Ոչ ոք չի կարող ինձ գծերից գցել. Մհեր Սեդրակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթն այսօրվա իր համարում գրել էր, որ Էրեբունիում՝ «լավ տղերքի» շրջանում, բունտ է հասունանում տարածքի «նայողներից» ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի դեմ: Անցած ամիս այստեղ մեծ «ռազբորկա» եղավ քրեական աշխարհում հայտնի երրորդմասցի Լյովիկի հետ:

Օրաթերթը, մասնավորապես, գրել էր. «Հակամարտող» կողմերից մեկն էլ էրեբունու բնակիչ, Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանն է՝ Թոխմախի Մհերի փեսան ու տրանսպորտի և կապի նախկին նախարար էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ էդոյի որդին: Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը երկու կողմերի միջև վերածվել էր ծեծկռտուքի, ապա մի կերպ հարթվել՝ մեր տեղեկություններով, նաև Հովիկ Աբրահամյանի միջամտությամբ: Բայց թշնամությունը մնացել է, և Լյովիկին հարող ու Մհերին դեմ շրջանակները պլան են մշակում նրան «գծերից քցելու» համար: Ասում են՝ ոչ մի արդյունք չեն տալիս նաև Մադաթյանի խաղաղություն հաստատելու ջանքերը»:

Մհեր Սեդրակյանը պատասխանել է «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը.
«Ամոթ ա, որ սահմանամերձ գոտուց եկող նորությունների կողքը կարդում ենք պատվիրված, փողոցային մակարդակի ու ոչ մի բան չասող հոդվածներ: Նախ ասեմ, որ երրորդմասցի Լյովիկի ու իմ փեսա Արմանի ծնողների տարիքին եմ ու եթե նրանց մեջ ինչ-որ վեճ էլ լինի, ես կլինեմ միայն հարթողի դերում: Ի տարբերություն որոշ պաշտոնյաների, ովքեր իրենց պետական կարևոր գործերը թողած զբաղված են հոդվածներ պատվիրելով ու մարդկանց մեջ թշնամություն մտցնելով, ես հակառակը միշտ իմ հեղինակությունը օգտագործում եմ մարդկանց մեջից թշնամությունը վերացնելու համար: Հոդվածում ինձ անվանել են տարածքի նայող ու իբր ինձ ուզում են «գծերից գցեն». ուզում եմ հիշեցնեմ, որ իմ գիծը հայրենիքին ու ժողովրդին ծառայելն է, մարդկանց օգնելը ու ոչ մեկ չի կարա ինձ այդ գծից գցի: Եղել եմ շրջխորհրդի պատգամավոր, 9 տարի թաղապետ եմ աշխատել, 2 անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել, բայց չի եղել դեպք, որ աչքի ընկնեմ որևէ մեկին՝ առավել ևս պետական ծառայողի առևանգեմ ու ծեծեմ: Լինելով պետական ծառայող՝ երբեք որոշ մարդկանց նման չեմ ձգտել նվաճել քաղաքի թիվ մեկ հանցագործ-պաշտոնյայի տիտղոսը: Իսկ եթե խոսում ենք հայրենիքից, հայրենասիրությունից ու պետականությունից, անընդունելի է բազմաթիվ պետական պարգևներ ունեցող 18 տարվա պետական ծառայողին տարածքի նայող անվանել:

Ուղղակի խղճում եմ հոդվածի պատվիրատուին ու ափսոսում, որ սահմանային լարվածության ներկա պայմաններում փոխանակ մտածեն երիտասարդությանը համախմբելու մասին, ամեն ինչ անում են, որ նրանց մեջ լարվածություն մտցնեն»:




Լրահոս