ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՄԵՆՔԻՆ

Ադրբեջանի հետ ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին վերջին օրերի ունեցած միջադեպերն ու շարունակվող լարվածությունը կարելի է աննախադեպ համարել. 1994թ. զինադադարի հաստատումից հետո, թերեւս, առաջին անգամն էր, որ սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները նման լայնածավալ բնույթ ստացան: Բարեբախտաբար, բանը չհասավ պատերազմական գործողությունների վերսկսման, չնայած` դատելով զորքերի շփման գծում ակտիվությունից, ցանկացած պահի դա հնարավոր էր:

Զինված ուժերի շփման գոտում հատկապես լարված էր օգոստոսի 1-2-ի գիշերը: Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ եւ 7 վիրավոր, իսկ Մարտակերտի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողություն ձեռնարկած հակառակորդի շուրջ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ եւ 7 վիրավոր: Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, ադրբեջանական բանակը հուլիսի 28-օգոստոսի 4-ը շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ: Դիվերսիայի փորձերը բարեհաջող կանխվել են, սակայն կան նաեւ զոհեր ու վիրավորներ: Հայկական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրության, տվել է 7 զոհ եւ 7 վիրավոր, իսկ Ադրբեջանը` 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավոր (Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ նրանք ունեն 16 զոհ):

Երբ արդեն ուշ է, ուշը` մշուշ է
Իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց միայն միջազգային հանրության միջամտությունից հետո. սահմանին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ իրենց անհանգստությունն են հայտնել ու կողմերին զսպվածության կոչ արել ԱՄՆ պետդեպարտամենտը, ՌԴ ու ԵՄ ԱԳ նախարարությունները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Կատարվածին արձագանքել են անգամ` հարեւան Վրաստանն ու Իրանը:
Սակայն նկատենք, որ միջազգային հանրությունը սահմանային միջադեպերին արձագանքել է միայն օգոստոսի 2-ից, երբ Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում լայնածավալ գործողություններ էր իրականացրել` ստանալով նույնքան «լայնածավալ» պատասխան: Այսինքն` միայն այն ժամանակ, երբ պատերազմի վերսկսումը բավական մոտ էր թվում: Մինչդեռ, հատկապես հուլիսի 28-ից սկսած Ադրբեջանը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը` գնդակոծելով անգամ սահմանամերձ գյուղերը: Բայց այդ ժամանակ ոչ ԵԱՀԿ ՄԽ երկրների արտաքին գերատեսչությունները, ոչ էլ անգամ ՄԽ համանախագահները չարձագանքեցին կատարվածին ու չդատապարտեցին այն: Թեեւ` նկատենք, որ անգամ Հայաստանը որեւէ քայլ չարեց նրանց ուշադրությունը հրավիրելու համար:

Ջայլամային քաղաքականությունը շարունակվում է
Նկատենք, որ այդ վախվորած, կիսագաղտնի գործելաոճը շարունակվում է նաեւ հիմա. սահմանային միջադեպերից հետո ՀՀ ԱԳՆ-ն Էդվարդ Նալբանդյանի միջոցով կեսբերան հայտարարություն անելուց բացի որեւէ ակտիվություն չի ցուցաբերում: Ընդ որում, սահմանային միջադեպերից հետո ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների արձագանքներն առավել քան նման էին. նրանք երկուսն էլ միմյանց մեղադրում էին խաղաղ գործընթացին վնասող սադրիչ քայլերի դիմելու, հրադադարը խախտելու մեջ` միջազգային հանրությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել մեղավորի նկատմամբ:
Փոխարենը ՀՀ պաշտպանության նախարարությունն էր այս օրերին օպերատիվ. ՀՀ ՊՆ հայտարարություններն ու հաղորդագրությունները ոչ միայն ռազմական, այլեւ` դիվանագիտական կառույցի խոսք էին հիշեցնում: Ավելին, երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում մոտ 2 ժամ փակ հանդիպում էր ունեցել ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու ԱԺ փոխնախագահների հետ, ներկայացրել տեղի ունեցածը, քննարկել ստեղծված իրավիճակը: Մինչդեռ Էդվարդ Նալբանդյանի հետ ԱԺ պատգամավորներին տեւական ժամանակ է` որեւէ կերպ չի հաջողվում հանդիպել. Նալբանդյանը հավերժական «վոյաժների» մեջ է:

Հանդիպման վայրը փոխել չի կարելի
Օգոստոսի 1-2-ի սահմանային միջադեպերից հետո ՌԴ-ն հանդես եկավ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ: Արդեն հայտնի է, որ հանդիպումը տեղի կունենա Սոչիում` օգոստոսի 8-9-ին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս առնչությամբ երեկ հայտարարել է, թե Սոչիում նախատեսվում են Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձին հանդիպումները Վլադիմիր Պուտինի հետ: «Երբ նրանք բոլորը միեւնույն ժամին միեւնույն վայրում հայտնվեն, երեւի թե անհնար կլինի շրջանցել Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը: Բայց թե ինչպես դա կկազմակերպվի` կախված է մեզանից»,- նշել է նա: Ենթադրվում է, որ բացի Պուտինի հետ հանդիպումից, կլինի նաեւ Սարգսյան-Ալիեւ առանձնազրույց:

Հավասարում` բազմաթիվ անհայտներով
Սահմանին նման լայնածավալ ռազմական գործողությունները, թերեւս, պատահական չէին: Հասարակական-քաղաքական շրջանակներում տիրապետող է տեսակետը, որ սա աշխարհաքաղաքական մեծ խաղի մի մաս է, որում Հայաստանն ու Ադրբեջանն ընդամենը գործիք են: Ըստ այդմ, կարծիք կա, որ սահմանային միջադեպերի թիկունքում կանգնած են գերտերությունները, մասնավորապես` ՌԴ-ն: Նպատակը մեկն է` կամ զորքերի շփման գծում սրել իրավիճակը, մի քանի մեծամասշտաբ ռազմական գործողությունից հետո, օգտվելով առիթից, միանգամից խաղաղարար ուժեր տեղակայել` այդպես ամրապնդելով տարածաշրջանում ռազմական ներկայությունը (այս առումով, թերեւս, արժի հիշել Պուտինին Զորի Բալայանի հայտնի նամակը): Մյուս կողմից, սա հարմար առիթ է` ստիպել Ադրբեջանին մտնել ԵՏՄ` փոխարենը խոստանալով լուծել ԼՂ խնդիրը: Ընդ որում, ինչպես պնդում են վերլուծաբանները, ՌԴ-ն, որը հավասարապես զենք է մատակարարում երկու կողմերին, կարող է իրավիճակը փոխել ցանկալի ուղղությամբ:
Ի դեպ, օգտվելով ռազմական գործողությունների վերսկսման պատրվակից, ԱՄՆ-ը եւս դեմ չէր լինի իր ռազմական ներկայությունն ապահովել տարածաշրջանում՝ խաղարարի կերպարով:
Տեղի ունեցածն, ըստ էության, ձեռնտռու էր ՌԴ-ին մեկ այլ առումով. ուկրաինական ճգնաժամից հետո ՌԴ-ն հայտնվել է աննախանձելի վիճակում: Սակայն այն բանից հետո, երբ հենց Պուտինի հրավերից հետո Սարգսյանն ու Ալիեւը համաձայնվեցին հանդիպել, սա լավագույն առիթն է ցույց տալու, որ ՌԴ-ն չի կորցրել իր դիրքերը Հարավային Կովկասում: Ի վերջո, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վերջին շրջանում բազմաթիվ փորձեր արեցին կազմակերպելու Ալիեւ-Սարգսյան հանդիպումը, բայց դա հաջողվեց միայն ՌԴ-ին:
Սպասենք զարգացումներին՝ հուսալով, որ իրադարձությունները կգնան դեպի խաղաղության:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

ԼՈՒՐԵՐ

ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ երեկ կրկին մեկնել է Տավուշի մարզ, հանդիպել սահմանամերձ Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ գյուղերի բնակիչներին, ինչպես նաեւ ԶՈՒ սպայական անձնակազմին ու զինվորներին: Նշենք, որ այս օրերին, երբ սահմանամերձ գոտում մեծացել է լարվածությունը, վարչապետը նախարարի հետ պարբերաբար մեկնում է Տավուշի մարզ: Հանուն արդարության նշենք, որ Հովիկ Աբրահամյանը միակ պաշտոնյան է, որ այս օրերին նման ակտիվություն է ցուցաբերում, մինչդեռ Սահմանադրությամբ գլխավոր-գերագույն հրամանատար համարվող Սերժ Սարգսյանը երեկ գերադասեց չորսօրյա այցով մեկնել Բելգիա` մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի միջոցառումներին. ի վերջո, Եվրոպայում ավելի ապահով է ու հարմարավետ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր տեղակալների հետ անհետացել է տեսադաշտից` վայելելով վաստակաշատ հանգիստը: Չկան նաեւ ԱԺ ամբիոնից «թուրք ճղող», Ալիեւին ոչնչացնել սպառնացող կամ Քեսաբում ֆեյսբուքի համար լուսանկարվող երիտհանրապետականները: Հանուն արդարության պետք է նկատենք նաեւ, որ ի տարբերություն ՀՀ վարչապետի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը վերջին երկու օրերին գիշերել է սահմանի առաջնային գծում` զինվորների հետ միասին մնալով խրամատներում: Մինչդեռ, Հովիկ Աբրահամյանը Տավուշի մարզում մեկ-երկու գիշեր անցկացնելու փոխարեն ամեն անգամ ուղղաթիռով վերադառնում է Երեւան` գերադասելով իր հարմարավետ առանձնատունը:

 

ԽԱԲՈ՞ՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել ԲԱՄՕ-ի գործունեությունն ու նրա սեփականատերերի գործելաոճը: Մեր տեղեկություններով՝ ԲԱՄՕ ընկերության սեփականատերեր Մուրադյան եղբայրները, ՌԴ-ում շինարարական բիզնեսում լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Ու անգամ ՌԴ լրատվամիջոցները նրանց գործունեությունն իրենց ուշադրության կենտրոնում են պահում: Տեղեկություններ կան, որ ԲԱՄՕ-ի սեփականատերերը լինելով խոշոր շինարարական ընկերություն` խաբեության շնորհիվ կարողացել են միլիոններ աշխատել, որն այսօր ՌԴ իշխանությունները ցանկանում են բացահայտել: Վերջերս էլ ՌԴ լրատվամիջոցներն անդրադարձել են Արմեն Մուրադյանի գործունեությանը: Ռուսական Kompromat.ru կայքը նշել է, թե «Պրոֆեսիոնալ «քցողի» առաջին քայլերը Արման Մուրադյանը սկսել է հայ ժողովրդի մեծ բարեկամ, Կալինինգրադի մարզպետ Գեորգի Բոոսի…»: Երեկ ողջ օրը «Ժողովուրդ»-ը փորձել է այս առիթով զրուցել Բորիս Մուրադյանի հետ, սակայն վերջինս համառորեն մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
Երեկ երեկոյան մահացել է Պետրոս Տեր-Պետրոսյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ եղբայրը: Նա աշխատում էր ԵՃՇՊՀ շինարարական իրերի եւ կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր: Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը` օգոստոսի 6-ին: «Ժողովուրդ»-ի խմբագրակազմը ցավակցում է Տեր-Պետրոսյանների ընտանիքին:

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ալվինա Գյուլումյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ: Հիշեցնենք, որ Գյուլումյանը 1996 – 2003թթ. արդեն եղել է ՍԴ անդամ: Իսկ 2003թ. ապրիլի 2-ից նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր էր։ Հիշեցնենք, որ Գյուլումյանի՝ սպասվող այս նշանակման մասին «Ժողովուրդ»-ը գրել էր դեռ ամիսներ առաջ:

 

ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐ ՉԿԱՆ
Ի պատասխան հանրության մեջ շրջանառվող այն խոսակցություններին, թե այս օրերին որոշակի տարիքային խմբի տղամարդկանց նկատմամբ հանրապետությունից օդային ճանապարհով դուրս գալիս կիրառվում են արգելանքներ եւ սահմանափակումներ, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը հայտարարել է, որ ՀՀ օդանավակայաններն աշխատում են առօրյա, բնականոն հունով եւ ուղեւորների ազատ տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ կամ արգելքներ չկան:

 

ԽԱՅՏԱՌԱԿ Է ԱՐԵԼ
Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Իսա Սադիգովը ԼՂՀ սահմաններում վերջին օրերի զոհերի համար մեղադրում է իր երկրի իշխանություններին: «Ես ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքան կորո՞ւստ: Սա ի՞նչ պաշտպանություն է»,-ասել է նա: Նախկին նախարարն այս իրավիճակը կապել է Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրների, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարության անզորության հետ: Սադիգովը, մասնավորապես, հայտարարել է. «Փոքրիկ օպերացիայի շրջանակներում 11 մարդու մահը ողբալի փաստ է եւ դրա հետ մեկտեղ սա նաեւ խայտառակություն է ռազմական իրականության մեջ»:

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ մահացել է «Հետք»-ի լրագրող, տնտեսական մեկնաբան Սամվել Ավագյանը: Նրա մոտ հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: «Ժողովուրդ»-ը ցավակցում է մեր գործընկերոջ հարազատներին եւ ընկերներին:




Լրահոս