Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ կոչով դիմել է ՀՀ ոստիկանությանը. «Իրապես ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը նպաստելու համար իրականացնել «Ընտրակաշառք» օպերացիա, որի նպատակն է կանխարգելել ընտրակաշառքի բաժանումը եւ ստացումը, իսկ ընտրակաշառք տալու դեպքերում բացահայտել այդպիսի դեպքերը եւ մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծել: Օպերացիայի արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ է պարբերաբար տեղեկացնել հասարակությանը, ինչպես նաեւ ամփոփել քվեարկությունից հետո 3 օրերի ընթացքում»:
Օպերատիվ կերպով արձագանքելով Արթուր Սաքունցի կոչին` ՀՀ ոստիկանությունը երեկ իր հերթին հանդես է եկել կոչով. «ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անձնակազմին ցուցում է տվել ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում եւ հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետեւողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ եւ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ: Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելու դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն: Ձեր ազնիվ եւ անաչառ քաղաքացիական կեցվածքի ու գործելակերպի պարագայում իրապես կկանխարգելվեն ու կբացահայտվեն ազատ եւ արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները, եւ ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ կիրականացնի մեր երկրում ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների կայացման իր գործառույթը»:
ԿՈՉԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ