«Եվ-եւ»-ի ուտոպիան աշխարհաքաղաքական նոր իրավիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի իշխանությունն ամեն քայլափոխի ապացուցում է, թե ինքը որքան հեռու է քաղաքականությունից ու պետական մտածելակերպից: Բանն այն է, որ չնայած արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ օրեցօր խորացող լարվածությանը, անշեղորեն ԵՏՄ-ի ուղին բռնած ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել «և-և»-ի չհաջողված թեզը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե հնարավոր է ՌԴ-ի նկատմամբ արևմուտքի պատժամիջոցների ու մեկուսացման պայմաններում Հայաստանի կառավարությունը վերսկսի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ բանակցությունները, ասել է.

«Եվրամիության հետ մեր վերջին այցելության ժամանակ Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերվեց, ընդ որում բոլոր գլխավոր տնօրինությունների հետ, որ մենք շարունակելու ենք խորացնել ու ընդլայնել մեր համագործակցությունը եվրոպական մեր գործընկերների հետ: Խնդիրը կայանում է ձեւաչափի ընտրության մեջ»:

Ըստ Կարեն Ճշմարիտյանի՝ սեպտեմբերին Եվրամիության իրենց գործընկերների հետ կազմելու են համատեղ աշխատանքային խումբ, որը մշակելու եւ քննարկելու է առկա իրավիճակը: «Դրանից հետո կառաջարկեն որոշակի ձեւաչափեր, այդ ձեւաչափերն ընտրելուց հետո հոկտեմբերին նախատեսվում է Բրյուսելում անցկացնել համագործակցության կոմիտեի նիստ, եւ այդ համաձայնագրի շրջանակներում, մեր աշխատանքները շարունակելու ձեւաչափն ընտրելուց հետո, կշարունակենք մեր համագործակցությունը»,- ասել է նա:

Հրաշալի է, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այդքան լավատես է: Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը վկայում է, որ նման լավատեսությունն ամենեւին էլ տեղին չէ, որքան էլ Սերժ Սարգսյանը շարունակի «և-և»-ի իր ուտոպիան:
Ինչպես հայտնի է, ուկրաինական ճգնաժամից հետո գնալով ավելի ու ավելի առարկայական է դառնում ԽՍՀՄ տարիներին եղած «սառը պատերազմի» վերսկսումը:

Արևմուտքը, հանձինս ԱՄՆ-ի ու ԵՄ-ի, օրեցօր խստացնում են ՌԴ նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Երեկ էլ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է ՌԴ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: Բնականաբար, ՌԴ-ն իր հերթին է հակազդում իր դեմ իրականացվող գործողություններին:

ՌԴ-ն արդեն իսկ արգելել է եվրոպական մի շարք ապրանքատեսակների ներկրումը, ավելին` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե ՌԴ-ն դադարեցնում է իր օդային տարածքով ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթերը դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը միջոցներ է մշակում ռուսական օդային տարածքով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ արեւմտյան ավիաընկերությունների թռիչքների արգելման ուղղությամբ:

Ակնհայտ է, որ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, և ստեղծված իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվելու: Թե ի վերջո ինչի կհանգեցնի Արևմուտք-ՌԴ դիմակայությունը, դժվար է ասել: Սակայն այստեղ հատկանշական է Հայաստանի պարագան:

Հայաստանը մտադիր է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ընդ որում, այդ գործընթացն արդեն միս ու արյուն է ստանում. ՌԴ կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու առաջարկը ՌԴ նախագահին ներկայացնելու մասին:

«Հիշյալ պայմանագիրը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների շուրջ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները սահմանող հիմնարար փաստաթուղթ է»,- ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

Ասել է, թե ուկրաինական ճգնաժամի հետեւանքով անկյուն մղված ՌԴ-ն հիմա փորձելու է ամեն գնով կայացնել ու ընդլայնել ԵՏՄ-ն` աշխարհին ցույց տալու, թե ինքը թելադրող գործոն է: Ու հիմա եթե ի վերջո իրականություն դառնա Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցումը, ապա ինքնըստինքյան, ՀՀ-ն եւս ենթարկվելու է ՌԴ սահմանած խաղի կանոններին:

Այսինքն` այսպիսով մեծ հարցականի տակ է դրվելու ԵՄ-ի հետ ՀՀ հետագա համագործակցության խորացումը, քանի որ Հայաստանն անդամակցելու է տնտեսական մի միավորման, որտեղ հիմնական թելադրող երկիրը խզում է եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը: Դժվար չէ կռահել, որ միջազգային կառույցներում իր դիրքորոշումն ու քվեարկությունները բացառապես ՌԴ քիմքին համապատասխանեցնող Հայաստանն ինչպես է իրեն պահելու նաեւ այս հարցում, մանավանդ, Սերժ Սարգսյանի մոտ կարծես բավական լավ է ստացվում հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալը:

Այս դեպքում ՀՀ-ի համար այլեւս մեծագույն խնդիր կլինի ԵՄ-ի հետ հետագա առեւտրաշրջանառությունը, տնտեսական հարաբերությունները, ներկրումն ու արտահանումը: Էլ չենք ասում այն մասին, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն անուղղակի կերպով կանդրադառնան առաջին հերթին Հայաստանի վրա, քանի որ ՀՀ տնտեսությունը, որ կախված է ՌԴ տնտեսությունից, բոլոր վայրիվերումներն ավելի խորը եւ ցավոտ կտանի:

Այսքանից հետո, բնականաբար, հարց է առաջանում` իսկ ո±րն է ելքը: Չինական իմաստությունը նման դեպքերում ասում է` լավագույն գործունեությունը չգործելն է:

Արման Գալոյան




Լրահոս