ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց
Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն ակցիա են անցկացրել՝ նախագահական նստավայրի դիմաց ավելի քան 1,5 տարի նստացույց անցկացնող քաղաքացի Էմմա Սահակյանին պաշտպանելու համար: Մասնակիցները կարմիր սլաքներով պաստառներով շրջապատել են կնոջը՝ ցանկանալով հանրության եւ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել նրա վրա: Է. Սահակյանը նստացույց է անցկացնում 2012թ. հունիսից: Նա նաեւ հացադուլ է սկսել: Հուսահատ կնոջ խնդիրը վերաբերում է անշարժ գույքի մասին վեճին:
ՀԱՐՑ. Տարիներ առաջ աշխատել եմ մի կազմակերպությունում, որն այժմ լուծարվել է: Հիմա ինձ այդ կազմակերպության անձնակազմի վերաբերյալ որոշ փաստաթղթեր են հարկավոր: Ի՞նչ կարող եմ անել, ո՞ւր դիմեմ:
Սմբատ Բալայան (54 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հնչեցրած հարցի պատասխանը տրված է «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում, ըստ որի՝ «իրավաբանական անձի լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը պետք է կազմակերպի լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած՝ անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը եւ հանձնումը պետական կամ համայնքային արխիվ»:
Ի լրումն նշենք, որ նույն հոդվածով նման կարգավորում տրված է նաեւ անհատ ձեռնարկատիրոջ լուծարման համար, այն տարբերությամբ, որ այդ դեպքում վերը նշված գործառույթները պետք է կազմակերպի անհատ ձեռնարկատերը:
«Իրավունքի իրազեկում» հ/կ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործող կարգը հնարավորինս մատչելի է ներկայացված: Մնում է՝ դիմողն արագ գործի անցնի, քանի որ նման փաստաթղթային փնտրտուքները երկար են տեւում՝ շատ դեպքերում քայքայելով մարդկանց նյարդերն ու գումարները:
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում կարող է մերժվել ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին ներկայացրած դիմումը:
Համլետ Պետրոսյան (48 տարեկան, ուսուցիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե՝
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,
2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ,
3) ՀՀ քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է ՀՀ ազգային անվտանգության շահերին,
4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ,
5) չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, դժվար չէ հասկանալ, թե մարդիկ ինչու են նման քայլի դիմում: Հարկ է նշել, որ 2011թ. մարդահամարի արդյունքներով՝ ՀՀ-ում առկա բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 871 հազար 771 մարդ, իսկ մշտական բնակչության թիվը՝ 3 միլիոն 18 հազար 854 մարդ: Քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 911 հազար 287 մարդ, իսկ գյուղականը՝ 1 միլիոն 107 հազար 567: Ի դեպ, քաղաքային բնակչության թվի ցուցանիշը 2001թ. համեմատ նվազել է 154,866-ով կամ 7,5 %-ով, իսկ գյուղական բնակչությանը՝ 39,291-ով կամ 3,4 %-ով:
Վերջում հավելենք, որ 2011թ. մարդահամարի նախնական տվյալների համաձայն` ՀՀ 2001թ. մարդահամարի համեմատ, առկա բնակչության թվի ցուցանիշը, ըստ հաշվառման պահի, նվազել է 130,823-ով, իսկ մշտական բնակչությանը՝ 194,157-ով:
ՀԱՐՑ. Եթե ես որոշակի ժամանակ չունենամ ԱՊՊԱ պայմանագիր, այսինքն՝ մեքենա չունենամ, բայց հետո նորից մեքենա գնեմ ու ԱՊՊԱ կնքեմ, ապա ի՞նչ կարգով է հաշվարկվելու ապահովագրավճարը: Նման դեպքերում նախկին ապահովագրական պատմությունը հաշվի առնվո՞ւմ է, թե՞ ոչ:
Հարություն Մինասյան (37 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, Ձեր՝ որպես վարորդի, ինչպես դրական, այնպես էլ բացասական ապահովագրական պատմությունը հաշվի է առնվում ապահովագրավճարի սահմանման ժամանակ՝ անկախ բոլոր հանգամանքներից (մեքենայի փոփոխություն եւ այլն): Եթե Դուք որոշակի ժամանակ ոչ մի պայմանագրում որպես լիազորված տիրապետող չեք եղել, ապա այդ օրերի քանակը որեւէ կերպ չի ազդում Ձեր՝ հետագայում ստանալիք բոնուսային դասի վրա: Օրինակ՝ եթե Դուք 2013թ. ընթացքում վարել եք մեքենա, որի ԱՊՊԱ պայմանագրում նշված եք եղել որպես լիազորված տիրապետող եւ այդ ընթացքում ունեցել եք պատահար, սակայն հաջորդ պայմանագիրը, որում Դուք կլինեք որպես լիազորված վարորդ, կլինի 2020թ., ապա 2013թ. ունեցած դեպքի համար մալուսային դաս կստանաք 2020թ.: Իսկ բոնուսի դեպքում 2013-ից մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածը չի դիտարկվի որպես բոնուսային դասի հաշվարկման համար օրերի քանակ, եւ այդ օրերի համար Դուք բոնուս չեք ստանա, քանի որ այդ ընթացքում որեւէ ԱՊՊԱ պայմանագրում նշված չեք եղել:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, յուրաքանչյուր դեպքում վարորդները պետք է լինեն զգոն եւ ուշադիր, քանի որ ուշ թե շուտ ամենքը ստանալու են իրենց հասու ե՛ւ բոնուսը, ե՛ւ մալուսը: Չնայած փորձը ցույց է տալիս, որ մալուսային դասերը կարծես ավելի շատ են հանդիպում: