Հայ շախմատիստները` Տրոմսյոյի օլիմպիադայում. 8-րդ տուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Տրոմսոյի օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ այս անգամ Հնդկաստանի թիմի հետ մրցավեճում: Բոլոր չորս պարտիաներն անցան անզիջում պայքարում եւ խաղաղ ելք ունեցան: Հաղթողը չորոշվեց Պարիմարջան Նեգի-Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան-Ս. Պ. Սեթուրաման, Կրիշնան Սասիկիրան-Սերգեյ Մովսեսյան եւ Վլադիմիր Հակոբյան-Բ. Ադհիբան հանդիպումներում:

Իսկ Հայաստանի կանանց թիմը 3,5:0,5 հաշվով գերազանցեց կոլումբիացիներին: Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով 52-րդ քայլին հաղթեց Պաուլա Ռուեդա-Ռոդրիգեսին: Իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան սպիտակներով առավելության հասան համապատասխանաբար Բեատրիս Վալենսիա-Ֆրանկոյի եւ Անգելա Վալենսիա-Ֆրանկոյի նկատմամբ: Ոչ-ոքի գրանցվեց միայն Ինգրիս Բանկու-Ռիվերայի եւ Լիլիթ Գալոյանի պայքարում:

Այդպիսով, մեր երկրի շախմատիստուհիները 13 միավորով 3-5-րդ տեղերն են բաժանում Ֆրանսիայի եւ Ուկրաինայի հավաքականների հետ: Առջեւում են Ռուսաստանի (16 միավոր) եւ Չինաստանի (14) թիմերը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 12 միավորով 14-րդն է 7-18-րդ հորիզոնականները բաժանողների խմբում:




Լրահոս