«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն անդրադառնալով սահմանում հակառակորդ կողմի դիվերսիոն հարձակումների և պատերազմը վերսկսելու վտանգին՝ ասաց, որ իր որդին նույնպես պատրաստ է սահման գնալ. «Նման բաներից խուսափել չի կարելի, եթե խոսքը հայրենիքի մասին է: Առանց ծնող կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես ապրի: Հավատացեք, Ասստված չանի, առանց որդի կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես կարող ապրել»:
– Պարոն Խաչատրյան, իրավիճակը շփման գծում բավականին լարված է: Ըստ Ձեզ՝ արդյոք այս լարվածությունը կարող է վերաճել պատերազմական գործողությունների:
– Այդ վտանգավոր իրավիճակը սկսվել է 1988 թվականից ու արդեն 26 տարի է, ինչ կա: Մենք մեր խնդիրը մինչև 1994 թվականը լուծել ենք, բայց հաշտության պայմանագիրը կնքելուց հետո մինչ այսօր սահմանում վիճակը լարված է: Մենք փորձելու ենք մեր ձեռքբերածը պահել, նրանք էլ փորձելու են հետ վերցնել: Ամբողջ խնդիրը սա է: Սրանից ոչ կարելի է վախենալ, ոչ էլ մտահոգվել: Մենք երբևէ այսպես ուժեղ չենք եղել, ոնց հիմա ենք: Մենք տարածաշրջանում ունենք ամենամարտունակ բանակը: Մեր երկրի նախագահը պատերազմի թոհուբոհով անցել է և պատերազմական իրավիճակկին ամբողջապես տիրապետում է, պաշտպանության նախարարը պատերազմի թոհուբոհով է անցել: Որպես նորօրյա սերունդ, մի բան իմացեք՝ մենք խրամատում ունենք մեծ քանակությամբ 20-40 տարեկան անվախ տղաներ, դրան գումարենք Երկրապահը, որն իր ամբողջ հասակով կանգնած է երկրի սահմանների պաշտպանության հարցում: Կարող է՝ որոշ տղաներ էլ սոցիալական խնդիրներ ունեն, բայց համոզված եմ, որ այդ տղաները վտանգի պահին առաջինն են նետվելու սահմանի պաշտպանությանը:
-Այս օրերին գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գնում են դիրքեր: ԼՂՀ վարչապետն արդեն մի քանի օր է՝ դիրքերում է գիշերում: Չե՞ք պատրաստվում Դուք էլ գնալ սահման և հայ զինվորի կողքին լինել:
– Ես ոչ թե դիրքեր եմ գնում, այլ դիրքերում արդեն մեկուկես ամիս ճանապարհներ եմ սարքում: Մենք մեր միջոցներով Պաշտպանության նախարարության հետ համատեղ Նախիջևանի սահմանի ճանապարհն ենք կառուցում: Մեր տեխնիկան, աշխատողներն այս պահին էլ աշխատում են: գիտեմ, թե այս պահին ով է գնում դիրքեր, ինչ է անում, բայց ես կոնկրետ այս պահին աշխատում եմ: Հենց հրահանգ լինի թե չէ, մեկ օրվա մեջ կարող ենք հազար հոգի հավքել և գնալ ցանկացած հրահանգ կատարելու: Գորիսում արդեն տղաների հետ խոսել եմ, Երկրապահի շտաբն ավելի է ու-եղանում, տղաները հավաքագրվում են և իրենց պատրաստակամությունն են հայտնում, որ Աստված մի արասցե, եթե օրհասական պահը գա, մենք առաջիններից մեկը կլինենքն, որ կգնանք հայրենիքի պաշտպանության համար:
– Այսինքն, այն խոսակցությունները, որ Ձեր ընտանիքի շուրջ տեղի ունեցած վերջին դեպքերից հետո նեղացած պատրաստվում եք լքել երկիրը, հեռո՞ւ են իրականությունից:
– Ես իմ հայրենիքը սիրում եմ, իմ երկիրը սիրում եմ ու, ընդհանրապես, նեղանալու առիթ չունեմ: Ինչի՞ց նեղանամ: Այս դեպքերն էլ, որ եղան, դրանք հայրենիքի հետ կապ չունեն, սա մի փորձություն էր, որ չի կարելի կապել հայրենիքի հետ: Ես ասել եմ, որ պաշտոնով է, որ ես պետք է հայրենիքիս ծառայեմ: Որպես մարդ, պատրաստ եմ միշտ էլ ծառայել հայրենիքիս:
– Հասարակության շրջանում կարծիք կա, որ այսօր սահմանը պահում են խեղչ ու կրակ ընտանիքների երեխաները, մինչդեռ հարուստների կամ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները կյանքն են վայելում: Պատրաստվո՞ւմ եք Ձեր որդուն սահման ուղարկել:
– Ինչու չեմ տանի, իմ տղան պատրաստ է: Նման բաներից խուսափել չի կարելի, եթե խոսքը հայրենիքի մասին է: Առանց ծնող կարող ես ապրել, առանց հայրենիք չես ապրի: Աստված չանի, առանց որդի կարող ես ապրել, բայց առանց հայրենիք ես կարող ապրել, հավատացեք: Հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է:
– Բայց նկատեք՝ մինչ դիրքերում շատերի կյանքի ու մահու կռիվ են տալիս, Ձեր որդին քաղաքում անսթափ վիճակում մեքենան վարում է մայթով և ՃՈ աշխատակիցների կողմից վարչական պատասխանատվության ենթարկվում 150.000 դրամով: Այս մասին ինչ կասեք:
– Դե հիմա ջահել տղա է: Ես ավելի վատ եմ պատժել իրեն, մեքենայից զրկել եմ: Այդ իրավունքն իրեն տրված չէ, որ քաղաքում արագություն գերազանցի: Ես իմ պատիժը տվել եմ: Այդ մեքենան չկա ու դա էլ պատժի մի ձև է:
Զրուցեց Քնար Մանուկյանը