5-րդ տարին է` «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը ք. Ստեփանավան. Միքայելյան 111/1 հասցեում նախաձեռնում է ներառական ճամբարներ` 10-16 տարեկան հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար: «Ամառային ներառական ճամբար 2014 »-ը կգործի 4 հերթափոխով` յուրաքանչյուրը` 7 օր տևողությամբ (օգոստոսի 1- 30-ը): Ճամբարականները ՀՀ տարբեր քաղաքներից են` շուրջ 200 երեխաներ, որոնցից 100-ից ավելին` հաշմանդամություն ունեցող, մնացյալը` սոցիալապես անապահով ընտանիքներից:
Ինչպես միշտ, այս տարի ևս, երեխաները կընդունեն բազմաթիվ հյուրերի և ականատեսը կլինեն հիշարժան միջոցառումների։ 2014 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 13 :00 -ին նրանց կհյուընկալվեն ՎՏԲ–Հայաստան Բանկի ներկայացուցիչները՝ տնօրինության նախագահ Յուրի Գուսեվի գլխավորությամբ։ Նրանք երեխաներին կպարգևեն տոնական հանդես՝ ծաղրածուների, աճպարարի, մուլտհերոսների մասնակցությամբ, կնվիրեն գրքեր, զարգացնող խաղեր և խաղալիքներ: Միջոցառմանը ներկա կգտնվեն նաև մարզային ու տեղական իշխանությունների, աջակից կառույցների, ինչպես նաև «Լիարժեք կյանք» ԲՀԿ գործընկերներ կազմակերպությունների ներկայացուցիչներ և ԶԼՄ–ներ։ Այս միջոցառումը կնշանավորի նաև Ներառական ճամբարի հոբելյանական 5–րդ շրջանի բացումը։ Հոբելյանական շրջանի ընթացքում երեխաներին հյուր կգան նաև բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ–ում Լիտվայի և ԱՄՆ դեսպանատներից, ինչպես նաև աջակցող մյուս կառույցներից։
2014-ը առանձնանում է նրանով, որ հերթափոխերից մեկը լինելու է ներառական քաղաքացիական ճամբար` 16-18 տարեկան պատանիների համար, որի ֆինանսական աջակիցներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը /ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագիր/ և Ջինիշյան հիշատակի հիմնադրամը:
«Ամառային ներառական ճամբար – 2014» – ի ֆինանսական աջակիցներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը /ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագիր/, ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, «Վալլեքս» խումբը և Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչը։ Աջակցությունը ներառում է սննդի, մասնագետների վճարման, խաղերի, կրթական պարագաների ձեռքբերման և այլ ծախսեր։
Այլ տեղեկություններ
2012-ին ՎՏԲ-Հայաստան բանկը ճամբարի տարածքը` (նախկինում «Էլեն» պանսիոնատը) շուրջ 450 քմ մակերեսով, հանգստյան տնակներով նվիրաբերել է «Լիարժեք կյանք» ՀԿ-ին։ Անցյալ տարի բանկն իրականացրել է ճամբարի վերանորոգումը, ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, կահավորել տնակները և հարմարեցրել տարածքը։ Այս տարի «ՎՏԲ – Հայաստան բանկ»–ի ֆինանսական աջակցությամբ ավարտին են հասցվել ճամբարի խոհանոց-խաղասենյակի (բոչիա մարզաձևի կորտ), ներքին հարդարման աշխատանքները։ Լիովին սալիկապատվել է ճամբարի խոհանոցը՝ բացօթյա պատշգամբով, սանհանգույցը, ջերմամեկուսացվել են խոհանոց-խաղասենյակի առաստաղը և պատերը` հնարավորություն տալով տարածքը ծառայեցնելու նաև ձմեռային ճամբարների և այլ կրթական ծրագրերի կազմակերպման նպատակով։
Ճամբարում երեխաներն ակտիվ հանգիստը համատեղում են կիրառական հմտությունների ձեռքբերման հետ. տարաբնույթ խաղեր խաղալուց և ֆիլմեր դիտելուց բացի, նրանք սովորում են արտակարգ իրավիճակներում վարքագծի և առաջին օգնության տրամադրման հմտություններ, խաղում բոչիա /boccia/, մասնակցում առողջ ապրելակերպի, արվեստի թերապիայի /նկարչություն, երաժշտություն, փայտի գեղարվեստական փորագրում, կավագործություն/ դասերի, հոգեբանական զրույցների, ինչպես նաև «Իրավունքի այբուբեն» ուսուցողական դասընթացների, որոնց ընթացքում տեղեկանում են իրենց իրավունքների մասին։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Լիարժեք կյանք» ՀԿ հանրային հարաբերությունների պատասխանատու Լուսինե Սարգսյանին 093263641 հեռախոսահամարով, կամ [email protected] էլ. փոստի հասցեով: