ԻՍԿ ԻՆՉՈ՞Վ ԷՐ ԶԲԱՂՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Թուրք ազգայնական, «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ Հասան Օքթայը Հայաստանում հանդիպել եւ լուսանկարվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հասան Օքթայը «Գորշ գայլեր»-ի սիմվոլիկայով լուսանկարվել է նաեւ Հանրապետության հրապարակում եւ Գյումրիում: Նա այդ բոլոր լուսանկարները տեղադրել է համացանցում, որտեղ դրանք լայնորեն քննարկվում են:
Ինչպե՞ս է թուրք ազգայնականին հաջողվել ոչ միայն մուտք գործել Հայաստան, այլեւ հանդիպել եւ լուսանկարվել ՀՀ վարչապետի հետ. այս հարցը հուզում է բոլորին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2008թ. օգոստոսին ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը ՀՀ-ում կազմակերպել է ազգային ինքնության խնդիրների հետ կապված կոնֆերանս, որին դասախոսություն կարդալու նպատակով հրավիրված է եղել նաեւ ՀՀ վարչապետը: Կոնֆերանսին մասնակցել են տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վրաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից: Ահա հենց այդ կոնֆերանսի ընթացքում էլ Հասան Օքթայը լուսանկարվել է ՀՀ վարչապետի հետ:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ:
-Պարո՛ն Եղիազարյան, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ազգայնական, իսկ նախկինում անգամ ահաբեկչական կազմավորման անդամն անարգել կերպով մուտք է գործել Հայաստան եւ լուսանկարվել ՀՀ վարչապետի ու կաթողիկոսի հետ: Ձեզ ի՞նչ է հայտնի «Գորշ գայլեր» կազմակերպության մասին:
-1948թ. նախկին գերմանական հատուկ ծառայությունների գործակալ Թուրքեշը, որը հետագայում թուրքական բանակում հասավ մինչեւ գնդապետի աստիճանի, բանակից հեռացվելուց հետո ստեղծեց «Գորշ գայլեր» կազմակերպությունը: Ի սկզբանե դա եղել է ահաբեկչական կազմակերպություն: Այնուհետեւ նրանք շրջեցին ամբողջ Թուրքիայի տարածքով, Եվրոպայով մեկ ու ոչնչացրին իրենց ոչ ցանկալի մարդկանց, հիմնականում ձախ շարժման լիդերներին: Նրանց «սխրանքների» մեջ է մտնում 101 մարդու գնդակահարությունը Ստամբուլի կենտրոնում խաղաղ ցույցի ժամանակ: 1980թ. այդ կազմակերպությունը թուրքական դատարանի կողմից դատապարտվեց, եւ դրա գործունեությունը Թուրքիայի տարածքում արգելվեց: Իսկ 1981թ. տեղի ունեցավ Հռոմի պապի հայտնի մահափորձը, որի հեղինակները կրկին նրանք էին:
-Նշվում է նաեւ, որ այդ կազմակերպությունն է պատվիրել Հրանտ Դինքի սպանությունը:
-Այո՛, Հրանտ Դինքի սպանության մասնակիցներից մեկն էլ, փաստորեն, ուղիղ կապվում է «Գորշ գայլեր»-ի հետ: Ու նրանց հիմնական կայանն այսօր համարվում է Բաքու քաղաքը, որտեղ նրանք հիմնավորվել են: «Գորշ գայլեր»-ն ամեն տարի պայթեցնում են մեր գազամուղը` ամեն պայթեցումից հետո ՀՀ-ին պատճառելով մոտ 1 միլիոն դոլարի վնաս: Այսօր նախեւառաջ «օֆշորի հերոսը» շատ բան չի հասկանում, որ ասենք` ում հետ պետք է հանդիպի, ում հետ չպետք է հանդիպի: Բայց դրա փոխարեն Երեւանի Նալբանդյան փողոցում մենք մի կառուց ունենք, որի սուրբ պարտականությունն է, որպեսզի նման տականքները չթափանցեն մեր երկիր: Իսկ մենք այսօր կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ… Այսօր այդ կառույցն ուղղորդված է մի գործի, մի նպատակի. այնպես անել, որ ամեն կերպ երկարաձգեն չընտրված նախագահի իշխանությունը: Ուրիշ անելիք իրենք չունեն: Գորշ գայլերը կգան, մուգ գայլեր կգան, կարմրավուն, թե զառ ու զիբիլ կգան, դա իրենց չի հետաքրքրում: Իրենց սուրբ գործը 24 ժամ ընդդիմադիր գործիչների հեռախոսները լսելն է: Գոնե «օֆշորային հերոսը» հանդիպած լիներ դրանց ղեկավարների հետ, էլի մարդու սրտին դարդ չէր լինի: Բայց մենք տեսնում ենք, որ ինչ-որ մի շարքային խուժան գալիս է ու հետը նկարվում: Իրենք նկարվում են Հանրապետության հրապարակի կենտրոնում, որպեսզի ցուցադրեն, թե իրենք որտեղ են հասել ու ինչ են անում: Գորշ գայլերը հայտնի են նաեւ նրանով, որ հենց այսօր հերոինի 20-30 տոկոսի եվրոպական մատակարարներն են: Ի՞նչ գործ ունեն Եվրոպայի նարկոդիլլերները գան ու նկարվեն «օֆշորային հերոսի» հետ: Սա բացարձակ խայտառակություն է: Սա խոսում է մի բանի մասին, որ մենք պետություն չունենք: Մենք չունենք անվտանգություն, այս ամեն ինչը վերածել են խեղկատակության: Արդեն անցել են վերջին պաշարների վաճառքին:
Թուրքական մամուլում էլ հրապարակվում է, որ շարքային ահաբեկիչը լուսանկարվում է ՀՀ վարչապետի հետ: Վաղը, մյուս օրը, եթե այդ շարքային ահաբեկիչը մի ահաբեկչություն կատարի կամ բռնվի խոշոր չափի թմրանյութերի առքուվաճառքի մեջ, անմիջապես հանելու են լուսանկարն ու ասեն` տեսե՛ք, թե ում հետ է եղել: Հիմա պետք է բացահայտել այն մարդկանց շրջապատը, որոնք բերել եւ հասցրել են դրան, որ դա վարչապետի հետ է հանդիպել ու նկարվել: Ու այդտեղից շատ հետաքրքիր փաստեր դուրս կգան:
Հ.Գ. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանն այս առիթով հայտարարել է. «Հաճախ է լինում, որ վարչապետը լուսանկարվում է միջոցառումների մասնակիցների հետ: Տիգրան Սարգսյանը չի ճանաչել այդ մարդուն, ուղղակի լուսանկարվել է»:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ԴԻՄՈՒՄ ԿԳՐԵՆ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Երեւանի պետական համալսարանի մի շարք լաբորանտներ եւ վարչական բաժնի աշխատակիցներ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել: Բանն այն է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոստացել էր 2014թ. ընթացքում բուհի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել, սակայն ավելի ուշ նշել է, թե ինքը չի ասել՝ անպայման կբարձրացնի, այլ պարզապես կանի այն, ինչը հնարավոր կլինի: «Մենք առավոտյան՝ ժամը 9-ին, գնում ենք աշխատանքի եւ մեր աշխատանքային ժամն ավարտվում է ժամը 6-ին: Այս աշխատանքի դիմաց ստանում ենք ընդամենը 60 հազար դրամ: Այս թանկացումների ֆոնին, որ գումարվում է պարտադիր կուտակային կենսաթոշակի համար գանձվելիք տոկոսները, ստացվում է, որ մենք պարզապես գոյություն չենք կարող պահել, ուստի ազատման դիմումներ կգրենք»: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, սակայն նա դեռ չի վերադարձել ՀՀ:
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԿԹԱՆԿԱՆԱՆ
ՀՀ կառավարությունը երեկ հավանություն տվեց օրենքի այն նախագծին, որի համաձայն՝ պետք է դրոշմակնքվեն Հայաստանում արտադրված եւ ներմուծված բոլոր այն ապրանքները, որոնք փաթեթավորված են: Նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ դրոշմակնքվելու են կաթնամթերքը, արդեն պատրաստի վիճակում գտնվող մսամթերքը, ձկնեղենը, քացախը եւ այլն: Նա հավաստիացրեց, որ ըմպելիքների դրոշմակնքումից հետո հայտարարագրված ապրանքների ծավալը մեծացել է, այսինքն՝ ստվերը կրճատվել է:
Թեեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը երեկ՝ լրագրողների հետ զրույցում, վստահեցրեց, որ դրոշմակնքումից հետո առաջին անհրաժեշտության ապրանքները չեն թանկանալու, սակայն «Չանախ» կաթնամթերքի արտադրության տնօրեն Ղուկաս Բունիաթյանը հակառակն է պնդում: «Շատ վատ բան կլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ դրան համապատասխան ապարատը, դրոշմակնիքը պետք է ձեռք բերենք, պայմաններ ստեղծենք, դա օդով չի լինում, հասկանո՞ւմ եք: Մի բառով ասելով չէ: Լրացուցիչ աշխատանք է, առանց այն էլ մեր վիճակը վիճակ չէ: Իհարկե կթանկանա արտադրանքը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա: «Բիո կաթ» ընկերության տնօրեն Գարիկ Սարուխանյանը եւս կարծիք հայտնեց, որ արտադրատեսակների դրոշմակնքումից հետո ամեն ինչ թանկանալու է:
Այսպիսով՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ այս դեպքում ՊԵԿ նախագահի տեղակալը, հրապարակավ ստում է՝ պնդելով, թե ապրանքատեսակները չեն թանկանա:
ՊԱՅԹՈՒՑԻԿ ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԻ
Երբ 2013թ. մայիսի 2-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությանն արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր եւ պայթեցման միջոցներ ներմուծելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծը, կառավարությունը հատուկ որոշում կայացրեց՝ թույլատրել: Սակայն սահմանվեցին հստակ ժամկետներ. ընկերությունը կարող էր հանքարդյունաբերության համար անհրաժեշտ պայթուցիկները ներկրել մինչեւ 2013թ. դեկտեմբերի 31-ը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Բեկոր» ՓԲԸ-ի տնօրեն Ֆրենդ Նազարյանը դեկտեմբերի 28-ին որոշել է Այրումի մաքսային կետով արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր եւ պայթեցման միջոցներ ներմուծել առանց անհրաժեշտ հայտարարագրի: Եվ ահա մաքսային ծառայությունն էլ 12 օր անց՝ հունվարի 9-ին, «Բեկոր» ՓԲԸ-ի տնօրեն Ֆրենդ Նազարյանին տուգանքի է ենթարկել 50 հազար դրամի չափով:
ԿՈՒՅՐ ԵՎ ԽՈՒԼ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այդպես էլ որեւէ կերպ չեն արձագանքել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ հատուկջոկատայինների առաջխաղացման հետեւանքով զինված բախմանը, որի հետեւանքով զոհեր եղան: Այնինչ դեպքից անցել է արդեն չորս օր, եւ իրենց մանդատի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտավոր էին հանդես գալ միջադեպը դատապարտող հայտարարությամբ, ինչպես բազմիցս արվել է նախկինում: Այս օրերին միայն ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է «Թվիթեր»-ի իր էջում գրել. «Շփման գծում բռնությունն ու լարվածությունը հարվածում են հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ջանքերին: Ցավում եմ մահվան կապակցությամբ»: Տեղի ունեցածը, թերեւս, խոսում է մի կողմից ԼՂ հակամարտության նկատմամբ համանախագահների անտարբերության մասին, մյուս կողմից դա հայկական դիվանագիտության անարդյունավետության վկայությունն է. ի վերջո, տուժող կողմը Հայաստանն է, եւ ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր էր ամեն ինչ անել, որպեսզի համանախագահները միջադեպի կապակցությամբ իրենց վերաբերմունքն արտահայտեին: Իսկ մինչ այդ, ե՛ւ ղարաբաղա-ադրբեջանական, ե՛ւ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներն ավելի են հաճախակիացել: