Իջեւան քաղաքի Սուրբ Խաչ մատուռը գտնվում է քաղաքային գերեզմանատան մոտ: Այն Իջեւանի բնակելի գոտուց մոտ 2 կմ հեռավորությամբ է: Իջեւանի բնակիչներն այն կոչում են Խաչ: Խորհրդային տարիներին, երբ Իջեւանում եկեղեցիներ չէին գործում, մատուռը իջեւանցիների միակ հոգեւոր օջախն էր: 1999 թ. 2 անձանց բարերարությամբ մատուռը վերանորոգվել է:
Մոտ մեկ ամիս առաջ Սուրբ Խաչը բարբարոսական հարձակման է ենթարկվել, որի հետեւանքով մատուռի դուռը քանդվել, վառվել է, նորոգման արձանագրությունը՝ վնասվել: Ջնջվել է արձանագրության մեջ առկա «Սուրբ Խաչ» անվանումը, վնասվել, ջնջվել է նաեւ հոգեւոր կառույցի վերանորոգումը ֆինանսավորած 2 բարերաներից մեկի անուն-ազգանվան փորագրությունը:
Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ բարբարոսությունը կատարել է Իջեւանի բնակիչ, 1960թ. ծնված Մարտուն Ղալումյանը: Վերջինս հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Ոստիկանապետի խոսքերով՝ Մ. Ղալումյանը մատուռի դուռը ջարդել է, քանի որ այն կողպված է եղել: Մարտունի համոզմամբ՝ հոգեւոր օջախի դուռը միշտ պետք է բաց լինի: Նման կերպ նա նախկինում վնասել էր Իջեւան քաղաքի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դուռը: 2013թ. հունվարին նա Իջեւանի քաղաքային զբոսայգում ավերել էր խորհրդային տարիների միջազգային սիմպոզիումի ժամանակ ստեղծված քանդակներից մեկը:
Մարտունն արձանը գլխատել էր՝ պատճառաբանելով, որ քանդակված մարդու գլուխն ավելի բարձր է, քան նրա ուսին կերտված եկեղեցու գագաթը: Նշենք, որ մինչ այդ էլ նա քաղաքային զբոսայգում քանդակներ էր ջարդել: Տավուշի մարզի դատախազությունը 2013թ. հայց է ներկայացրել Իջեւանի քաղաքային զբոսայգում գտնվող ՙՀայոց հիշատակ՚ եւ «Մայրություն» հուշարձանները կոտրած եւ դրանց կտորները Աղստեւ գետը լցրած Մ. Ղալումյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադիր միջոցառումներ կիրառելու միջնորդությամբ:
2013թ. ապրիլի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Մարտուն Կոլյայի Ղալումյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար սահմանված քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում, Մ. Ղալումյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառված Երեւանի «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» հարկադիր բուժման ընդհանուր հսկողության բաժանմունքում տեղավորելը, թողնել անփոփոխ:
Իջեւանի ոստիկանապետից տեղեկացանք, որ այս տարի ագրեսիվ վարք ցուցաբերած Մ. Ղալումյանը հարազատների կողմից ուղարկվել է Երեւանի հոգեբուժարան, սակայն ներկայում նա Իջեւան քաղաքում է: Դատելով հոգեբուժարանում գտնվելու ժամանակացույցից, նա հոգեբուժարան է ուղարկվել մատուռը վնասելուց հետո:
Ոսկան Սարգսյան
Տավուշ