ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՎԱԽԵՆԱԼՈՒ ՉՈՒՆԻ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել քաղաքացի Կարեն Քոչարյանը, որը դարձել է դատախազության աշխատակցի կողմից պահվող շներից մեկի թիրախը: Շունը կծել է նրան, իսկ տերը հրաժարվում է հայտնել շան գտնվելու վայրը: Ու եթե առաջիկա 1 ամսվա ընթացքում գազազած շունը չհայտնաբերվի, Աստված գիտե, թե ինչ կարող է տեղի ունենալ քաղաքացու հետ:
Եվ այսպես, ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Կարենը, հունվարի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իր մեքենան տարել է «Օդալեն» ռեստորանային համալիրին կից գազալցակայան՝ լիցքավորելու. «Մեքենաս կայանել էի գազալցակայանում եւ սպասասրահի մոտ կանգնած՝ սպասում էի, որ լիցքավորումն ավարտվի: Այդ պահին գազալցակայանի փողոցի մայթեզրով մի շուն վազելով գալիս էր, ու մի փոքրամարմին մարդ ոչ մի կերպ չէր կարողանում նրան բռնել: Ես ընդհանրապես շներից վախ չունեմ եւ կանգնած նայում էի, շատ հետաքրքիր էր»:
Շատ չանցած՝ այդ հետաքրքիր տեսարանը դժոխային է դարձել Կարենի համար, քանի որ շունը, հեռվից գալով, հարձակվել է իր վրա: Կենդանին փորձել է ատամներով բռնել Կարենի ոտքից, սակայն նրան հաջողվել է այն փախցնել: Շունը պտտվել է եւ բերանով բռնել Կարենի արմունկը: Քաղաքացին շուրջ 6 րոպե փորձել է ազատվել շան ատամներից, սակայն չի հաջողվել: Նրան օգնության է հասել շնաբույծը, որը, ընկնելով գետնին, մի կերպ կարողացել է բռնել գազազած շան կոկորդից` այդ կերպ խեղճացնելով կենդանուն եւ ազատելով Կարենին: «Ազատվելով շնից՝ փորձեցի պարզել, թե ինչ տեսակի շուն է: Այդ ընթացքում երկու հոգի ինձ մոտեցան, հասկացա, որ շան տերերն են, որոնց տեղյակ էին պահել կատարվածի մասին: Նրանց հարցրի, թե ում շունն է, ասացին՝ ի՞նչ իմանանք, փողոցային շուն է, փախել եկել է: Ես ասացի, թե բողոք չունեմ, ընդամենը ցանկանում եմ իմանալ, թե ինչ ցեղատեսակի շուն է, որ հիվանդանոցում ճիշտ դեղեր ներարկեն»,-մանրամասնեց Կարենը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ իրեն մոտեցողներն «Օդալեն» ռեստորանային համալիրի եւ նրան կից գազալցակայանի սեփականատեր Օհան Մուրադյանն ու տնօրեն Հարություն Առաքելյանն են եղել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Օհան Մուրադյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության ֆինանսական վարչությունում, իսկ թե ինչ գումարներով է կարողացել այդքան եկամտաբեր օբյեկտների տեր դառնալ, թերեւս այլ հրապարակման առիթ դառնա:
Ըստ Կարենի՝ երբ Օհան Մուրադյանն ու Հարություն Առաքելյանը համոզվել են, որ ինքը բողոք չունի, առավել անկեղծացել են. «Ասացին, թե նորմալ շուն է, բերել ենք Զեյթունից, տերն Ամերիկա է գնացել, մենք ենք պահում, ու միայն ռեստորանի միս է ուտում: Վանդակում են պահել, հետո տարել, պահել են բունկերում: Նաեւ սկսեցին համոզել, թե հիվանդանոց մի՛ գնա»:
Այսպես, Կարենն արյունոտ ձեռքով վճարել է լիցքավորված գազի 5000 դրամը եւ գնացել տուն: Ավելի ուշ նրա մոտ՝ շան կծած հատվածում, քոր է սկսվել: Ստիպված դիմել է հիվանդանոց, սակայն չի ասել, թե ինչ հանգամանքներում եւ որտեղ է շունն իրեն կծել, որպեսզի ոստիկանությունը քննություն չսկսի, եւ հավելյալ քաշքշուկ չլինի. «Հիվանդանոցում ներարկեցին, հետազոտեցին: Բժիշկն ասաց, որ շան տիրոջը զգուշացնեմ՝ սկզբնական 10 օրվա ընթացքում շանը պահեն հսկողության տակ, չծեծեն, որ փախել է, չնեղացնեն եւ սոված չթողնեն: Մի խոսքով, չկատաղեցնեն, քանի որ դա կարող է վատ անդրադառնալ ինձ վրա: Գնացի ռեստորան, ասացի, թե ուր է շունը: Օհանն ասաց, թե բրախել է: Ասի՝ ոնց թե բրախել ես: Կանչեցին շնաբույծին, հարցրին, թե ուր է տարել, նա էլ թե՝ Զովունի գյուղ: Թիկնապահները լցվեցին, սկսեցին ձայները բարձրացնել, թե իրենք պրոբլեմ չունեն եւ ինձ հաշվետվություն չպիտի ներկայացնեն շան մասին: Ես էլ ասացի, թե ես էլ պրոբլեմ չունեմ եւ պահանջեցի հարգանքով խոսել դիմացինի հետ»:
Այդ ժամանակ Օհան Մուրադյանը նրան խոսք է տվել գտնել շանը. «Հեռախոսահամարներով փոխանակվեցինք, եւ սպասում էի նրա զանգին: Չզանգեց, ես զանգում եմ, չի վերցնում: Գնացի ռեստորան, չգտա: Ստիպված եմ ձեր միջոցով նրանից պահանջել գտնել շանը, պատրաստ եմ այդ շանը 1 ամիս կերակրել իմ միջոցներով, մինչեւ առողջանամ»:
«Ժողովուրդ»-ն այցելեց «Օդալեն» ռեստորանային համալիր՝ տեղում պարզելու, թե ինչ շան մասին է խոսքը, եւ ինչու են, բազում թիկնապահներից բացի, նաեւ շներ պահում ռեստորանի տարածքում՝ վտանգելով կողքի գազալցակայան այցելողների առողջությունը: Թեեւ Օհան Մուրադյանի ավտոմեքենաները տարածքում էին, նրա ցուցումներն էլ՝ լսելի, սակայն նա խուսափեց հանդիպել մեզ հետ: Եկավ միայն ռեստորանային համալիրի, ինչպես նաեւ գազալցակայանի տնօրեն Հարություն Առաքելյանը եւ շփոթված ասաց, թե գազազած շան հետ իրենք որեւէ կապ չունեն: Նա նաեւ հրաժարվեց իրենց խոսքերից, որ ասել էին Կարենի հետ հանդիպման ժամանակ, թե ռեստորանի շունն է, եւ կարող են հանգիստ լինել, չի սատկի:
«Որեւէ առնչություն չունենք շան հետ: Մեր տարածքում շատ շներ են ման գալիս, հո բոլորի համար պատասխանատուն մե՞նք չենք: Մենք մոտեցել ենք նրան, քանի որ տարածքը մեր հիմնադիր նախագահի հետ կապ ունի, եւ այդ տարածքում է եղել դեպքը»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք վախենալու ոչ մի բան չունեն:
Օբյեկտի հարեւանությամբ արված հարցուփորձից պարզեցինք, որ ՀՀ գլխավոր դատախազության ֆինանսական վարչության աշխատակից Օհան Մուրադյանը շների նկատմամբ հատուկ սեր ունի, եւ դա ոչ միայն թիկնապահների առատության տեսքով է արտահայտվում, այլեւ երբեմն իր բուծած իրական շներին կռվեցնում է:
Այսպիսով՝ պետական պաշտոնյան, որը պարտավոր է իրեն պատկանող հասարակական նշանակության օբյեկտների բակում ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովել, իր դիրքն օգտագործելով, քաղաքացու մոտ հոխորտացել է, թե վախենալու բան չունի: Նա հավանաբար չի գիտակցում, որ լուրջ խնդիրներ հաստատ կունենա, եթե, Աստված մի արասցե, Կարենի կյանքին վտանգ սպառնա:
Հուսանք, որ Աղվան Հովսեփյանի «մնացորդի» կարգավիճակում դատախազությունում աշխատող այս նորահայտ գործարարով իր սիրելի դատախազությունը չի զլանա զբաղվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՆՏԵՂՅԱԿ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԸ

Կառավարությունը, որ մտադրված էր պետական բյուջեի միջոցները համալրելու նպատակով աճուրդով վաճառել թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստը, երեկ մտափոխվել է: Կառավարության նիստում հակառակ որոշումն է կայացվել: Իսկ պատճառը, պարզվում է, միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազումն է եղել: Տեղի ունեցածը, թերեւս, հերթական ապացույցն է այս կառավարության, մեղմ ասած, անպատասխանատու գործելաոճի մասին. մի՞թե Տիգրան եւ Դավիթ Սարգսյանները չգիտեին միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման միտումների մասին, որ աճուրդի էին հանում պետական ունեցվածքը: Այնպես որ, նրանց քայլերը ծիծաղ են առաջացնում:

 

ՇՈՒՏՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ

2013-ի հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան Լիա Միսակյանի գործով նախաքննությունը շուտով կավարտվի, եւ նյութերը կուղարկվեն կողմերին՝ ծանոթանալու համար: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցը: Այդ քրեական գործը հարուցվել է մահացած երեխայի հոր 11-ամսյա պայքարի արդյունքում: Նա բժշկական փորձաքննության արդյունքները 2 անգամ բողոքարկել եւ կարողացել է ապացուցել, որ «Արաբկիր» բ/կ-ի բժիշկներն են եղել իր դստեր մահվան պատճառը:
Հիշեցնենք, որ հայր Գեորգի Միսակյանն իր դստերը հիվանդանոց էր տարել 2012թ. դեկտեմբերի 31-ին, բժիշկները նրան ասել էին, թե երեխայի մոտ սովորական վիրուս է, կանցնի, սակայն հունվարի 2-ին Լիայի վիճակը բարդացել էր, եւ նրա կյանքը փրկել չէր հաջողվել: «Ես չէի կարող թողնել, որ իմ երեխայի արյունը չորանար գնար: Այդ վերաբերմունքի արդյունքում այլ երեխաներ կարող են տուժել»,-«Ժողովուրդ»-ին ասաց մահացած երեխայի հայրը:
Հավելենք, որ «Արաբկիր» բ/կ-ի սեփականատերն ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանն է, որի որդին՝ Արման Բաբլոյանը, ՀՀ առողջապահության փոխնախարարն է:

 

 

 
ԲԼԹ

«Չպետք է ինչ-որ եզրակացություններ անել եւ դրանից տոնայնությունն ու բառերի օգտագործումը փոխել: Նման երեւույթները որեւէ լավ բան չեն տալիս»:

Հրայր Թովմասյան Tert.am
Արդարադատության նախարարն այստեղ նկատի ունի Քոչարյան-Սարգսյան բանավեճը, որտեղ իրականում շատ եզրակացություններ անելու կարիք էլ չկա, քանի որ Ռոբերտ Քոչարյանն իր ասելիքը պարզից էլ պարզ ասել է, ՀՀԿ-ական նախարարներն էլ իրենց հատուկ տոնայնությամբ, բայց կրկին հասկանալի ձեւով պատասխանել են: Հրայր Թովմասյանը երեւի չի պատկերացնում, որ միջնադարը վաղուց անցել է, եւ այսօր մարդիկ, ունենալով մշտապես տեղեկացված լինելու հնարավորություն, ընդունակ են նաեւ սեփական եզրահանգումների: Այնպես որ, նման երեւույթները շատ էլ լավ բաներ են տալիս:

 
«Առաջարկվում է Երեւանի Փոքր կենտրոնը դիտարկել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ»:

Սամվել Թադեւոսյան News.am
Քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարարի այս առաջարկի իմաստը թերեւս նախ որոնել եւ գտնել է պետք, եթե այն, իհարկե, կա: Բայց մյուս կողմից հետաքրքիր է՝ ի՞նչ կարիք կա, որ Փոքր կենտրոնը լինի հատուկ կարգավորման օբյեկտ, որպեսզի էլ ավելի հե՞շտ լինի փչացնել դրա տեսքը տարատեսակ անճաշակ եւ անորակ շենքերով ու շինություններով: Այդ դեպքում առավել եւս կարիք չկա, քանի որ առանց այն էլ կենտրոնի տեսքը փչացնելու գործընթացը վաղուց սկսվել է: Բայց լավ կլինի, որ գոնե ժամանակ առ ժամանակ հիշեն, որ Հայաստանը միայն Երեւանի Փոքր կենտրոնով չի սահմանափակվում:

 
«Իշխանության կողմից գոյավորված այդ նորաթուխ ընդդիմությունը փողոցի զանգվածի համար յուրային դառնալու խնդիր ունի…»:

Արման Մելիքյան «Ֆեյսբուք»
Ընդդիմության մասին նմանատիպ լուրջ վերլուծություններ անելու փոխարեն շատ ավելի օգտակար կլիներ, եթե ՀՀ նախագահի հավերժ թեկնածուն այդ ընդդիմության մեջ լիներ եւ ֆեյսբուքյան ստատուսներ գրելու փոխարեն գործեր, կոնկրետ աշխատանքներ իրականացներ, հետո նոր շարադրեր իր մտքերը: Թե չէ 5 տարին մեկ գալիս է, 0,24 տոկոս ձայն հավաքում եւ կրկին 5 տարով անհետանում: Պարզապես այս անգամ գոնե վիրտուալ դաշտից չի անհետացել, որովհետեւ ներկայումս «Ֆեյսբուք» կա, որը թույլ է տալիս առանձնապես առանց ջանքեր գործադրելու հանրությանը ներկայացնել նման հեղինակավոր կարծիքներ:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս