«Տոնուս» շինարարական ընկերությունից խաբված բնակիչներն այս պահին հավաքվել են Դավիթաշենի 2-րդ թաղամասում ՍՊԸ-ի կառուցած շենքի դիմաց:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց բնակարանատերերից Արսենը, իրենք պատրաստվում են մտնել ներս և դուրս չգալ այնտեղից, մինչև իրենց ուզած պատասխանը չստանան:
«Եկել ենք, որ մնանք: Ու այնքան ենք մնալու, մինչև դուրս չգան ու չասեն` ինչ մեզ պետք ա»,- ասաց բնակարանատերը` հավելելով, որ աշխատակիցներից ոչ մեկին դեռևս չեն դիմել, և սպասում են, որ նրանք անձամբ իջնեն:
Հիշեցնենք, որ Դավիթաշենում և Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: Հունիսի 22-ին հանկարծամահ եղած Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետև դրանք գրավադրել է «Արցախբանկում»:
Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:
Բնակարանատերերը չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախությունների մասին։ Նոյեմբերի 14-ին խաբված բնակարանատերերը ներխուժել էին Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ, հանդիպել կառավարչի հետ, սակայն ոչինչ չի փոխվել։
Մանրամասները` քիչ ուշ: