Այգեպարում հակառակորդի գնդակոծությունից երկու տուն ամբողջությամբ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.amտեղեկացրել էր, որ երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում ամբողջությամբ այրվել է երկու տուն:

Այսօր մենք պարզեցինք, որ հրդեհի բռնկման պատճառ են դարձել հակառակորդի արձակած կրակոցները:

Armlur.am-ի հետ զրույցում Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ բնակիչներից մեկը տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել:

Գյուղապետի փոխանցմամբ` այս պահին վերոնշյալ գյուղացիները բնակվելու տեղ չունեն և ուրիշների բնակարաններում են գիշերել:

«Խոշոր տրամաչափի գնդակներով կրակել են, ողջ տունը հրդեհվել է՝գույքով, ամեն ինչով: Երկուսի տանտերերն էլ կենսաթոշակառուներ են: Արշալույս Գևորգյանին պատկանող հրդեհված բնակարանում 3 բնակիչ կա, իսկ Արարատ Վարդազարյանի բնակարանում` 2»,- շարունակելով խոսքը` ասաց համայնքապետը:

Այդինյանը տեղեկացրեց նաև, որ մարզպետարանին արդեն հայտնել են դեպքի մասին, և վերջինիս աշխատակիցները պետք է ուսումնասիրեն կրած վնասների չափերն ու համապատասխան քայլեր ձեռնարկեն:

«Ուղղակի ցանկանում ենք իմանալ` Հայաստանում չկա՞ն մեծահարուստներ, որ գոնե ամենքը մի տասը տոկոս ներդրում անեն, օգնեն էս մարդկանց: Միայն էտ հրդեհված բնակարանները չեն, ամեն օր գնդակոծվում են մի քանի տներ:

Ո՞նց օգնենք: Հիմա էտ մարդիկ նույնիսկ բնակվելու տեղ չունեն: Սահմանամերձ գյուղ ենք, ամեն օր տուժում ենք. հնարավոր չի՞ գոնե մի բանով կարողանանք օգնել»,- հարց ուղղեց Այգեպարի ղեկավարը:




Լրահոս