Լեռնային Ղարաբաղի հարցը շատ է ձգձգվել. Ալիևը՝ Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները մեծ թափով զարգանում են, երկու երկրների միջև վստահությունն ամրապնդվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է mk.ru-ն:

«Մեր հարաբերությունները զարգանում են, ընդ որում՝ մեծ թափով: Մենք պարբերաբար կապ ենք պահպանում մեր մակարդակով, կառավարությունների մակարդակով, զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը, իսկ որոշ այլ ուղղություններում ակտիվորեն համագործակցում ենք»,- ասել է Պուտինը:

Նա նաև առաջարկել է հանդիպման ընթացքում քննարկել այն խնդիրները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին:

Իր հերթին՝ Ալիևն ընդգծել է, որ երկու երկրների միջև հաստատվել են կայուն, երկարատև, դրական դինամիկայով հարաբերություններ:

«Մենք Ռուսաստանին դիտարկում ենք որպես մեր հիմնական գործընկերներից մեկը միջազգային հարթակում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա նույնպես կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման օգտին՝ նշելով, որ այն շատ է երկարաձգվել և շտապ լուծման պահանջ ունի:

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում պետք է տեղի ունենա նաև Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, իսկ արդեն վաղը նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ նախագահների միջև:




Լրահոս