Չինարիի արտերը կհնձվե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղի հացահատկի արտերից առանց հնձելու է մնացել 25-27 հեկտարը: Դրանք գտնվում են ադրբեջանական զինուժի նշանառության գոտում:

Հիշեցնենք, որ օրերս արտերը հնձելու ժամանակ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Մովսեսից բերված, դաշտում աշխատող հացահատիկահավաք կոմբայնի վրա: Ազերի զինյալները նաեւ կրակել էին արտհնձին հետեւող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենայի վրա: Ս. Սաղոյանը հայտնեց, որ արտերը հասունացած են եւ սպասելով` բերքի կորուստ է լինում:

Դրան գումարած` օգոստոսի լույս 5-ի գիշերը Չինարիում անձրեւ է տեղացել, ինչի արդյունքումգերհասունացած արտերում ցորենի հատիկը թափվել է: Գյուղապետից հետաքրքրվեցինք, արդյոք հնարավոր չէ հասկերը գերանդիով հնձել: Նա ասաց, որ այդ դեպքում բերքի կորուստը մեծ է լինելու:

Չինարեցիները հույս ունեն, որ սահմանագոտում լարվածությունը կթուլանա, եւ աշնանացանի դաշտերը կհնձվեն:  Համայնքապետը նաեւ հայտնեց, որ օգոստոսի 4-ին Չինարի այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է ինչ-որ չափով հոգալ սահմանամերձ Չինարիի ուսանողների ուսման վարձերը:

Սաղոյանը նկատեց, որ վարչապետին տարատեսակ խնդրանքներ չեն ներկայացրել. իրենք խաղաղության կարիք ունեն, եթե խաղաղություն լինի, իրենք կհոգան հանապազօրյա հացի խնդիրը:




Լրահոս