Ոստիկանները՝ հանցագործի դերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում օպերատիվ ամփոփագրերը «զարդարում են» ոստիկանների կողմից կատարված հանցագործությունների մասին լուրերը: Նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին կանխել կամ բացահայտել հանցագործությունները, իրենք են գնում այդ քայլին: Ոչ բոլոր դեպքերում են ոստիկանները կարողացել «հաջողությամբ պսակել» իրենց ապօրինությունը, բայց միայն այն հանգամանքը, որ նրանք դիմել են հանցանքի, բավականին խոսուն է:

Դատեք ինքներդ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2013թ. սեպտեմբերի 22-ին երկու կին ոստիկանությունում հայտարարություն են տվել, որ գիշերն անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա նստեցնելով ավտոմեքենա, տարել է Ջրվեժի գերեզմանոց ու թողնելով այնտեղ, հեռացել: Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ դիմակավորված անձը եղել է նախկին ոստիկան, սերժանտ, 1985թ. ծնված Էդգար Վարագյանը, ով կոտրելով Ք. Բ.-ի տան պատուհանը, ներս է մտել, ատրճանակով սպառնացել նրան ու անչափահաս դստերը: Հետո, ձեռնաշղթայով կապել էր Ք. Բ.-ին, կպչուն ժապավենով` դստեր ձեռքերը, եւ «անցել գործի»` հափշտակելով ոսկե զարդեր, 186 հազար դրամ եւ 100 դոլար: Այդքանից հետո կանանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենց»-ի բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների մոտ, որտեղ եւ կամքին հակառակ, սեռական հարաբերություն էր ունեցել Ք.Բ-ի հետ:

Եթե այս պատմության մեջ նախկին ոստիկանն էր նման քայլի դիմել, ապա 2013թ. օգոստոսի 5-ին Գյումրիի «Ռուբին» ոսկերչական սրահից գողությունը իրականացրել էին գործող ոստիկանները: Գիշերը՝  ժամը 4:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը եւ նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը փորձել էին թալանել Գյումրիի Խաղաղության օղակ 8 հասցեում գործող «Ռուբին» ոսկերչական սրահը: Սակայն գողության փորձը կանխվել էր` ոսկերչական խանութի անվտանգության ազդանշանները միանալու պատճառով: Հատկանշականն այն է, որ ոսկերչական սրահը թալանելու փորձ անող ոստիկանները եղել էին դիմակավորված:

Եվս մեկ ուշագրավ փաստ. 2014թ. հուլիսի 31–ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սերժանտներից մեկը զեկուցագիր է ներկայացրել` տեղեկացնելով, որ ՃՈ կարգապահական խմբերից մեկը Լենինգրադյան փողոցում կանգնեցրել է իր վարած մեքենան: ՃՈ տեսուչները ոստիկանության սերժանտին կասկածել են ոգելից խմիչքի ազդեցության տակ մեքենան վարելու մեջ: Կասկածներն իրականում անհիմն չեն եղել, սակայն ՃՈ տեսուչներից մեկը ոստիկանին արձանագրություն չկազմելու եւ չտուգանելու համար պահանջել է 70.000 դրամ:

Վարորդ սերժանտը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից, սակայն սա եւս չի փրկել իրավիճակը: Ու քանի որ սերժանտի մոտ այդ պահին գումար չի եղել, վերջինս տեսուչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել` հանդիպել հաջորդ օրը: Թեեւ հաջորդ օրը հանդիպելով տեսուչները հրաժարվել էին պահանջած գումարը վերցնել, սակայն արդեն ուշ է եղել. գումար պահանջելն արդեն իսկ քրեական գործի առիթ է: ՀՔԾ-ում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 311 հոդվածի երկրորդ մասով, իսկ տեսուչ Տիգրան Գեւորգյանը ձերբակալված է:

2014թ. օգոստոսի 4-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներից մեկը հաղորդում է ներկայացրել, որ Երեւանի Մանթաշյան փողոցի իր տանից գողության փորձ է կատարվել: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության մեկ այլ` Մաշտոցի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Գարեգինն, իր ծանոթներից մեկի` նախկին ոստիկան Գարուշի հետ 2014թ. հունիսի 5-ին փորձել են մուտք գործել Գարուշի կնքահոր՝ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորի տուն: Սակայն Գարեգինին եւ Գարուշին չի հաջողվել հանցանքն ավարտին հասցնել:
Թե որոնք են ոստիկանների կողմից նման քայլերի պատճառաները, դժվար է միանշանակ ասել: Սակայն փաստն այն է, որ նման միջադեպերն այնքան էլ լավ տպավորություն չեն ստեղծում ոստիկանության մասին:

Ա. Գալոյան




Լրահոս