Կարեն Անդրեասյան.Ես անկլան գործիչ եմ, բայց ինձ թույլ չեմ համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին գրություն է ուղարկել՝ հիշեցնելով, որ իր տարեկան զեկույցը, ի թիվս այլ մարմիններում քննարկումների, օրենքով սահմանված կարգով գարնանային նստաշրջանում պետք է ներկայացվի ու քննարկվի նաև խորհրդարանում. այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի 2011 թվականի տարեկան զեկույցը, ասաց ինքը՝ Կարեն Անդրեասյանը:Անդրադառնալով իր զեկույցին արդեն իսկ արձագանքած մի շարք պետական մարմինների՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ Գլխավոր դատախազության, Ոստիկանության և կրթության ու գիտության նախարարության դիտարկումներին՝ ՄԻՊ-ը հերքեց կոնկրետ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի գնահատականները, թե իր զեկույցում, իբր, այդ ոլորտի մասով բազմաթիվ անճշտություններ կան: “Ինչ վերաբերում է Ոստիկանության հնչեցրած գնահատականներին, ապա մյուս մարմինների գնահատականների համեմատ՝ վերջինիս արձագանքն ավելի մեղմ է: Միաժամանակ խուճուճ տերմիններով փորձ է արվում հեռանալ իմ բարձրաձայնած՝ անձնագրերի ստացման ուշացման հետ կապված խնդրից: Ինչ էլ որ լինի, ես, միևնույն է, բոլոր մարմիններից սպասում եմ ավելի կոնկրետ ու ընդգրկուն պատասխաններ, ինչպես նաև կոնկրետ քայլեր՝ լուծելու իմ կողմից բարձրացված խնդիրները”,- ասաց Անդրեասյանը:
ՄԻՊ-ի խոսքով՝ ինքը ,անկլանե գործիչ է, չունի որևէ կլան, որը կպաշտպանի իրեն: “Սա է իմ թուլության պատճառներից մեկը: Եթե ես այս կամ այն թիմի մասին անհաճո գնահատականներ եմ հնչեցնում, մյուս կողմից անմիջապես կասկած է առաջանում՝ պատվիրվա՞ծ է արդյոք իմ գնահատականը: Երբ ես փորձում էի միջնորդ լինել ՀԱԿ-ի ու կոալիցիայի միջև, ապա երևի հիշում եք, որ անուժ եղա՝ շոշափելի արդյունքի հասնելու հարցում: Միաժամանակ, ես ինձ թույլ մարդ չեմ համարում, այլապես նման պայմաններում՝ կրակահերթերի տակ, աշխատել չէի կարողանա ու հրաժարական կտայի: Ես վստահ եմ, որ կարողանալու եմ առաջիկա հինգ տարում ևս կատարել իմ լիազորությունները”,- ասաց ՄԻՊ-ը՝ շեշտելով, որ իր գրասենյակ դիմող քաղաքացիների քանակը գնալով աճում է, ինստիտուտի հանդեպ հասարակության վստահության մակարդակը՝ նույնպես:
Կարեն Անդրեասյանը նկատեց, որ բարեփոխումներին խոչընդոտող ամենամեծ ուժը համատարած հասարակական ցինիզմն է: “Հաճախ, երբ ես խոսում եմ մարդու իրավունքների, ժողովրդավարության ու մնացած բոլոր արժեքների մասին, մարդիկ ինձ նայում են դեմքի ցինիկ արտահայտությամբ՝ կարծես խոսելիս լինեմ կեղծ կատեգորիաների մասին: Բայց ես ու մեր գրասենյակն ուզում ենք դրդել, որ պետական մարմիններն աշխատեն այս խնդիրների լուծման ուղղությամբ: Դրա համար էլ առաջարկում ենք ռազմավարական դրույթներ”:Ամփոփելով՝ Պաշտպանը նշեց, որ կենսունակ ճարպիկները լքում են երկիրը, իսկ ուժեղները փորձում են դիմանալ դժվար պայմաններին:




Լրահոս