ՀՀԿ Կենտրոն և Ավան տարածքային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն օգոստոսի 9-ին Ծաղկաձորում հանդիպում ունեցան ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, Կենտրոն և Ավան վարչական շրջանների ղեկավարների հետ։
ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ հերթական համագումարից հետո այս ձևաչափով երիտասարդ ՀՀԿ-ականների առաջին հանդիպումն է։ Տարբեր տարածքային կազմակերպությունների երիտասարդների համատեղ հանդիպումները խորացնում են համագործակցությունն ու ավելի արդյունավետ են։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ ՀՀԿ-ն կուսակցական աշխատանքում մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ կադրերի առաջխաղացմանը։ Մասնավորապես, վերջին համագումարի ընթացքում որոշ տարածքային կազմակերպությունների ԵԿ անդամներ իրենց կառույցների ներկայացմամբ դարձան ՀՀԿ խորհրդի անդամներ։ Քննարկելով որոշ կուսակցական հարցեր՝ ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավարը շեշտեց, որ տարածքային կազմակերպությունների հետ բոլոր պայմանավորվածությունները պահվում և կատարվում են։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիմելով երիտասարդներին, նշեց նրանց մեծ դերն ինչպես կուսակցական աշխատանքում, այնպես էլ մասնագիտական ոլորտներում, որոշումների կայացման հարցում։ Սակայն, այդուհանդերձ, ըստ քաղաքապետի՝ ձեռք բերածով բավարարվել պետք չէ. ամեն օր պետք է դնել նոր խնդիրներ և հաջողությամբ լուծել դրանք։ Նա կարևորեց կուսակցական գործունեության մեջ երիտասարդների ազնվությունն ու նվիրվածությունը, ինչն արդյունավետ աշխատանքի առաջին գրավականն է։ «Ես երիտասարդների կողքին եմ, քանի որ ձեզնից մեկն եմ։ Այսօր երիտասարդներին տրված հնարավորությունները մեծ են, սակայն շատ բան ձեզնից է կախված։ Չպետք է խուսափել առաջին կարգի մասնագետի կամ ցածր պաշտոնների աշխատանքից։ Պետք է ձեր աշխատանքը սկսեք ինչ-որ կետից և ընթացքում ձեր կարողությունների, նվիրվածության շնորհիվ առաջ ընթանաք»,- նշեց քաղաքապետը։
Տարոն Մարգարյանը պատասխանեց նաև երիտասարդ կուսակիցների հարցերին, որոնք վերաբերում էին մայրաքաղաքի կանաչապատման, տրանսպորտի, կառուցապատման, Էրեբունի-Երևան տոնախմբության նախապատրաստական աշխատանքներին։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ աշնանը հրավիրվելիք համաժողովի ընթացքում ներկայացվելու է մինչև 2025թ. Երևան քաղաքի զարգացման ծրագիրը, որտեղ ներկայացված են մայրաքաղաքի խնդիրներն ու դրանց լուծումները։
ՀՀԿ երիտասարդների հետ խոսելով վերջին օրերին սահմանին արձանագրված լարվածության մասին՝ Տարոն Մարգարյանը շեշտեց, որ եթե անհրաժեշտություն լինի, իրենք նույնպես գնալու են դիրքեր։ «Մենք պահելու ենք մեր սահմաններն ու փոխանցենք այն մեր երեխաներին,- նշեց քաղաքապետը՝ իրեն ու իր կուսակիցներին քննադատողներին ասելով,- կյանքը ցույց կտա, թե ով է իրականում զինվորի ու բանակի կողքին»։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն