2014թ. օգոստոսի 2-ն առանց վարանելու կարելի է համարել Հայաստանի նորագույն պատմության հիշարժան օրերից մեկը: Սա այն պատճառով, որ օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իրեն նեղություն էր տվել ճամփորդելու փոխարեն մնալ Հայաստանում, ավելին՝ մեկ օրվա ընթացքում միանգամից երկու կարճ հարցազրույցով հանդես գալ` մեկը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հեռանկարի, մյուսը` սահմանային միջադեպերի մասին:
Սակայն, Նալբանդյանը սկզբում խոսել է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ, եւ միայն հետո է անդրադարձել սահմանին հրադադարի խախտումներին:
Նման հերթականությամբ պարզաբանումներով հանդես գալն ամենեւին էլ պատահական չէ. փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ 1994թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի հետ սահմանային միջադեպերն իրենց ծավալներով աննախադեպ էին ու պատերազմի վերսկսման վտանգն առավել քան իրական էր, ՀՀ ԱԳ նախարարն առաջինը գերադասում է ոչ թե միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, այլ` հավատարմության երդումներ տալ ՌԴ-ին: Սա մի կողմից` տեղավորվում է ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, ՌԴ-ին ամեն գնով քծնելու տրամաբանության շրջանակներում: Բայց մյուս կողմից՝ սա հերթական անգամ ի ցույց է դնում ՀՀ իշխանությունների` ոչ ադեկվատ պահվածքը:
Ավելին՝ երբ ծանոթանում ես Նալբանդյանի պարզաբանումներին, ակնհայտ է դառնում, որ այդ հայտարարությունը, մեղմ ասած, տեղին չէր: Տպավորություն է, թե նա փորձել էր Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձեւանալ, եւ դա՝ Հայաստանի համար կարեւոր պահին: Իհարկե, չի բացառվում, որ այսպես նա եւս մեկ անգամ հավատարմության երդում տալով, փորձել է ՌԴ գութը շարժել՝ խնդրելով վերջինիս տեր կանգնել ՀԱՊԿ շրջանակներում իր պարտավորություններին: Բայց խոստովանենք՝ սա այդ առումով լավագույն ճանապարհը չէ:
Դատեք ինքներդ. «ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է մեր երկրի տնտեսական զարգացման եւ ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ: Հայաստանն, անշուշտ, ձգտելու է ավարտին հասցնել ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը` ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը: Դա նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանին` արտահանման իր հիմնական շուկաներում մրցակցային առավելությունների մեծացման եւ արտահանման ծավալների ավելացման, Միության անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման, ինչպես նաեւ այդ պետություններից Հայաստան ուղղակի ներդրումների խթանման առումով»,- հայտարարել էր Նալբանդյանը:
Մինչդեռ վերջին ամիսների վիճակագրական տվյալներն ուղղակի հերքում են Էդվարդ Նալբանդյանի խոսքերը: «Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա ընթացքում նվազել են ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները ԵՏՄ անդամ երկրների հետ: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ԵՏՄ անդամ երեք երկրների` ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ առեւտրաշրջանառության ծավալներն ընդհանուր առմամբ նվազել են 14.9 տոկոսով: Ընդ որում, միայն 0.5 տոկոսով նվազել է ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառության ծավալները:
Նվազման միտում են ցուցաբերում նաեւ ՌԴ-ից եկող տրանսֆերտների ծավալները: Եթե 2013թ. երկրորդ եռամսյակում ՌԴ-ից ՀՀ եկել է ավելի քան 369.5 մլն դոլար տրանսֆերտ, ապա այս տարի ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալը կազմել է 364.1 մլն դոլար: Ընդ որում, միայն 2013թ. հունիսին ՀՀ ավելի քան 141 մլն դոլար է փոխանցվել, իսկ այս տարվա հունիսին` 134 մլն: Սա, ի դեպ, ՌԴ-ի նկատմամբ վերջին շրջանի պատժամիջոցների հետեւանքների առաջին նախանշաններից է:
Եվ վերջապես` ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ճանապարհին առավել քան լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, որոնց մասին ՀՀ իշխանությունները խուսափում են բարձրաձայնել: Խոսքը ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ ՀՀ հարաբերությունների վերանայման մասին է: Հատկանշականն այն է, որ այս մասին առաջինը խոսել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ամիսներ առաջ հայտարարելով, որ եթե Հայաստանը հաջողությամբ անդամակցի ԵՏՄ-ին, ապա պետք էփոխհատուցումների մասին բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ:
«Քանի որ Հայաստանի առեւտրային գոծընկերների համար իրավիճակը փոխվում է, ապա Հայաստանը ԱՀԿ ընթացակարգով պետք է սկսի բանակցություններ գործընկերների հետ»,- նշել էր նա: Սրանով, նա, ըստ էության, հասկացրել է, որ անկախ ՀՀ մտադրություններից, ՌԴ-ն չի պատրաստվում որեւէ կերպ պատասխանատվություն ստանձնել ԱՀԿ-ի հետ բանակցություններում. ԵՏՄ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքը պետք է ԱՀԿ-ի հետ բանակցի մաքսային քաղաքականության վերաբերյալ: Իսկ դա, մասնագետների պնդմամբ, բավականին լուրջ գործընթաց է. ՀՀ-ն պետք է ԱՀԿ անդամ պետությունների հետ առանձին բանակցություններ վարի՝ կապված նոր մաքսատուրքերի սահմանման հետ:
Այսինքն՝ այժմ գործում են առեւտրի բոլորովին այլ պայմաններ, բայց ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում պայմանները միանգամից փոխվում են: Իսկ դա տեւական գործընթաց է, այն էլ՝ բավականին դժվար է կանխագուշակել դրա ելքը: Ավելին՝ հատկանշական է, որ ԵՏՄ անդամ 3 պետություններից ԱՀԿ-ին անդամակցում է միայն ՌԴ-ն, իսկ Բելառուսն ու Ղազախստանը՝ ոչ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ