Ի՞նչ կապ ունի ոստիկանը Թևոսիկի եղբոր սպանության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով քննությունը գնալով ավելի ու ավելի աղմկահարույց է դառնում: Սկզբում սպանության գործը քննում էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, բայց երբ տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ, պարզվեց՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանն առնչություն ունի գործի հետ:

Որտեղից սկսվեց ամեն ինչ

2014թ. հունվարի 27-ին՝ գիշերը ժամը 00:15-ին, իր տան բակում Երեւանի Արամի նրբանցքի 5 Ա շենքի մոտ արձակված կրակոցներից սպանվել էր Արթուր Սաֆարյանը: Փետրվարի 3-ին ոստիկանությունը բերման ենթարկեց Իսրայել Սարգսյանին (Իսո), ով Գոռ Վարդանյանի գլխավորած  «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից էր, եւ Տիգրան Ասատրյանին: Ավելի ուշ Իսոյին մեղադրանք առաջադրվեց իր ընկերոջ Մոսոյի սպանությունը պատվիրելու համար: Ըստ պաշտոնական վարկածի՝  «Իսոն Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է նրան: Ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը»:

Տիգրան Ասատրյանն էլ, ում երեխաների քավորը սպանված Արթուրն է, մեղադրվում է իմանալ չհայտնելու համար. նա իմացել է Մոսոյի սպանության մասին, սակայն ոչինչ չի հայտնել իրավապահներին: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ փետրվարի 18-ից փրկարարներն ու ոստիկաններն անգամ ջրասուզակի օգնությամբ կոյուղու դիտահորում որոնեցին Մովսեսի դին, բայց չգտան:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները մոտավորապես Իսոյի քաշով մի սատկած կենդանի էին վերցրել, նրա գլխի մեջ «վիրահատական միջամտությամբ» համապատասխան սարքավորումներ տեղադրել եւ կենդանուն նետել նույն Քանաքեռավանի կոյուղու դիտահորը: Կենդանու ամենապինդ հատվածում՝ գլխում առկա սարքավորումը ինչ-որ ժամանակ ազդանշան է տվել, սակայն ավելի ուշ ընդհատվել է կապն ու այլեւս չի վերականգնվել: Այստեղից իրավապահները համոզվել են, որ կենդանու մարմինը քայքայվել է կոյուղու մեջ, եւ չի բացառվում, որ Մոսոյի դին էլ նույնկերպ քայքայվել, վերացել է: Հավանաբար հենց այս պատճառով էլ իրավապահները ստիպված եղան ….. ամիս անց դադարեցնել դիակի որոնողական աշխատանքները:

Սպանությունը քրեական «ռազբորկա»-ների հետեւանք

«Ժողովուրդ»-ը դեռեւս այն ժամանակ գրել էր, որ Թեւոսիկի եղբոր սպանությունը կապված է քրեական լրջագույն  «ռազբորկա»-ների հետ՝ մասնավորապես սպանված Արթուրը, կալանավորվածներ Իսոն, Տիգրանը եւ անհետացած Մոսոն ունեցել են ընդհանուր ֆինանսական խնդիրներ: Նրանք չեն կարողացել միմյանց մեջ կիսել շուրջ 1.5 մլն ԱՄՆ դոլարը:

Ըստ լուրերի՝ վերջիններս ընդհանուր մի գործ են արել, եւ դրանից Իսոյին ու Տիգրանին հասանելիք բաժինը չի հասել: Նույնիսկ տղաներին խոստումներ են տվել, թե իրենց հասանելիք գումարը կստանան Եվրոպայում: Սակայն այնտեղ եւս հարցը չի լուծվել, ավելին՝ քրեական որոշ խմբավորումների ներկայացուցիչներ Հայաստանից Եվրոպա մեկնածներին ասել են, թե այդ գումարը  «օբշյակի» փողն է, չեն տալու: Ստեղծված լարված դրությունը Արթուրի, Իսոյի եւ Տիգրանի միջեւ շատ վաղուց է եղել, եւ գործով կալանավորված Տիգրանն իրավիճակը հարթելու համար իր դստեր հարսանիքի քավոր է դարձրել Թեւոսիկի եղբորը՝ Արթուրին: Սակայն սուրբ կապերն էլ իրավիճակը չփրկեցին, եւ սպանության գաղափարը հանգիստ չտվեց կողմերին:

Ոստիկանությունից մինչեւ ԱԱԾ

Եվ այսպես՝ ոստիկանությունը շուրջ 2,5 ամիս քննեց այս գործը: Այդ ընթացքում ոստիկանները հայատարում էին, թե գործը բացահայտված է, սակայն մեղադրյալները ոչ մի կերպ չէին ընդունում իրենց մեղքը: Արդյունքում սպանության գործը ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն: Զարմանալի զուգադիպությամբ, երբ գործը փոխանցվեց ԱԱԾ, քննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ եկան: Լուրեր տարածվեցին, թե Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով կասկածվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր

Ղուկասյանը, ով Երեւանի Կենտրոն- Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի փեսան է: Արդյո±ք ոստիկանությունից գործը փոխանցվեց ԱԱԾ այն կասկածներով, որ ոստիկանությունը փորձել է փրկել դատավորի փեսա ոստիկանին, թե± պարզապես զուգադիպություն էր բացահայտումը, դժվար է միանշանակ ասել: Նշենք, որ Գ. Ղուկասյանն այս պահին գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում:

Չարաբաստիկ նկարը

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր անց նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը Իսրայել Սարգսյանին ցույց է տվել Մովսես Ներսիսյանի` Մոսոյի լուսանկարը եւ ասել, թե ոստիկանները Արթուրի սպանության համար նրան են փնտրում: Այսինքն՝ ոստիկանության օպերատիվ աշխատանքները տապալել է, մատնել: Եվ ըստ այդ լուրերի, Իսոն նախկին օպերլիազորից իմանալով, որ ոստիկանները ճիշտ «հետքի վրա են դուրս եկել», սպանել է Մոսոյին` դին նետելով կոյուղու դիտահորը, որպեսզի վերացնի հետքերը: Այս տեղեկությունը երեկ չկարողացանք ճշտել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Իսոյի հարազատների շրջանում էլ վստահ են, թե «շոուն» շուտով կավարտվի, քանի որ Իսոն որեւէ կապ չունի Արթուրի սպանության հետ: Ավելին՝ Իսոյի հարազատների շրջանում վստահ են, որ սպանության կասկածանքով անցնող ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը որեւէ առնչություն չի ունեցել Իսոյի հետ: Իսկ թե ինչու է ոստիկանը շահագրգռված եղել Իսոյին ասել, թե ում են փնտրում ոստիկանները կամ, առհասարակ, ինչու մինչ օրս պաշտոնապես չի հայտարարվել ոստիկանի կալանավորման կամ նրա՝ միջադեպի մասնակցության բացառման մասին, դեռ մնում է անհասկանալի: Իսկ թե ինչ կպարզվի հետո, կապրենք, կտեսնենք:

Հավելենք, որ մինչ նախկին ոստիկանի գլխին սեւ ամպեր են կուտակվել, նրա զոքանչն այս օրերին հանրապետությունից դուրս իր ամառային արձակուրդն է անցկացնում:

Քնար Մանուկյան




Լրահոս