Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը կազմակերպել է արշավ՝ թուրքերի ու հայերի միջև “բարեկամանական հարաբերություններ” ստեղծելու նպատակով և կոչ է անում հայ համայնքին միանալ այդ արշավին:Համաձայն “Ասպարեզ”-ի ունեցած տեղեկությունների՝ Թուրքիայի հյուպատոսարանը ձգտում է ներգրավել համայնքի ղեկավարներին, ձեռնարկատերերին, գործարարներին՝ մարդկանց, ովքեր, ըստ իրենց, կնպաստեն Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ ստեղծելով համագործակցության շինծու մթնոլորտ: “Իրականում սա շատ վտանգավոր նախաձեռնություն է, որը խորը արմատներ է գցել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Կասկածների տեղիք է տալիս նաև ընտրված ժամանակը՝ Ցեղասպանության տարելիցի նախօրեն. Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի թաքցնի իր կատարած հանցագործությունը՝ ներգրավելով ԱՄՆ-ի հայ համայնքը:
Թուրքիայի հյուպատոսարանը օգտագործում է իր բոլոր կապերն ու լծակները հայերի հետ կապ հաստատելու համար: Դժբախտաբար կան մարդիկ, ում համար ֆինանսական գործոնը ավելի կարևոր է, քան Հայկական հարցի արդար լուծումը՝ մասնավորապես ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այս մարդիկ կարող են ծառայել որպես բանագնաց այս զզվելի նախաձեռնությունում”, – հայտնում է ամերիկյան հայկական պարբերականը:Պարբերականը նշում է, որ զուգահեռ գործում են նաև լավ ֆինանսավորված կազմակերպություններ՝ այսպես կոչված “կամուրջներ”, որոնք փորձում են ներգրավել ԱՄՆ-ի հայ համայնքը նմանատիպ նախաձեռնություններում:Հայաստանի ԱԳՆ-ն իր դեսպանատան, հյուպատոսարանի միջոցով նույնպես կարող է մասնակցել այս գործընթացում և դատապարտել այս նախաձեռնությունը, որը միտված է պառակտելու ԱՄՆ-ի հայ համայնքը, – եզրափակում է Ասպարեզը: