ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԴԵ ԼԱՎ, ՄԻ՞ԹԵ ԴԱՇՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ»

«Վիկիլիքս»-ը հրապարակել է ԱՄՆ դիվանագիտական ներքին նամակագրության հերթական փաստաթուղթը, որը պատմում է ՀՅԴ ղեկավարության եւ ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի 2009թ. մայիսի 6-ի հանդիպման մասին: Զրույցի գլխավոր թեման եղել են մի քանի օրից կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները: Կողմերը քննարկել են նաեւ քաղաքական մյուս ուժերի մոտեցումներն ու վարքագիծը: Հատկանշական են դեսպան Յովանովիչի՝ փաստաթղթի մեկնաբանությունների բաժնում առանձնացրած կարծիքները ՀՅԴ գործունեության ու ղեկավարության մասին:
ՀՅԴ-ից հանդիպմանը մասնակցել է 5 ներկայացուցիչ՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանն ու Արա Նռանյանը: Վ. Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, թե իրենց «ցուցակն անհաղթելի է հատկապես Արծվիկ Մինասյանի առաջնորդությամբ»: Մինասյանն էլ իր հերթին նշել է, թե իրենց եւ հաղթանակի միջեւ «կանգնած են միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որոնք անազնիվ են օգտագործում սեփական վարչական լծակները, ունեն մեծ ֆինանսներ, որով էլ կարողանում են ճնշում բանեցնել ընտրողների վրա»: Դաշնակցականները պնդել են, որ բավականին վստահ են սեփական ուժերի եւ հնարավորությունների վրա: Հիշեցնենք որ 2009թ. Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում «Դաշնակցություն»-ն անկարող եղավ հաղթահարել 7%-ի շեմը եւ չներգրավվեց ավագանու աշխատանքներում:
Փաստաթղթում նախկին դեսպանը պատմում է ընտրությունների նախնական շրջանում ՀՅԴ-ի վարքագծի մասին՝ նկատելով, որ նրանք քանիցս դիմել են Սերժ Սարգսյանին արդար ընտրություններ անցկացնելու խնդրանք-պահանջով, «ով նույնիսկ չի էլ արձագանքել այդ դիմումներին»: Յովանովիչը հատուկ ընդգծում է. «Դաշնակները 10 օր անց լքեցին իշխող կոալիցիան, բայց ոչ թե ընտրությունների, այլ արտաքին քաղաքական պատճառներով» (հայ-թուրքական արձանագրությունների-Ն. Հ.):
«Դաշնակցություն»-ը, հարկավ, կդավաճաներ ինքն իրեն, եթե ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ընթացքում առիթը բաց թողներ եւ չհիշեր «Հայ ազգային կոնգրես»-ին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հովհաննիսյանն ու Մինասյանը հայտնել են, թե ՀԱԿ-ն իրենց հանդեպ սեւ քարոզչություն է իրականացնում: Կոնգրեսի ակտիվիստները դռնեդուռ այցելություններ են անում եւ ասում, թե Մինասյանը չի կարող քաղաքապետի պաշտոնի համար պայքարել, քանի որ Երեւանում գրանցված չէ: Ապա, քննարկելով «Ժառանգություն» կուսակցության թեման, Ռուստամյանն ու Մինասյանը նշել են, որ հույս ունեն ստանալ այդ ուժի աջակցությունը: Դեսպանը թողել է մեկնաբանություն, համաձայն որի՝ իրենց ժառանգական կոնտակտները հայտնել են, որ չեն պատրաստվում աջակցել «Դաշնակցությանը»՝ ավելացնելով. «Ի՞նչ ընդդիմություն են նրանք, չէ՞ որ հենց նոր են լքել կոալիցիան»: Յովանովիչը նշում է, որ «Ժառանգություն»-ն էլ ՀԱԿ-ի հետ տապալված բանակցություններից հետո որոշեց չմասնակցել ընտրություններին եւ կոչ արեց իր ընտրողներին քվեարկել ընդդիմության օգտին՝ առանց ՀԱԿ-ին անվանապես նկատի ունենալու:
Ուշագրավ է, որ Յովանովիչը փաստաթղթում գրում է, թե բոլորի մոտ այս հարցն է ծագում. «Դե լավ, մի՞թե դաշնակներն իսկապես ընդդիմադիր են»: Նախկին դեսպանի հարցին, թե ինչպես կարող է ՀՅԴ-ն, դեռ կոալիցիան նոր լքած, լուրջ ընդդիմադիր գործառույթներ ստանձնել, Վ. Հովհաննիսյանը պատասխանել է, թե իրենք միշտ էլ իշխանության մեջ ընդդիմադիր են եղել, բարձրացրել են ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական եւ գործարարության ոլորտների խնդիրները, որտեղ «իրենք իշխանությունների հետ տարբերություններ ունեն»: Հետաքրքիր է՝ Վ. Հովհաննիսյանի՝ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելը նույնպես «իշխանության մեջ ընդդիմություն» լինելու արարի հերթական դրսեւորումն է:
Փաստաթղթի մեկնաբանությունների հատվածում դեսպան Յովանովիչն արձանագրել է. «Երբ քննում ենք դաշնակ առաջնորդներին, յուրաքանչյուրի մոտ ծագում է այն զգացումը, որ այդ մարդիկ իրենց սրտերում ունեն հայրենիքի շահերը: Նրանց՝ տասնամյակից ավելի տեւած համագործակցությունն իշխանությունների հետ, որը ենթադրաբար այժմ ավարտվել է, ցույց տվեց, որ դաշնակներն ուժեղ ցանկություն ունեն իշխող ռեժիմի մաս լինելու: Երեւանում շատերն են վստահ, որ դաշնակների քաղաքական անապատացումը երկար տեւել չի կարող: Մինչդեռ կառավարությունն արտաքին քննադատներին հապճեպորեն արձագանքեց, որ դաշնակների հեռացումն իշխանությունից պարզորեն ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական գործընթացները ժողովրդավարական հունի մեջ են: Խիստ կասկածելի է, որ կուսակցությունը կարող է արդյունավետորեն ազատվել իր հին վերարկուից, հագնել նորը եւ մեկ ամսվա կտրվածքով վարել վստահելի ընդդիմության քարոզարշավ: Ավելի ճիշտ է ընդունել, որ նրանք կշարունակեն մնալ որպես երկրորդ կարգի խաղացողներ՝ անկախ նրանից` կլինեն իշխող ռեժիմի մեջ, թե նրանից դուրս»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՋՐԻ 80 ՏՈԿՈՍԸ ԿՈՐՈՒՄ Է

Հունվարի 21-ին Նոյեմբերյանի ավագանու նիստում քաղաքի խմելու ջրի ներքին ցանցում իրականացվելիք ծրագրի վերաբերյալ հաղորդմամբ հանդես եկավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հյուսիսարեւմտյան մասնաճյուղի շահագործման աշխատանքների բաժնի պետ Նորայր Վարդանյանը: Նա ներկայացրեց մեկ ամսից Ասիական բանկի վարկային ծրագրով Նոյեմբերյանում մեկնարկելիք խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրի մանրամասները: Ն. Վարդանյանը նշեց, որ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցն անցյալ դարի 50-60-ական թվականներին է կառուցվել, եւ դրա մաշվածության հետեւանքով Նոյեմբերյանին մատակարարվող խմելու ջրի 80 տոկոսը կորում է: Իսկապես, Նոյեմբերյանում հաճախ կարելի է տեսնել հոսող, փողոցների ասֆալտի շերտը քանդող առուներ, որոնք գոյանում են խմելու ջրագծի ներքին ցանցում առկա, ամիսներով չվերացվող վթարների հետեւանքով: Ն. Վարդանյանի ներկայացմամբ` 500 միլիոն դրամարժողությամբ ծրագրով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում նորոգել, 25 կմ ընդհանուր երկարությամբ ջրագծում պլաստմասե խողովակներով փոխարինել գործող ցանցը, վերանորոգել առկա 4 ջրամբարները, սեփական առանձնատների բնակիչների համար տեղադրել 1100 հատ ջրաչափ, ինչպես նաեւ նորոգել աշխատանքների ընթացքում վնասված 4400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ասֆալտապատ ճանապարհը: Ըստ Ն. Վարդանյանի՝ ծրագրի իրականացման դեպքում կնվազեն մատակարարվող ջրի կորուստները, արդյունքում` ներկայիս 4-ժամյա գրաֆիկի փոխարեն Նոյեմբերյան քաղաքին օրական 14 ժամ ջուր կմատակարարվի: Նշենք, որ ծրագրի իրականացման մրցույթը շահել է «Սպիտակ 1» ընկերությունը:

Նոյեմբերյանի ավագանու անդամները «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ներկայացուցչին մատնանշեցին 2009-2010թթ. կատարված աշխատանքներից հետո քանդված եւ այդպես էլ չվերականգնված փողոցները: Վարդանյանը, սակայն, տեղեկացրեց, որ իրենք գործելու են հաստատված նախագծի շրջանակներում եւ 4-5 տարի առաջ կատարված աշխատանքների թերություններն այս ծրագրով չեն վերացնելու: Նա նաեւ հայտնեց, որ կօգտագործվի ճանապարհի ասֆալտի շերտը կտրող եւ ոչ թե քանդող տեխնիկա, ինչը կհեշտացնի ասֆալտի շերտի վերականգնումը: Ավագանու անդամները նաեւ մտահոգություն հայտնեցին Նոյեմբերյանին մատակարարվող խմելու ջրի որակի շուրջ` նշելով, որ դրանում առկա է կրային նստվածք: Սակայն պարզվեց, որ իրականացվելիք ծրագիրը մատակարարվող ջրի որակի բարելավման բաղադրիչ չունի: Բացի այդ՝ նշվեց, որ Նոյեմբերյանում վատթար վիճակում է գտնվում ջրահեռացումը, քաղաքի որոշ հատվածներում կոյուղագիծ չկա, ինչի պատճառով կոյուղաջրերը հոսում են բաց տարածքով: Իրականացվելիք ծրագիրը, սակայն, ջրահեռացման բարելավման հարց եւս չի լուծում: Այնուամենայնիվ, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ ավագանու անդամները շնորհակալությամբ ողջունեցին ծրագրի իրականացումը, քանզի սահմանամերձ, հեռավոր քաղաքում շատ սակավ են բնակչության կենցաղը բարելավող ծրագրերը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ «ՌՈՃԻԿԸ»

Facte.ru-ն կազմել է 10 երկրների նախագահների աշխատավարձերի չափը:
1. Ամենաբարձր աշխատավարձ ստանում են Սինգապուրի վարչապետն ու նախագահը: Վարչապետն այդ երկրում ստանում է 1 մլն դոլար, ինչպես նաեւ՝ 2 մլն բոնուս: Նախագահն այդ երկրում ստանում է ընդամենը կես միլիոն պակաս գումար: Առհասարակ այս երկրում չինովնիկների բարձր աշխատավարձը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկն է:
2. 2001թ. հունվարի 1-ից ԱՄՆ նախագահի աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար՝ չհաշված տարբեր բոնուսները եւ Սպիտակ տանն անվճար բնակվելը:
3. Ամենաբարձր աշխատավարձերից է համարվում Ճապոնիայի վարչապետինը՝ 400 հազար դոլարից մի փոքր պակաս:
4. Եվրոպայում ամենաբարձր աշխատավարձ ստանում է Իռլանդիայի նախագահը. երկիրը նախագահին յուրաքանչյուր տարի վճարում է 350 հազար դոլար:
5. Բրիտանիայի վարչապետի աշխատավարձը կազմում է 350 հազար դոլարից մի փոքր պակաս:
6. 2007թ.-ից Իտալիայի նախագահը ստանում է 47 հազար դոլարից մի փոքր պակաս գումար:
7. Ադրբեջանի պառլամենտը մի քանի անգամ պակասեցրեց երկրի նախագահի աշխատավարձի չափը: Որոշ կրճատումներից հետո այն կազմում է ամսական 1800 դոլար:
8. Բելառուսի նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 300 դոլար:
9. Պաշտոնական տվյալներով՝ ամենացածր աշխատավարձերից է Թուրքմենստանի նախագահինը. նա ամեն ամիս ստանում է 900 դոլար:
10. Մի քանի տարի առաջ Վրաստանի նախագահը յուրաքանչյուր ամիս ստանում էր ընդամենը 200 դոլար աշխատավարձ: Այժմ նախագահի աշխատավարձն ամսական կազմում է 3000 դոլար:

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն «Արմենպրես»-ին ասել է, թե հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերից հետո դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված եւ վերցված սպառազինության ու հանդերձանքի նմուշները հայկական կողմը պատրաստ է ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:




Լրահոս