասել է, թե զենքը ձեռք է բերել հորեղբոր` Արթուրի տնից, այն բանից հետո, երբ վերջինս մահացել է:

Վահեն դատարանում ասել է, թե կրակոցների պատճառը եղել է մեքենաներով իրար ձայնային ազդանշան տալը: Նրա պատմելով՝ ինքն ընթանալիս է եղել, և երբ դիմացից ընթացող մեքենան իրեն կանգնեցրել է, նկատել է, որ մեքնայում նստած է «Շեկոն», ում միայն անունով գիտեր ու նախկինում նրա հետ ոչ մի առնչություն չի ունեցել:

Վահե Ղուկասյանի պատմածի համաձայն` «Շեկոյի» ձեռքին ատրճանակ է տեսել, ու նա, դիմելով իրեն, բղավել է` արի՛, արի՛:

Ինքը, մեքենայի դուռը բացելով, ձախ ոտքը դուրս է դրել գետնին և ցանկացել է իջնել, բայց քանի որ հորեղբոր ինքնաձիգն իր կողքի նստատեղին է դրված եղել, կռացել է մեքենայի մեջ, որ վերցնի այն, և այդ պահին 2 կրակոցի ձայն է լսել: Ինքնաձիգը վերցնելով` շրջվել է ու զգացել, որ վիրավորվել է` կրակոցից վնասվածք է ստացել:

Պաշտպանվելու համար թեքվելով դեպի «Շեկոյի» կողմը, ինքնաձիգի փողը ուղղելով նրա ուղղությամբ` սկսել է կրակել: Արձակել է կրակոցներ 4-5 անգամ` մեկ-մեկ հատով: Այդ պահին փողոցով մեքենաներ և մարդիկ են անցնելիս եղել, որոնք խուճապի են մատնվել կրակոցներից:

«Շեկոն» ևս, ըստ Վահեի, մեկ կրակոց է արձակել իր ուղղությամբ: Դրանից անմիջապես հետո այլևս չի տեսել, թե «Շեկոն» ինչ գործողություններ է կատարել, շրջվել, նստել է իր ավտոմեքենան և գնացել դեպի Գյումրու Բուլվարային թաղամաս: Դեպքից հետո հեռուստատեսությամբ լսել է, որ «Շեկոն» ստացած վնասվածքներից մահացել է: Իսկ կրակոցների ընթացքում չի տեսել մեքենայից «Շեկոյից» բացի իջնող այլ անձի, և բացի նրանից՝ այլ անձի ուղղությամբ չի կրակել: Վահեն դատարանին ասել է նաև, որ «Քավոր Հարութ» մականունով Հարություն Խաչատրյանին չի ճանաչել:

Նա հայտնել է, որ ինքը չի ուզեցել մարդ սպանել. եթե ուզենար, ինքնաձիգի լրիվ փամփուշտները կկրակեր: Վահեն վստահեցրել է, թե ինքը մինչ դեպքը տուժողին չի հետապնդել:

Հետագայում դատարանը նկատել է, որ Վահե Ղուկասյանի ցուցմունքներում կան էական հակասություններ` դա բացատրելով այն հանգամանքով, որ տուժողի իրավահաջորդ, հանգուցյալ Արտյոմ Կարապետյանի մայրը` Գեղեցիկ Կարապետյանը, ասել էր, թե իր հանգուցյալ որդու՝ Արտյոմի հետ տեղի ունեցած դեպքից, օգտագործված զենքից որևէ տեղեկություն չունի, իսկ որդին եղել է աջլիկ: Ի դեպ, «Շեկոյի» մայրը դատարանին հայտնել է, որ որևէ մեկից նյութական պահանջ չունի:

Քավոր Հարութն էլ իր ցուցմունքում ասել է, թե դեպքի օրը, երբ դստեր հետ իջել է մեքենայից, իր վրա կրակել են, և ինքը հորդորել է դստերը փախչել այդտեղից:

Ավտոմեքենայի հետևի մասով վազելիս, երբ հասել է ավտոմեքենայի ձախ կողմից դիմացի հատվածը, տեսել է դեպի իրեն վազող Արտյոմին, ով իրեն ասել է. «Քավոր խփված եմ»:  Ինքը պատասխանել է՝ մտի՛ր շենքի շքամուտք, և այդ ընթացքում փնտրել է աղջկան:

Իմանալով, որ աղջիկը մտել է խանութ, Քավոր Հարութ ըտեսել է «Շեկոյին»՝ ընկած շքամուտքի հատակի ձախ կողմում, որն էլ ասել է. «Լավ չեմ, շտապօգնություն կանչի»:

Տուժողը հայտնել է նաև, որ ինքը Վահե Ղուկասյանին չի ճանաչել, նրա և նրա հարազատների, բարեկամների հետ թշնամություն, որևէ կոնֆլիկտ ինքն ու հանգուցյալ «Շեկոն» չեն ունեցել:

Վահե Ղուկասյանի նկատմամբ պատժատեսակ և պատժաչափ նշանակելիս դատարանը հաշվի է առել նրա կողմից կատարած հանցագործությունների՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, նրա անձը: Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, երիտասարդ է, մասնակի՝ մեղադրանքի մի մասով ընդունում է մեղքը:

Վահե Ղուկասյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ, ըստ դատարանի, չկան:

Կիրառվող պատիժը պետք է լինի արդարացի, համապատասխանի հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին և բավարար լինի ամբաստանյալին ուղղելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ տուժող Հարություն Խաչատրյանը, տուժողի իրավահաջորդ Գեղեցիկ Կարապետյանը վնասի հատուցման պահանջով քաղհայց չեն ներկայացրել դատարանին, դատարանը, ելնելով տուժողի` ՀՀ քաղ. դատ. օր-ով սահմանված իրավունքից, որ քաղհայց չներկայացնելու դեպքում տուժողն իրավունք ունի այն հարուցել քաղաքացիական դատավարության կարգով, գտել է, որ նրանց պետք է իրավունք վերապահել հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջով քաղդատ. օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան:

Դատարանը Վահե Ղուկասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասով.

ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով դատապարտել ազատազրկման՝ 12 տարի ժամկետով, 104 հոդվածի 1-ին մասով՝ 11 տարի ժամկետով, իսկ 235 հոդվածի 1-ին մասով՝ 2 տարի ժամկետով:

ՀՀ քր. օր-ի 66 հոդվածի համակցությամբ պատիժները մասնակի գումարելու սկզբունքով Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնականապես պատիժ է նշանակվել 17 տարի ժամկետով:

Տաթև Հարությունյան




Լրահոս