Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր եռակողմ հանդիպում էր ընթանում Հայաստանի, Ռուսաստանի ևԱդրբեջանի նախագահների միջև: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հակամարտությունը համարում են ձգձգված:
«Այս հարցը լուծում է պահանջում: Հուսով եմ, որ ձեր անձնական մասնակցությունն այս գործընթացին նոր խթան կհանդիսանա բանակցային գործընթացի համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել, որոնք պահանջում են հայկական զինված ուժերի անհապաղև անվերապահ դուրսբերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Ցավոք, ավելի քան 20 տարի է անցել, իսկ այդ բանաձևերն այդպես էլ թղթի վրա են մնացել: Հույս ունենք, որ առաջիկայում բանակցությունների ճանապարհով, խաղաղ ճանապարհով լուծում կգտնենք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ կհամապատասխանի արդարությանը»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք կարծում ենք, որ իրականում հակամարտությունը կարելի է լուծել, հարկավոր է այն լուծել փոխզիջումային տարբերակով, այն սկզբունքները հիման վրա, որոնք մեզ առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմն անընդհատ վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձեւերը, բայց այսպիսի հարց պարոն Ալիևին. իսկ այդ բանաձևերի ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Այդ բանաձեւերի կետերի միակ կատարողը Հայաստանն է, որն իր ազդեցությունը գործադրել է՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար:
Ես շնորհակալ եմ, որ դուք տրամադրված եք լուծել այդ խնդիրը: Այդ խնդրի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից»,- դիմելով Պուտինին՝ ասել է Սարգսյանը: