ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի ավագանու նիստերը բոյկոտող թվով 6 անդամներ մարտի 26-ին նամակ են ուղարկել քաղաքապետ Վարդան Ղալումյանին, որով վերջինիս  հիշեցրել են, որ իրենց կողմից փետրվարի 24-ին հրապարակված հայտարարությունից անցել է մոտ մեկ ամիս, եւ որ քաղաքապետի կողմից «շարունակվում է կազմալուծող աշխատանքը` խաթարելով քաղաքի բնական ռիթմը»: Ավագանու վերոհիշյալ  անդամները քաղաքի այս տարվա բյուջեն համարել են ոչ իրատեսական: Նրանց պնդմամբ` բյուջեն չի հաստատվել դրա վերաբերյալ առաջարկությունները հաշվի չառնելու պատճառով: Ավագանու 6 անդամները քաղաքապետին կոչ են արել առաջնորդվել ՏԻՄ օրենքի 53-րդ հոդվածի պահանջներով, ըստ որի` «համայնքի նորընտիր ղեկավարը քառամյա ծրագիրն ավագանու հաստատմանն է ներկայացնում կա՛մ ավագանու լիազորությունները ստանձնելու օրվանից քառամսյա ժամկետում կա՛մ իր լիազորությունները ստանձնելու օրվանից երկամսյա ժամկետում»:
Նիստերին չներկայացող ավագանու անդամները քաղաքապետին հիշեցրել են ՏԻՄ օրենքի 54-րդ հոդվածը, ըստ որի` համայնքի բյուջեն «նպատակաուղղվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի եւ համայնքին օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը», նաեւ հավելել` համայնքի բյուջեն պետք է ներկայացվի համայնքի քառամյա զարգացման ծրագիրն ընդունելուց հետո: Նամակագիրները վկայակոչել են նաեւ ՏԻՄ օրենքի 55-րդ հոդվածը. «Համայնքային բյուջեն չընդունվելու դեպքում նոր բյուջեի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով ավագանու նիստ»: Նշենք, որ նամակագիրները մինչ այժմ բյուջեի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկություն չեն ներկայացրել քաղաքապետարան, սակայն հայտարարում են, որ իրենց առաջարկները չեն ընդունվել: Ավագանու 6 անդամները, հիշատակելով ՏԻՄ օրենքը, չեն նշում նիստերին ներկայանալու իրենց պարտականության մասին: Ավագանու հիշյալ  անդամները չեն պատճառաբանել, թե  մինչեւ 2011թ. դեկտեմբերի 26-ը` նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանի կողմից լիազորությունների փաստացի ստանձնումը, ինչու իրենք չեն հաստատել համայնքի քառամյա ծրագիրն ու 2012թ. բյուջեն:
Արժե նշել, որ քաղաքապետին ուղղված պաշտոնական նամակում ուղղագրական սխալ էլ կա` «խախտվել» բառը «ղ»-ով է գրված, նույն տեղում ենթական թվով համաձայնեցված չէ ստորոգյալի հետ եւ այլն: Նամակը գրված է  6 հոգու անունից, սակայն դրա տակ առկա է 5 ստորագրություն,  ավագանու անդամ Կարեն Ներսիսյանի ազգանվան դիմաց գրված է` «համաձայնեցված է»: Ո՞վ է համաձայնեցրել, ինչպե՞ս է համաձայնեցրել` պարզ չէ: Ավագանու 14 անդամներից վերոհիշյալ  6-ը հավանաբար անհանգստացած են այն բանից, որ մայիսի 31-ից հետո, երբ լրանա ավագանու ընտրությունների մեկ տարին, քաղաքապետ Վարդան Ղալումյանը կարող է դիմել դատարան` նիստերին անհարգելի բացակայող ավագանու անդամների լիազորությունների դադարեցման հայցով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս