ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է «Սեւան» ՔԿՀ-ում
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով իր մասին խոսելիս սիրում է շեշտել` ինքը «մինիատյուրնի է», այցելել է «Սեւան» ՔԿՀ, ծանոթացել դատապարտյալների կեցության պայմաններին: Ճաշի կաթսային նախարարի հայացքը, թերեւս, լավագույնն է բացահայտում «մինիատյուրնի» լինելու գաղտնիքը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստեղծագործական աշխատանքների համար արդյո՞ք գործատուն պետք է սոցիալական վճարներ կատարի, թե ոչ։
Հրաչ Մանուկյան (41 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մանուկյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետի համաձայն` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները եւ դրան հավասարեցված եկամուտներն են: ՀՀ կառավարության 8 հունիսի 1998 թվականի N 352 որոշման հավելված 1-ով սահմանված են աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ եւ դրանց հավասարեցված եկամուտների ցանկը, նշված հավելվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա գիտական եւ ստեղծագործական աշխատանքների դիմաց եկամուտները չեն դիտվում որպես աշխատանքի վարձատրությանն ուղղված կամ դրանց հավասարեցված եկամուտներ:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից պարզ է դառնում, որ նման պայմանագիր ունենալու դեպքում գործատուներն ազատվում են սոցվճարներ մուծելու պարտականությունից: Սա, թերեւս, որոշակիորեն թեթեւացնում է նրանց հարկային բեռը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով է իրականացվում ծնողական իրավունքների վերականգնումը, ի՞նչ գործընթաց է վերջինս ենթադրում: Այսինքն՝ ծնողն ի՞նչ պետք է անի, որպեսզի վերականգնի իր իրավունքները։
Լեւոն Գեւորգյան (39 տարեկան, առաքիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ՝
1. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձեւը եւ (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը։
2. Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա։ Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
3. Ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաեւ երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը։
4. Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է` հաշվի առնելով նրա կարծիքը։
Դատարանը, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:
Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:
«Լեգալ Էքսպերտ» իրավաբանական խորհրդատվության ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ նշենք, որ ծնողական իրավունքից զրկումը ծնողներին չի ազատում իրենց երեխային պահելու պարտավորությունից: Ինչ վերաբերում է ծնողական իրավունքների վերականգնմանը, ապա տեղեկացնենք, որ այդ գործընթացը չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է եւ դա չեղյալ հայտարարված չէ: