ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԳԵՏԻ ՀՈՒՆԸ

Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքով անցնող Սեւջուր գետը կամրջի հատվածում փակվել է, ինչի հետեւանքով առաջացած գարշահոտությունը լցվել է ողջ տարածքով: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ակնալիճ» ՋՕԸ-ի տնօրեն Սիմոն Աբգարյանի հետ:

Սեւջուր գետը, որն ունի 40 կմ երկարություն, սկիզբ է առնում Մեծամոր լճից եւ սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից: Ճահճապատ ափերով այս դանդաղահոս գետը թափվում է Արաքս:
-Պարոն Աբգարյան, «Ժողովուրդ»-ն օրեր առաջ տեղեկացավ, որ Լուսագյուղով անցնող կամրջի մոտ Սեւջուր գետը փակվել է: Ո՞րն է պատճառը:
-Ես էի փակել, այլ ելք չունեի: Վերջին փորձն էլ արեցի գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու, այն էլ չստացվեց: Հավատացած եղեք, որ գյուղացիներն այսօր անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ ջուր չկա, որով կարողանան իրենց հողատարածքներն ու այգիները ջրեն:
-Ո՞ր գյուղերը պետք է օգտվեին դրանից:
-Դա արվեց Ակնաշեն, Մեծամոր, Գայ, Հայկաշեն գյուղերին ոռոգման ջրով ապահովելու համար: Այն էլ՝ չստացվեց: Կարճ ասած՝ մեր վիճակը ծանր է: Փորձեցինք, որ տեսնեինք կարո՞ղ ենք այդ ճանապարհով ինքնահոս ջուր ունենալ, թե՞ ոչ:
-Իսկ ինչո՞ւ չստացվեց:
-Գետի հարեւանությամբ ապրող մարդկանց խանգարեց, որովհետեւ ջուրը բարձրացավ ու արդեն ճանապարհին էր լցվում: Բացի այդ նրանք դժգոհեցին, որ դրա պատճառով ողջ տարածքը լցվել է կոյուղու գարշահոտությամբ: Դրա համար էլ նորից բացեցինք:
-Պարոն Աբգարյան, որքա՞ն գումար ծախսեցիք այդ աշխատանքներն իրականացնելու համար:
-Իմ միջոցներով է դա արվել, միայն վառելիքի գումար եմ ծախսել: Ոչ մի պետական կառույց մեզ գումար չի տվել: Մենք ինչ անենք, պետք է մեր ուժերով անենք: Եթե այս աշխատանքի համար տենդերով մի ընկերություն շահեր, ապա միլիոններով գումար կծախսեր: Բայց ես գրեթե ոչինչ չեմ ծախսել:
-ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղյա՞կ էր Ձեր նախաձեռնության մասին:
-Ոչ: Եթե դիմեինք Բնապահպանության նախարարությանը, ապա գյուղացին լրիվ կցամաքեր: Մենք նախկինում նման բան արել ենք ու հաջողություն ենք գրանցել, բայց այս անգամ բախտներս չբերեց:
-Պարոն Աբգարյան, գուցե նախապես բնապահպանի կամ փորձագետի հետ խորհրդակցեի՞ք, ապա գետը փակեիք: Գուցե հաշվարկների մեջ անճշտություն կար, եւ փորձագետի օգնությամբ արդյունքն այլ կլիներ։ Առհասարակ, մասնագիտական խորհրդակցություն կամ հասարակական լսումներ չե՞ք կազմակերպել:
-Չէ, մենք այնքան ենք նման բան արել, որ մեր կաշին դաբաղել է: Այս անգամ էլ կարող էր ստացվել, բայց հարեւանները դժգոհեցին, կոյուղու գարշահոտությունը տարածվել էր ողջ տարածքով: Վնասում էր հարեւաններին: Եթե սպասեինք ու մի փոքր էլ բարձրացնեինք՝ կստացվեր:
-Իսկ հիմա ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք օգնելու գյուղացիներին` ոռոգելու իրենց անջրդի հողերը:
-Դե, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ էլ ենք հանդիպել այս հարցով: Ինքն էլ է մտահոգված: Տեսնենք, թե ինչ կստացվի: Եթե ինչ-որ բան մեզանից կախված է, ապա մենք գիշերներն էլ չենք քնում:
Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախորդ տարի ապրիլի 11-ին 395 մլն դրամ էր հատկացրել Սեւջուր գետի եւ ստորգետնյա ավազանների սակավաջրության դեմ պայքարելու համար: Գումարից 365 մլն դրամը հատկացվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին, իսկ 30 մլն դրամը՝ Արմավիրի մարզպետարանին: Գումարները հիմնականում պետք է օգտագործվեին խորքային հորերի փորման նպատակով՝ Ակնալիճ, Գրիբոյեդով, Խորոնք, Երասխահուն, Արտաշար, Եղեգնուտ, Վարդանաշեն համայնքներում: Խորքային հորերի փորման նպատակը Սեւջուրից ջրառը նվազեցնելն է, քանի որ գետը ցամաքում է: Սակայն մասնագետները պնդում են, որ ստորջրյա ավազանների իջեցման հետեւանքով գետն առհասարակ կարող է ցամաքել: Այնպես որ` այստեղ պահանջվում են գլոբալ լուծումներ: Դրանցից առաջնայինը, թերեւս, մի քանի օլիգարխների, այդ թվում եւ` բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ձկնաբուծարանները փակ համակարգով աշխատեցնելն է: Բայց արդյո՞ք օլիգարխ-պաշտոնյաները կգնան թանկարժեք համակարգի ներդրմանը, ո՞վ պետք է նրանց ստիպի դա անել, եթե հենց իրենք են իրենց վերահսկողը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱՂՔԱՏ» ԴԵՍՊԱՆՆԵՐԸ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում բոլորը ձգտում են դիվանագիտական աշխատանքի, քանի որ այն, բացի հեղինակավոր լինելուց, նաեւ լավ ապրուստ ունենալու գրավական է:

Սակայն դատելով ՀՀ որոշ դեսպանների ներկայացրած հայտարարագրերից, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի դիվանագիտական շահերն արտերկրում ներկայացնող դեսպաններն ապրում են խիստ համեստ կյանքով, ինչին, սակայն, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, դժվար է հավատալ: Ինչեւէ. ներկայացնում ենք մի քանի «աղքատ» դեսպանների ունեցվածքի հայտարարագրերը:
Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանն ունի ընդամենը 490 եվրո գումար: Այդպիսի պաշտոն զբաղեցնող անձնավորության համար նման գումար ունենալն իրոք որ զարմանալի է: Այն կարող է բավականացնել ընդամենը երկու-երեք անգամ իտալական որեւէ ռեստորանում ճաշելու համար: Նա չունի ո՛չ շարժական, ո՛չ էլ անշարժ որեւէ գույք, իսկ մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ միջոցը եղել է աշխատավարձը՝ 31,079 եվրո:
Նման իրավիճակում է գտնվում Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը: Նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, թե ունի ընդամենը 500 եվրո: Մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 8000 դոլար եւ 250.000 դրամ: Մի փոքր ավելի լավ դիրքերում է գտնվում Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: Նա ունի 600 դոլար եւ 33 հազար եվրո: Մեկ տարվա ընթացքում աշխատավարձի շնորհիվ նա վաստակել է 45.020 դրամ: Ահա այսպիսի գրեթե ճգնավորի կյանքով ապրող դեսպաններ ունենք:

 

ԼՈՒՐԵՐ

ՄԻԱՅՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է
Մոտ օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացել է ցորենի եւ գարու բերքահավաքի ընթացքին: Նշենք, որ գյուղնախարարը եղել է մարզի Բռնակոթ, Իշխանասար, Աղիտու եւ Նորավան համայնքներում: «Ժողովուրդ»-ը Աղիտու համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե գյուղնախարարն իր այցելությունով ի՞նչ հարց է լուծել կամ ինչո՞վ է օգնել գյուղացիներին: Պարզվեց, որ խոստումից բացի ոչնչով նա չի օգնել: «Եսիմ, է: Եկավ ու ժողովրդին ասաց, որ լրիվ լավ է լինելու: Բայց մեր գյուղում այս տարի կարկուտը ցորենին ու գարուն մի փոքր վնասել էր, բայց դե ոչինչ, գոնե փոքր-ինչ կքաղենք: Պտղատու այգիներն էլ էին կարկտահարությունից տուժել: Դե, գյուղնախարարն էլ ցածր, շուկայականից էլ ցածր գներով սելիտրա, սերմացու, դիզվառելիք է բաժանում գյուղացիներին, բա խոստումն ի՞նչ է, որ չտա»,- ներկայացրեց Աղիտուի համայնքապետը:
Ի դեպ, ՀՀ ԳՆ-ի տվյալներով՝ Սյունիքի մարզում հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները 2014 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են 1537 հեկտարով՝ կազմելով 24718 հեկտար: Ընդ որում, ցորենի ցանքատարածություններն ավելացել են 940, գարու ցանքերը` 348, այլ հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքերը` 249 հեկտարով:

 

ՍՆԿԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ մեր հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետեւանքով առաջացած թունավորման դեպքեր: Այսպիսով՝ 2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետեւանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով, 2013թ. նույն ժամանակահատվածում` 16 դեպք` 24 տուժած: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի` սննդի մեջ օգտագործելու պատճառով: ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ թունավորման նախնական ախտանիշերն են սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղեստամոքսային տրակտի խանգարումները: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Իսկ ահա թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում չհավաքել կամ չգնել եւ սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկ գնել միայն շուկայից եւ խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: Երեխաներին եւ հղի կանանց խորհուրդ չի տրվում սունկ օգտագործել: Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են եւ կարող են բերել թունավորման:

 




Լրահոս