ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՐՏԵՂԻ՞Ց ԵԿԱՎ ԱՅՍ ԿՈՒՍԱԹԱՂԱՆԹԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած համացանցային տեղեկատվության անսահմանափակ մատչելիությանը, այսօր էլ քիչ չեն երիտասարդ զույգերը, կանայք եւ աղջիկները, ովքեր բավարար չափով տեղեկացված չեն սեռական հիգիենայի եւ առողջության պահպանման տարրական կանոններից: «Ժողովուրդ»-ի զրուցակիցն է գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը, ում հավաստմամբ` անգամ 21-րդ դարում կարելի է ականատես լինել «նախնադարյան» հարցադրումների. «Պատահել է, որ 5 ամսական հղին հարցրել է, թե իրեն ընդհանրապես կարելի է լողանալ, թե ոչ… Երբեմն անհրաժեշտություն է առաջանում բացատրել նոր ծննդաբերած կնոջը, որ պետք է լվացումներ անի»: Մասնագետի խոսքով` անգամ գրագետ եւ կրթված մարդկանց շրջանում սարսափելի ցածր է սեռական գրագիտության մակարդակը:

Մանկաբարձ-գինեկոլոգը մեջբերեց երբեւիցե իրեն հղած ամենատարօրինակ հարցերից մեկը. «Մի աղջիկ գրել էր ինձ. «Ես սեռական հարաբերություն չեմ ունեցել, երբեւիցե ընկեր չեմ ունեցել: Հիմա դաշտանս սկսել է, փորս վքնած է, ես մտածել եմ մի տղայի մասին, հնարավո՞ր է, որ ես հղի եմ»: Զարմանում եմ այսպիսի հարցերի վրա, հավանաբար դպրոցում լավ չեն անցել, բայց մի՞թե համացանցով չեն կարդացել՝ ինչպես է երեխան ստեղծվում: Այսօր նույնիսկ 5-6 տարեկան փոքրիկները գիտեն, որ տղան ու աղջիկը գոնե պետք է մի անկողնում քնեն, որ երեխա ստեղծվի»: Իրազեկության պակասից բացի, ըստ գինեկոլոգի, կա նաեւ մեկ այլ խնդիր. կանանց շրջանում նկատվում է ֆիզիկական պատրաստվածության բացակայություն. «Գալիս են ծննդաբերության բացարձակ անպատրաստ: Նրանք հեռու են ֆիզիկական դաստիարակությունից, ինչը պայմանավորված է նրանով, որ դպրոցում եւ համալսարանում աղջիկները խուսափում են մասնակցել ֆիզկուլտուրայի դասերին, քանի որ նրանց համար դա ամոթ է»:
Գինեկոլոգը նաեւ իր զարմանքն է արտահայտում, ինչպես ինքն է ասում, կուսաթաղանթամոլության վերաբերյալ. «15-16 տարեկան հասակից սկսած՝ բոլոր աղջիկների մոտ կուսաթաղանթացավ է: Բոլորի մտահոգությունը դա է, հո չի խախտվել իրենց կուսաթաղանթը: Չեմ կարողանում հասկանալ, թե ժողովրդի մեջ որտեղից արմատացավ այս կուսաթաղանթամոլությունը»: Մեր հարցին՝ արդյոք ամուսնությունից առաջ մեծանում է աղջիկ այցելուների թիվը, գինեկոլոգը պատասխանեց՝ ոչ. «Հիմնականում այցելում են նրանք, ովքեր մինչ ամուսնությունն ապրում են սեռական կյանքով: Հաճախ դիմում են նաեւ հղիությունը պլանավորելու ժամանակ եւ հղիության ընթացքում»:
Այնուամենայնիվ, Հ. Անդրեասյանն ընդունում է, որ այսօր կանայք ու աղջիկներն ավելի հետեւողական են իրենց առողջության հարցում, քան տարիներ առաջ: «10 տարի առաջ ժողովրդի մոտ այն կարծիքն էր տարածված, որ եթե աղջիկն ամուսնացած չէ, ուրեմն չի կարող դիմել գինեկոլոգին: Նրանք կարծում էին, թե կինն անպայման պիտի սեռական կյանքով ապրի, որ դիմի մասնագետի»,-նշում է մեր զրուցակիցն ու հավելում, որ կանայք գինեկոլոգներին մեծամասամբ այցելում են մազակալման եւ դաշտանային ցիկլի խանգարումների հետ կապված խնդիրներով: «23-ից 35 օրը մեկ պարբերականությամբ դաշտանային ցիկլը նորմալ է համարվում: Իսկ ինչ վերաբերում է ցավին, եթե դա ուժեղ է արտահայտված, ապա անպայման պետք է դիմել բժշկի եւ անցնել հետազոտություն, որպեսզի տարբերակվի՝ կա խնդիր, թե ոչ: Հաճախ դիմում են նաեւ մազակալման խնդիրներով, իմիջիայլոց, կա տենդենց, որ կոսմետոլոգներն են իրենց հաճախորդներին ուղղորդում գինեկոլոգների մոտ խորհրդատվությունների»,-եզրափակում է Հասմիկ Անդրեասյանը:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆ ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Օգոստոսի առաջին օրը «21TV»-ի հաղորդավարուհի Մարինա Գրեգը նշանվել է Արթուր Հարությունյանի հետ, ում ճանաչում է արդեն 7 տարի: BRAVO.am-ը շնորհավորել է զույգին եւ հետաքրքրվել, թե ինչպես ընկերներից վերածվեցին սիրահարների: «Տեւական շփումն ու մտերմությունը մեզ կապեցին նոր, ավելի ամուր կապով: Հասկացանք, որ ստեղծված ենք միմյանց համար»,-նշել է Մարինան եւ հավելել, թե նոր կարգավիճակը պարտավորեցնող է, բայց եւ ավելի երջանկացնող: «Չկա ավելի հաճելի բան, քան սիրելի անձնավորության կողքին լինելը: Նշանադրության երեկույթը շատ լավ անցավ` զերծ ամեն տեսակի պաշտոնականությունից: Բոլորն ի սրտե ուրախ էին մեզ համար»,-պատմել է նա: Ինչ վերաբերում է պսակադրությանը, Մարինան եւ Արթուրը դեռեւս ամիս եւ օր չեն որոշել.«Չենք շտապում: Մի բան հաստատ է` կամուսնանանք տաք եղանակին»:

 

ՆՈՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ
Կոլումբիայում լուդոֆոն (ludofono) անվանումով նոր երաժշտական գործիք են ստեղծել: Այն իր մեջ համակցում է փողային, լարային եւ հարվածային գործիքները: Գյուտի հեղինակների խոսքով՝ երեխաները, նվագելով այն, կկարողանան կողմնորոշվել, թե որ տիպի գործիքն է իրենց ավելի շատ դուր գալիս: Յուրաքանչյուր նոտա ընդգծված է իր գույնով, ինչը հնարավորություն կտա նոր երաժշտական կոմպոզիցիա սովորեցնելիս պարզապես գույներով հավաքել մեղեդին, որը երեխաներն այնուհետեւ հեշտությամբ կհավաքեն երաժշտական գործիքով:
Լուդոֆոնը, որի նախագիծն ի հայտ է եկել դեռեւս 2012-ին, 2014-ին արժանացել է «Ամերիկայի իննովացիաներ մրցանակին»՝ «Դիզայն» անվանակարգում:

 

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի նախկին մամուլի քարտուղար Դիկի Արբիտերը մտադիր է գիրք հրատարակել, որում կբացահայտի թագավորական ընտանիքի շատ գաղտնիքներ՝ մասնավորապես արքայազն Չարլզի եւ արքայադուստր Դիանայի հարաբերությունների մասին։
Թագավորական պալատում նախկին աշխատակցի արարքը գնահատում են որպես դավաճանություն։ Չարլզը բարկացած է:
12 տարիների ընթացքում, երբ Արբիտերը մոտ է եղել թագավորական ընտանիքին, արքայազնը նրան ընդունել է որպես մտերիմ մարդ, ում վստահել է իր գաղտնիքները։ Այժմ այդ ամենը կարող է հասանելի դառնալ հանրությանը։
Նախկին մամուլի խոսնակը, սակայն, վստահեցնում է, որ իր գիրքը չի խախտի չհրապարակման վերաբերյալ եւ ոչ մի պայմանագիր, որոնք նա երբեւէ ստորագրել է։

 

ԱՊԱԳԱՅԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ
Դանիայում մի քանի տարուց հնարավոր կլինի այցելել Գիվսկուդի կենդանաբանական այգի, որը կդառնա աշխարհի ամենազարգացած կենդանաբանական այգին: Այս նախագծի նպատակը կենդանիների կյանքի, ինչպես նաեւ միմյանց ու այցելուների հետ շփման համար լավագույն ու հնարավորինս ազատ պայմաններ ստեղծելն է:
Այցելուները հնարավորություն կունենան կենդանիների վարքին հետեւել ջրի վրա լողացող պատիճներից կամ ոտնակների օգնությամբ կառավարվող ճոպանուղիներից:
Բնության գրկում այգու կառուցման աշխատանքներն ընդգրկելու են շուրջ 4 քկմ տարածք, որտեղ կենդանիները վանդակների փոխարեն կապրեն ազատ բնության գրկում, սակայն բնական պատնեշները, ինչպես, օրինակ, ջրային գոտիներն ու բարձրությունների տարբերությունը, նրանց կստիպեն չհեռանալ նախատեսված տարածքից:

 

ՊՐԵՄԻԵՐԱՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
«Universal Pictures» կինոընկերությունը տեղափոխել է նոր «Մումիա» ֆիլմի պրեմիերայի օրը: Ինչպես հաղորդվում է` ֆիլմը հանդիսատեսին կներկայացվի ոչ թե ապրիլի 22-ին, այլ 2016թ. հունիսի 24-ին:
Ամենայն հավանականությամբ, նոր ֆիլմի ստեղծողները հետեւելու են արկածային ժանրին, որը հաստատվել էր 1999թ. տարբերակում:

 

 




Լրահոս