ՃԱՄՓԵՆ ՊԻՏԻ ՉԻՄԱՆԱ, ԹԵ ՈՒՐ ԿԵՐԹԱՄ ԵՍ
Թեեւ կառավարության երեկվա նիստում հաստատվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը, սակայն իշխանությունները շարունակում են այն գաղտնի պահել: Իհարկե, չմոռացան խոստանալ, որ երկու օրից այն կհրապարակվի:
Մինչ այդ, նշենք, որ տեքստի վրա խմբագրական շտկումներ պետք է արվեն: «Չափազանց կարեւոր է, որ այս պահի դրությամբ բոլոր թարգմանությունները լինեն կոռեկտ, որովհետեւ ապագայում արդեն բոլոր այդ փաստաթղթերի տերմիններն օգտագործվելու են ըստ այն փաստաթղթի, որը մենք այսօր հաստատելու ենք,-ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խնդրելով, որ արդարադատության եւ էկոնոմիկայի նախարարությունները մեծ ուշադրություն դարձնեն տերմիններին,-որպեսզի ռուսերեն տարբերակները եւ հետագայում հայերեն տարբերակները համադրելի լինեն ամբողջությամբ: Երեկ՝ խորհրդակցության ժամանակ, պարզվեց, որ որոշ վերնագրերի շուրջ կան տարընթերցումներ, թե ճիշտ թարգմանությունն ինչպիսին է, եւ ինչ տերմինաբանություն մենք պետք է օգտագործենք, որովհետեւ հայերենում այլ տերմիններ են օգտագործվում, քան ռուսերենում»: Սակայն այս դեպքում անհասկանալի է, թե կառավարությունն իր նիստում ինչ փաստաթուղթ հաստատեց, եթե ճանապարհային քարտեզի թարգմանության վրա դեռ պետք է խմբագրական շտկումներ արվեն: Համենայնդեպս, տրամաբանությունը հուշում է, որ պետական մարմինը փաստաթուղթը պետք է հաստատի այն տեսքով, որով ներկայացվում է, իսկ եթե դրանից հետո խմբագրական փոփոխություններ են արվում, ապա դրանք պետք է առանձին որոշմամբ հաստատվեն:
Անշուշտ, կարելի է ենթադրել, որ կառավարությունն այս հարցում եւս որոշել է արհամարհել ՀՀ պետական լեզուն՝ հայերենը, եւ ճանապարհային քարտեզն ընդունել է ռուսերենով: Ու պատահական չէր, որ Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ՄՄ-ին ՀՀ անդամակցության ժամկետների մասին, կեսկատակ-կեսլուրջ ասել էր. «Մենք նույնիսկ չենք հասցնում մեր հայ գործընկերների հետեւից»: Դե իհարկե:
Ինչեւէ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կառավարության երեկվա նիստում ներկայացրեց ճանապարհային քարտեզը՝ տեղեկացնելով, որ այն ներառում է շուրջ 20 բաժին, 262 միջոցառում, որոնցից 150-ն իրականացվելու են նախքան անդամակցությունը: Թե ինչ միջոցառումների մասին է խոսքը, բնականաբար, կրկին ոչինչ չասվեց:
«Ժառանգություն» կուսակցության արտաքին կապերի գծով փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անթույլատրելի համարեց ճանապարհային քարտեզը գաղտնի պահելը: «Մտահոգիչ է, որ կառավարությունը հաստատեց մի փաստաթուղթ, որը, սակայն, գաղտնի է պահվում: Կառավարությունը շարունակում է սեփական հասարակության թիկունքում գործել գաղտագողի, ՀՀ պետության եւ ինքնիշխանության դեմ գործել»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ իշխանությունները նույն կերպ պահեցին իրենց նաեւ եվրոասոցացման համաձայնագրի դեպքում: «Սա անթույլատրելի է, եթե չասեմ՝ հանցագործություն,-նշեց նա՝ շարունակելով,-սա նշանակում է, որ այս իշխանություններն ինչ-ինչ գործոնների տակ պարտադրված են Հայաստանը մտցնել Մաքսային միություն եւ փորձում են, գործընթացը ոչ հրապարակային պահելով, խուսափել հնարավոր խոչընդոտներից, արգելքներից: Ուզում եմ հիշեցնել, որ այդ արատավոր խաղի կանոնը ներդրվել է հայ-թուրքական արձանագրություններից հետո. հասարակությանն անակնկալի բերել, երբ արդեն իսկ ամեն ինչ տեղի է ունեցել»: Ս. Սաֆարյանը տեսակետ հայտնեց, որ իշխանությունների համար կարեւոր է՝ ճանապարհային քարտեզից տեղյակ լինի ռուսական կողմը. «Վստահ եմ՝ ռուսական կողմն ինքն է թելադրել խաղի կանոնները, քայլերն ու ժամանակացույցը, ու հիմա այն չեն հրապարակում, քանի որ վախենում են՝ հայ հասարակությունը, միջազգային հանրությունը կարող են խոչընդոտել»:
Ակնհայտ է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն իր հերթին կհանգեցնի բացասական հետեւանքների: Մասնավորապես, կտրուկ կթանկանան առաջնային անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակներ: Բացի այդ՝ լուրջ խնդիրներ են սպասվում երրորդ երկրներից, հատկապես Եվրոպայից տարատեսակ ապրանքների ներմուծման հարցում: ՀՀ իշխանություններն այս ողջ ընթացքում այդպես էլ որեւէ կերպ լրջորեն չեն անդրադարձել այդ խնդիրներին, մեկնաբանություններ չեն տվել:
Ուշագրավ զուգադիպությամբ, այս օրերին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրահավաք է սկսվել այդ երկրի՝ ՄՄ-ին անդամակցելու դեմ: Ստորագրահավաքը կազմակերպել են «Ռեֆորմա» կուսակցության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հայաստանում, սակայն, որեւէ մեկը նման քայլի չդիմեց. լավագույն դեպքում, արեւմտամետի համբավ ունեցող գործիչները մամուլում կամ սոցիալական կայքերում հայտարարում են՝ «Հայաստանում ընդդիմություն չկա», «ընդդիմությունը ռուսամետ է»: Որեւէ մեկը չստանձնեց պայքարի առաջամարտիկի դերը ու ցույց չտվեց, որ իր նպատակը ոչ թե դատարկաբանելն է, այլ գործ անելը: Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՆԱՀԱՆՋ՝ ԽԵԼՔՈՎ
Հիշո՞ւմ եք վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները, թե Հայաստանի ապագան տեսնում է որպես գիտելիքահեն հասարակություն եւ տնտեսություն: Նա այդ մասին խոսել է պարբերաբար՝ 2010թ. սկսած: Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեղաշարժ է գրանցել Հայաստանն այս «ոլոլորտում». իհարկե բացասական: Համաշխարհային բանկի սահմանած «Գիտելիքահեն տնտեսության ինդեքս-2012»-ում Հայաստանը նահանջել է միանգամից 13 կետով եւ 146 երկրի մեջ զբաղեցրել 71-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանն այս հարցում 7 կետով, իսկ Ադրբեջանը` 15 կետով բարելավել են իրենց դիրքերը: 2013թ. տվյալները դեռ չեն ամփոփվել, եւ Համաշխարհային բանկն այն դեռ չի հրապարակել:
ՊԱՏՃԱՌԸ ՉԻ ՆՇՎՈՒՄ
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Թեեւ պաշտոնապես հայտնի չէ նրա ազատման պատճառը, բայց կարելի է ենթադրել, որ այն կարող է կապված լինել հայերին բնաջնջելուն կողմնակից թուրք ազգայնական Հասան Օքթայի՝ Հայաստան կատարած այցով: Բանն այն է, որ «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից Հասանը Հայաստան է եկել ոչ մեկ անգամ, եւ այցերից մեկի ժամանակ նրան ուղեկցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Գուցե Սերժ Սարգսյանը կասկածներ ունի, որ ԱԱԾ-ում չե՞ն իմացել, թե ում են ուղեկցել: Ամեն դեպքում, Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությունը հետաքրքիր է, քանի որ նա ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մորաքրոջ թոռն է:
ՆՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
ՀՀ կառավարությունը երեկ հաստատել է կենսաթոշակների անկանխիկ վճարումների կարգը: Բացի այդ՝ հաստատվել է նաեւ կենսաթոշակի տրամադրման մերժման կարգը, որի մասին սոցապահովության տարածքային բաժնի որոշումը պետք է տրվի աշխատանքային 5 օրվա ընթացքում՝ գրավոր տեսքով, հիմնավորումներով ու բողոքարկման կարգի մասին ծանոթագրությամբ: Եթե դիմողից հավելյալ փաստաթղթեր պահանջելու որոշում է ընդունվում, այդ մասին հարկավոր է հայտնել նույն այդ հինգ օրում եւ մատնանշել հարկավոր փաստաթղթերը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում, հիշեցնելով, որ սոցիալապես խոցելի ընտանիքներին կառավարությունը ֆինանսական օժանդակություն էր ցուցաբերում սպառված գազի դիմաց, նշել է, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է. նրանց համար 1 խորանարդ մետր գազի գինը մնալու է 100 դրամ. «Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը, որ մատակարարվում էր այդ ընտանիքներին, կազմում էր 132 դրամ 1 խորանարդ մետրի համար, եւ 32 դրամը մենք հատուցում էինք: Հիմա այդ գինը դարձել է 156 դրամ 1 խորանարդ մետրի համար: Դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք 56 դրամը նրանց փոխհատուցել»:
ՄԻԱՅՆ ԳՐԱՎՈՎ
Հայ ուսանողները, որոնք մեկնում են արտերկիր՝ սովորելու, այլեւս չեն կարողանա զինծառայությունը հետաձգել՝ առանց առնվազն 8,5 մլն դրամ գրավի: «ՀՀ զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրինագիծը երեկ հավանություն է ստացել ՀՀ կառավարության նիստում:
ԿԲՌՆԱԳԱՆՁԵՆ
Մոսկվայի Իրավարարական դատարանը բավարարել է ԱՊՀ Միջպետական բանկի` «Նաիրիտ» գործարանի սեփականատեր հանդիսացող Rhinoville Property Limited ընկերությունից 107.95 միլիոն դոլար բռնագանձելու հայցը: Դատարանը պարտավորեցրել է բռնագանձել հիմնական պարտք հանդիսացող 68.6 միլիոն դոլարը, ինչպես նաեւ տոկոսներն ու վարկերի տուժավճարը: Հիշեցնենք, որ 2006թ. «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90%-ը 40 միլիոն դոլարով վաճառվել էր բրիտանական Rhinoville Property Limited ընկերությանը, իսկ մնացած 10%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը:
152 ՀԱԶԱՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
«ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճին անդրադարձ չի եղել»,-վստահեցրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդ. Շարմազանովը` ընդգծելով, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունում ամեն ինչ հստակ ասված է: Երեկվա նիստում, որը վարել է Սերժ Սարգսյանը, արձանագրվել է, որ 2013-ի տվյալներով 152 հազար ՀՀԿ ներկայացուցիչ կա, կուսակցությունը բոլոր համայնքներում ունի կառույցներ եւ գործող գրասենյակներ: Շարմազանովը նաեւ հիշեցրել է, որ անցած տարի 32 համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում 24 տեղերում հաջողության են հասել ՀՀԿ-ականները: