ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՐԴԻՆ ԷԼԻ ՊԼՍՏԱՑ

Գյումրիում ոստիկանները երեկ բերման են ենթարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանրահայտ որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին: Պատճառը նախորդ օրը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա Սպարտակի հարձակումն է եղել: Միջադեպի հերոսը բացատրություններ է տվել ոստիկանությունում, որից հետո ազատ է արձակվել: Ղուկասյանի կինը՝ Նոնա Ղուկասյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նրա վրա ցանկանում են գործ սարքել. «Եթե մեքենան անցել է, ուզում են դրանով մարդու վրա պատմությո՞ւն ստեղծել, գո՞րծ սարքել: Թող ներկայացնեն, ինչ-որ արել է, դրա տեսանյութը: Մենք վախենալու բան չունենք»: Մինչ այդ՝ նախօրեին՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը պաշտոնանկ է արել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին՝ ուղարկելով կադրերի ռեզերվ, եւ ոստիկանության քննչական վարչության Շիրակի բաժնի պետ Ալբերտ Երիցյանին: Բաբակեխյանին փոխարինել է Վարդան Նադարյանը:
Նկատենք, սակայն, որ քանի դեռ Ս. Ղուկասյանը չի պատժվել՝ նաեւ իր նախորդ արարքների համար, պաշտոնանկությունները որեւէ արդյունք չեն տա. Սպարտակը, միեւնույն է, շարունակելու է մարդկանց ահաբեկել, հարձակվել, կրակել եւ այսպես շարունակ:

 

 

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թուրք ազգայնական, «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից, Հրանտ Դինքի սպանության պատվիրատուի կասկածյալներից մեկը համարվող Հասան Օքթայը 2008թ. Հայաստան է եկել ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հրավերով: Ա. Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ մեկ ճշտումով. «Նա մեր կողմից հրավիրված անձ չի եղել, եկել էր իբր փոխարինող մեկ ուրիշին եւ ընդհանրապես չներկայացավ: Ասաց, որ պրոֆեսոր է ու եկել է մասնակցելու նիստին: Երիտասարդների հետ կապված խնդիր էր քննարկվում: Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ մենք չենք իմացել, թե նա ով է»: Գրանտային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող այդ քննարկմանը ներկա են եղել Վրաստանից, Ադրբեջանից ժամանած հյուրեր, իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դասախոսի կարգավիճակով: Համացանցում հայտնված Հասան-վարչապետ լուսանկարն արվել է 2008թ. օգոստոսին: Ի դեպ, Հ. Օքթային ողջ ընթացքում ուղեկցել է ՀՀ ԱԱԾ-ն, եւ նա 2008-ից հետո մի անգամ էլ 2010-ին է ՀՀ ժամանել:

 

 
Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո ՀՀ-ում եւ Երեւանում գործող հացի որոշ արտադրամասերի ղեկավարներ դժգոհում են ոչ միայն գազի բարձր վարձավճարներից, այլեւ ցածր կալորիականությունից: ՀՀ Կոտայքի մարզում գործող «Գառնու Սուրիկի լավաշ» գործարանի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված նշեց, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում սկսել են վնասով աշխատել. «Դեռ կարողանում ենք մի քիչ վնասով աշխատել, յոլա ենք գնում: Հիմա մտածում ենք, թե անցած ամսվա գազի վարձն ինչպես ենք մարելու: Նոյեմբեր ամսվա գազի վարձը մի կերպ պարտք ենք արել ու մուծել ենք: Եթե անցած ամսվանն էլ չկարողանանք մարել, ուրեմն հիմնարկությունը կփակվի»: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Արեւ-1» հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանուկյանը եւս դժգոհեց գազի որակից. «Գազի հաշվիչները հենց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է տեղադրում: Կալորիականությունն ահավոր ցածր է, ես չգիտեմ, թե ինչպիսի հաշվիչներ են դնում: Աչքներս փակ է, ինչ ուզում են, պետք է տանք»:

 

 
Պարզվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության անգամ ամենասովորական աշխատակիցը մեր երկրում իրեն անպատիժ է զգում: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացի Կարեն Քոչարյանը պատմեց, որ գնացել է Զովունու ճանապարհին գտնվող գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու: Տարածքում մի հսկա շուն է հարձակվել իր վրա, հոշոտել թեւը: Նա 6 րոպե շան հետ կռիվ է տվել, որից հետո իրեն է մոտեցել ՀՀ գլխ. դատախազության ֆինանսական վարչության աշխատակից Օհան Մուրադյանը, որին էլ պատկանում են գազալցակայանը եւ հարակից «Օդալեն» ռեստորանային համալիրը: Նա հանգստացրել է Կարենին եւ պարզելով, որ բողոքելու մտադրություն չունի, ասել, թե մի՛ գնա հիվանդանոց, բան չկա, մաքուր շուն է, միայն ռեստորանի միս է ուտում: Սակայն քաղաքացին երեկոյան վերքի շրջանում քոր է զգացել եւ դիմել հիվանդանոց, որտեղ հետաքրքրվել են՝ արդյոք շունը կատաղած էր: Կարենը վերադարձել է ռեստորան՝ պարզելու: Այստեղ նույն Օհանն արդեն թիկնապահների հետ հոխորտացել է, թե «անտեր շուն էր, մենք ի՞նչ անենք»՝ չգիտակցելով, որ իր շան պատճառով քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգված են:

 

 

 
ՀԱԿԱԲԱՆԱՎԻՃԱՅԻՆ

Տեւական լռությունից հետո Ռոբերտ Քոչարյան-գործող կառավարություն հեռակա բանավեճի մասին վերջապես արտահայտվել է նաեւ Սերժ Սարգսյանը: Չշեղվելով այս հակամարտության ընթացքում հաստատված «գրասենյակային պատերազմների» ոճից` նա եւս դա արել է ոչ թե անձամբ, այլ իր խոսնակի միջոցով: Արման Սաղաթելյանի կողմից «Առավոտ»-ին ուղարկված գրավոր պատասխանում մասնավորապես ասված է. «Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ նախագահն անշուշտ դրական է վերաբերում»: Այսպիսով, փաստորեն, Ս. Սարգսյանը հանդիմանում է Ռ. Քոչարյանին այն բանի համար, որ վերջինս իր սերիական հարցազրույցներում ոչ միայն չի առաջարկել իրավիճակը բարելավելու քայլեր, այլեւ արձանագրելով ՀՀ տնտեսական անկման իրական տոկոսը` դրա համար անգամ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին:
Իր պատասխանում Սաղաթելյանը շարունակում է. «Միաժամանակ, ՀՀ նախագահը անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երեւույթների մասին ինքնանպատակ բանավեճը, կողմնակից չէ նաեւ բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երեւույթին»:
Ինչ խոսք, միանգամայն հասկանալի է, որ Ս. Սարգսյանին տհաճ են անցյալում մնացած երեւույթների մասին բանավիճելու Քոչարյանի փորձերը, քանի որ դրանց արդյունքում վերստին ցցուն կերպով երեւում է Ս. Սարգսյանի պաշտոնավարումից առաջ եղած եւ նրա պաշտոնավարման արդյունքում երկրում ձեւավորված տնտեսաքաղաքական իրավիճակի տարբերությունը, որն ակնհայտորեն իր օգտին չէ: Միեւնույն ժամանակ, Ս. Սարգսյանի համար գրեթե նույնքան անցանկալի են անցյալի շուրջ Տիգրան Սարգսյանի բարձրաձայնումները, քանի որ այդ դեպքում դարձյալ Սերժ Սարգսյանը հայտնվում է ոչ նախանձելի վիճակում` կապված բազմաթիվ ծրագրերում, այդ թվում եւ` «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրում ունեցած առանցքային դերակատարության հետ:
Բացի այդ` «անցյալից կառչած» եւ «անցյալում մնացած» ձեւակերպումների օգտագործմամբ Ս. Սարգսյանի մամուլի խոսնակը, թերեւս, փորձում է ակնարկել, որ Ռ. Քոչարյանն անցյալում մնացած գործիչ է: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի առաջին իսկ հարցազրույցից հետո նման հայտարարություն էր արել նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդ. Շարմազանովը:
Ամեն դեպքում, այս պատասխանից ակնհայտ դարձավ, որ Տ. Սարգսյանի պաշտոնանկության շուրջ ԲՀԿ-ական շրջանակների ակնկալիքներն այս անգամ եւս չեն իրականանա: Այս հարցում Ս. Սարգսյանի տեսակետն առավել քան միանշանակ էր. «Վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով»:
Հ.Գ. Եթե այս հայտարարությանը հետեւի Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխան հայտարարությունը, ապա դա թերեւս կնշանակի, որ «երկու ղարաբաղցիների միջեւ իշխանական պայքարն» այլեւս դադարել է Քոչարյանի համար անընդունելի լինել:




Լրահոս