Հայաստանը հետաքրքրված է միջազգային կառույցներին ինտեգրման գործընթացների շարունակմամբ ու խորացմամբ: Այս մասին “Կոմերսանտ” թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանն ԱՊՀ ամենաակտիվ անդամն է, որը ջանքեր է գործադրում նույնիսկ ԵվրԱզԷս-ի զարգացման ուղղությամբ:Ինչ վերաբերում է Մաքսային միության անդամ դառնալուն, ապա վարչապետը հայտնել է, որ միջազգային ասպարեզում չի եղել մի դեպք, երբ այլ անդամների հետ սահմաններ չունեցող երկիրը դառնա Մաքսային միության անդամ` համարելով այն անիմաստ:” Մեր դեպքում դա անհնար է, քանի որ մենք պետք է անցնենք հարևան պետության տարածքով և կրկնակի մաքսազերծում անցնենք: Փոխարենը ձեռք կբերենք միայն խնդիրներ`մաքսատուրքերի ու հարկերի բարձրացման հետ կապված: Տնտեսական առումով դա նպատակահարմար չէ”, – ասել է վարչապետը:Նրա խոսքով` ռուս գործընկերներն ըմբռնումով են մոտենում այս հարցին: “Երեւի թե, պետք է մտածել ինչ- որ նոր պլատֆորմի կամ Հայաստանին հատուկ կարգավիճակ տալու մասին”,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Օրերս պաշտոնապես հայտարարվեց Հայաստանի ու Եվրամիության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: Լրագրողի հարցին, թե ինչպես դա կանդրադառնա Հայաստանի` ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու ստեղծման մասնակցության վրա, վարչապետը պատասխանել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ շրջանակում համագործակցությամբ, սակայն ցանկանում է նաև, որպեսզի եվրոպական շուկան նույնպես բաց լինի երկրի առջև:
“Իսկ, որպեսզի Եվրամիության տնտեսությունը բաց լինի մեզ համար, անհրաժեշտ է ներդնել եվրոպական պահանջներին համապատասխան որոշակի չափանիշեր, առաջին հերթին` սննդամթերքի ոլորտում: Եվրոպացի սպառողները պետք է վստահ լինեն, որ Հայաստանի արտադրանքը համապատասխանում է անվտանգության ու որակի եվրոպական չափանիշերին: Իսկ դա մեզանից լուրջ աշխատանք կպահանջի”, – ասել է ՀՀ գործադիրի ղեկավարը` հավելելով, որ նման չափանիշերի մշակման, ներդրման ու իրականացման համար կպահանջվի երեք տարի: