ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՈՍՏԻԿԱՆԸ ԹԵՎՈՍԻԿԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով քննությունը գնալով ավելի ու ավելի աղմկահարույց է դառնում: Սկզբում սպանության գործը քննում էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, բայց երբ տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ, պարզվեց՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանն առնչություն ունի գործի հետ:

Որտեղից սկսվեց ամեն ինչ
2014թ. հունվարի 27-ին՝ գիշերը ժամը 00:15-ին, իր տան բակում Երեւանի Արամի նրբանցքի 5 Ա շենքի մոտ արձակված կրակոցներից սպանվել էր Արթուր Սաֆարյանը: Փետրվարի 3-ին ոստիկանությունը բերման ենթարկեց Իսրայել Սարգսյանին ¥Իսո¤, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից էր, եւ Տիգրան Ասատրյանին: Ավելի ուշ Իսոյին մեղադրանք առաջադրվեց իր ընկերոջ Մոսոյի սպանությունը պատվիրելու համար: Ըստ պաշտոնական վարկածի՝ «Իսոն Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է նրան: Ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը»:
Տիգրան Ասատրյանն էլ, ում երեխաների քավորը սպանված Արթուրն էր, մեղադրվում է իմանալ չհայտնելու համար. նա իմացել է Մոսոյի սպանության մասին, սակայն ոչինչ չի հայտնել իրավապահներին: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ փետրվարի 18-ից փրկարարներն ու ոստիկաններն անգամ ջրասուզակի օգնությամբ կոյուղու դիտահորում որոնեցին Մովսեսի դին, բայց չգտան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները մոտավորապես Իսոյի քաշով մի սատկած կենդանի էին վերցրել, նրա գլխի մեջ «վիրահատական միջամտությամբ» համապատասխան սարքավորումներ տեղադրել եւ կենդանուն նետել նույն Քանաքեռավանի կոյուղու դիտահորը: Կենդանու ամենապինդ հատվածում՝ գլխում, առկա սարքավորումը ինչ-որ ժամանակ ազդանշան է տվել, սակայն ավելի ուշ ընդհատվել է կապն ու այլեւս չի վերականգնվել: Այստեղից իրավապահները համոզվել են, որ կենդանու մարմինը քայքայվել է կոյուղու մեջ, եւ չի բացառվում, որ Մոսոյի դին էլ նույնկերպ քայքայվել, վերացել է: Հավանաբար հենց այս պատճառով էլ իրավապահները ստիպված եղան ….. ամիս անց դադարեցնել դիակի որոնողական աշխատանքները:

Սպանությունը քրեական «ռազբորկա»-ների հետեւանք
«Ժողովուրդ»-ը դեռեւս այն ժամանակ գրել էր, որ Թեւոսիկի եղբոր սպանությունը կապված է քրեական լրջագույն «ռազբորկա»-ների հետ՝ մասնավորապես սպանված Արթուրը, կալանավորվածներ Իսոն, Տիգրանը եւ անհետացած Մոսոն ունեցել են ընդհանուր ֆինանսական խնդիրներ: Նրանք չեն կարողացել միմյանց մեջ կիսել շուրջ 1.5 մլն ԱՄՆ դոլարը:
Ըստ լուրերի՝ վերջիններս ընդհանուր մի գործ են արել, եւ դրանից Իսոյին ու Տիգրանին հասանելիք բաժինը չի հասել: Նույնիսկ տղաներին խոստումներ են տվել, թե իրենց հասանելիք գումարը կստանան Եվրոպայում: Սակայն այնտեղ եւս հարցը չի լուծվել, ավելին՝ քրեական որոշ խմբավորումների ներկայացուցիչներ Հայաստանից Եվրոպա մեկնածներին ասել են, թե այդ գումարը «օբշյակի» փողն է, չեն տալու: Ստեղծված լարված դրությունը Արթուրի, Իսոյի եւ Տիգրանի միջեւ շատ վաղուց է եղել, եւ գործով կալանավորված Տիգրանն իրավիճակը հարթելու համար իր դստեր հարսանիքի քավոր է դարձրել Թեւոսիկի եղբորը՝ Արթուրին: Սակայն սուրբ կապերն էլ իրավիճակը չփրկեցին, եւ սպանության գաղափարը հանգիստ չտվեց կողմերին:

Ոստիկանությունից մինչեւ ԱԱԾ
Եվ այսպես՝ ոստիկանությունը շուրջ 2,5 ամիս քննեց այս գործը: Այդ ընթացքում ոստիկանները հայատարում էին, թե գործը բացահայտված է, սակայն մեղադրյալները ոչ մի կերպ չէին ընդունում իրենց մեղքը: Արդյունքում սպանության գործը ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն: Զարմանալի զուգադիպությամբ, երբ գործը փոխանցվեց ԱԱԾ, քննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ եկան: Լուրեր տարածվեցին, թե Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով կասկածվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը, ով Երեւանի Կենտրոն- Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի փեսան է: Արդյո՞ք ոստիկանությունից գործը փոխանցվեց ԱԱԾ այն կասկածներով, որ ոստիկանությունը փորձել է փրկել դատավորի փեսա ոստիկանին, թե՞ պարզապես զուգադիպություն էր բացահայտումը, դժվար է միանշանակ ասել: Նշենք, որ Գ. Ղուկասյանն այս պահին գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում:

Չարաբաստիկ նկարը
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր անց նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը Իսրայել Սարգսյանին ցույց է տվել Մովսես Ներսիսյանի` Մոսոյի լուսանկարը եւ ասել, թե ոստիկանները Արթուրի սպանության համար նրան են փնտրում: Այսինքն՝ ոստիկանության օպերատիվ աշխատանքները տապալել է, մատնել: Եվ ըստ այդ լուրերի, Իսոն նախկին օպերլիազորից իմանալով, որ ոստիկանները ճիշտ «հետքի վրա են դուրս եկել», սպանել է Մոսոյին` դին նետելով կոյուղու դիտահորը, որպեսզի վերացնի հետքերը: Այս տեղեկությունը երեկ չկարողացանք ճշտել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Իսոյի հարազատների շրջանում էլ վստահ են, թե «շոուն» շուտով կավարտվի, քանի որ Իսոն որեւէ կապ չունի Արթուրի սպանության հետ: Ավելին՝ Իսոյի հարազատների շրջանում վստահ են, որ սպանության կասկածանքով անցնող ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը որեւէ առնչություն չի ունեցել Իսոյի հետ: Իսկ թե ինչու է ոստիկանը շահագրգռված եղել Իսոյին ասել, թե ում են փնտրում ոստիկանները կամ, առհասարակ, ինչու մինչ օրս պաշտոնապես չի հայտարարվել ոստիկանի կալանավորման կամ նրա՝ միջադեպի մասնակցության բացառման մասին, դեռ մնում է անհասկանալի: Իսկ թե ինչ կպարզվի հետո, կապրենք, կտեսնենք:
Հավելենք, որ մինչ նախկին ոստիկանի գլխին սեւ ամպեր են կուտակվել, նրա զոքանչն այս օրերին հանրապետությունից դուրս իր ամառային արձակուրդն է անցկացնում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել Պոդոլսկի մոտ ուղեւորատար ավտոբուսին բախված «ԿԱՄԱԶ»-ի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին եւ նրան դատապարտել 6 տարի 9 ամսվա բանտարկության: Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում: Հարությունյանին նաեւ դատապարտել են 1 տարվա փորձաշրջանի, արգելել պատիժը կրելուց հետո 3 տարի մեքենա վարել:
Իր վերջին խոսքում Հրաչյա Հարությունյանը նշել է, որ խորապես զղջում է պատահածի համար եւ ցավակցում այդ ողբերգական իրադարձության հետ կապված մարդկանց: Հիշեցնենք, որ վթարի արդյունքում մահացել էր 18, վիրավորվել՝ 60 հոգի: Նաեւ նշենք, որ վթարից զոհվածների հարազատները Հարությունյանից 16 մլն ռուբլի էին պահանջում: Սակայն դատավորը նրանց հայցը քննության չի առել՝ նշելով, որ դա պետք է քննվի քաղաքացիական դատավարության ընթացակարգով:

 

ՉԻ ՆԵՐԿՐՎՈՒՄ
Սիրելի քաղաքացիներ, հանգիստ շունչ քաշեք. մեր հանրապետություն ձմերուկ այլեւս չի ներկրվում: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ հուլիսի 9-ին է ձմերուկի վերջին խմբաքանակը Վրաստանից ներկրվել Հայաստան: Ներկրված ձմերուկի ընդհանուր ծավալը կազմել է 19 հազար կգ: Ինչպես «Ժողովուրդ»-ին վստահեցրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, ներկրված ձմերուկի բոլոր խմբաքանակը ենթարկվել է սահմանային հսկողության, ապա՝ լաբորատոր փորձաքննության: Ձմերուկի մասով խնդիր չի եղել, շեղումներ չեն հայտնաբերվել, եւ խմբաքանակը մուտք է գործել ՀՀ շուկա:

 

ԲԱ ՈՒՄ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
Հրադադարի պայմանագրի խախտման հարցով Հայաստանը կարող է գանգատ ներկայացնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ՝ մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ որպես օրինակ հիշատակելով, որ ՄԻԵԴ-ում համանման գանգատ կա ռուս-վրացական 5-օրյա պատերազմի վերաբերյալ:

 
ԲԼԹ

«Եթե պետք է՝ մենք կհանենք 200 մարդ»։

Հովհաննես Մարգարյան 168.am

Իրենց վերջին անհաջող հանրահավաքից հետո ՕԵԿ-ը կարծես թե շատ լավ էլ գիտակցում է, որ իրենք լավագույն դեպքում 200 մարդ կարող են հավաքել: Երեւի այդ պատճառով է ՕԵԿ-ական պատգամավորը Երեւանի ագրարային համալսարանի պրոռեկտորին սպառնում մարդ հանելով եւ ակցիա կազմակերպելով լուծել իրենց հարցը: Իսկ հարցը վերաբերում է ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ գրասենյակի կառուցմանը, ինչի համար անհրաժեշտ է ներկայացնել ընդամենը կառավարության թույլտվությունը՝ եթե, իհարկե, կա: Բայց «Օրինաց երկրի» ներկայացուցիչները հարցն օրինական ձեւով լուծելու փոխարեն մարդ հանելուց են խոսում:

 
«Տեղի ունեցածը խորը մտահոգություն է առաջացնում: Խնդիրը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, այլ պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով: Ուստի մենք կողմնակից ենք, որպեսզի հնարավորինս արագ զինադադար հաստատվի, կրակը դադարեցվի»:

Իգոր Վոլինկին «Ազատություն»

Նախ՝ ոչ թե կրակը դադարեցվի, այլ դադարեցնի ադրբեջանական կողմը, քանի որ հրահրողը միմիայն նրանք են, իսկ հայկական կողմն ընդամենն արժանի պատասխան է տալիս: Գոնե Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող երկրի ներկայացուցիչը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանը, պետք է այդքանը հասկանա եւ եվրոպացիների նման անմեղսունակ հայտարարություններ չանի, իբր թե հրադադարի խախտումը երկկողմանի է: Բացի այդ, մեր ռազմավարական դաշնակիցը համարվող երկրի ներկայացուցիչը չպետք է նման լղոզված պատասխան տա այն հարցին, թե լայնածավալ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում ինչ դիրք կբռնի ՌԴ-ն:

 
«Իմ խորին համոզմունքն է, որ մենք եվրոպոիդ ենք եւ, այսպես ասած, եվրոպական արժանիքների դավանողներից մեկն ենք որպես ազգ»:

Բարսեղ Բեգլարյան Armenian Express

Մեծն հայ օլիգարխը երեւի ուզում էր ասել՝ եվրոպական արժեքների դավանող, բայց ստացվել է՝ արժանիքների: Երեւի լսել է, որ նման մի բառ կա, բայց մոտավորապես է հիշում: Հավանաբար նաեւ լսել է, որ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքին է պատկանում, դա էլ խառնել է եվրոպոիդի հետ: Օլիգարխին չէր խանգարի նաեւ իմանալ, որ եվրոպոիդը սպիտակ ռասայի անվանումն է, եւ այդ ռասային են պատկանում նաեւ բազմաթիվ ասիական ազգեր: Ինչ վերաբերում է եվրոպական արժեքներին, ապա հետաքրքիր է իմանալ՝ արդյոք եվրոպական արժեքների մե՞ջ է մտնում ոչ լեգիտիմ իշխանությունների վերարտադրմանն աջակցելը:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս