ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱԺ-Ն ԼՌՈՒՄ ՄԻՆՉԵՎ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ
ԱԺ վեց խմբակցությունները երեկ համատեղ հայտարարություն են ընդունել՝ վերջին օրերին սահմանին զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ: Խորհրդարանական ուժերը ՀՀ բանակին եւ զինվորներին սատարելու հարցում միասնականություն հայտնելուց բացի, կոչ են արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին գործնական քայլեր ձեռնարկել դիպուկահարներին հեռացնելու, վերջին միջադեպերի քննության եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող քայլերը բացառելու ուղղությամբ: Բացի այդ, նրանք միջազգային հանրությանը կոչ են արել հրաժարվել կողմերի միջեւ հավասարություն դնող մոտեցումից եւ դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները: Ուշագրավը, սակայն, հայտարարության հետեւյալ հատվածն է. «Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը»: Ինչպես հայտնի է, Ադրբեջանին մեծաքանակ սպառազինություն վաճառող երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ այս առումով, ԱԺ 6 խմբակցությունները թեեւ կոնկրետ անուն չեն հնչեցրել, բայց եւ բավականին թափանցիկ հասկացրել են՝ ում նկատի ունեն: Պարզապես տարակուսելի է, թե ինչու էր ԱԺ-ն լռում մինչ օրս:
Բոլորովին վերջերս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով ՌԴ-ի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ու այդ համատեքստում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին, հայտարարել էր. «ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է մեր երկրի տնտեսական զարգացման եւ ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ»: Այսօր, սակայն, դեռ ԵՏՄ-ին չանդամակցած, Հայաստանը սկսել է իր մաշկի վրա զգալ ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հետեւանքները: ՌԴ տնտեսության մեջ սկսված վայրիվերումների առաջին նախանշաններից մեկը Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալների նվազումն է: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 2013թ. երկրորդ եռամսյակում ՌԴ-ից ՀՀ ֆիզիկական անձանց միջոցով եկել է ավելի քան 369.5 մլն դոլար, իսկ այս տարի փոխանցումների ծավալը կազմել է 364.1 մլն դոլար: Ընդ որում, միայն 2013թ. հունիսին ՀՀ ավելի քան 141 մլն դոլար է փոխանցվել, իսկ այս տարվա հունիսին` 134 մլն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, անդրադառնալով սահմանում հակառակորդ կողմի դիվերսիոն հարձակումների եւ պատերազմը վերսկսելու վտանգի մասին, ասաց, որ իր որդին նույնպես պատրաստ է սահման գնալ. «Նման բաներից խուսափել չի կարելի: Հավատացեք, Աստված չանի, առանց որդի կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես կարող»: Հարցին, թե ինչպես է իր որդին սահման պահելու, եթե մեր երկրի համար դժվար օրերին անսթափ վիճակում մեքենա է վարել քաղաքի մայթերով եւ ՃՈ աշխատակիցների կողմից տուգանվել 150.000 դրամով, նախկին մարզպետը պատասխանեց. «Դե հիմա ջահել տղա է: Ես ավելի վատ եմ պատժել իրեն, մեքենայից զրկել եմ: Այդ իրավունքն իրեն տրված չէ, որ քաղաքում արագություն գերազանցի: Ես իմ պատիժը տվել եմ: Այդ մեքենան չկա: Դա էլ պատժի մի ձեւ է»:
Դեռեւս հուլիսի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: Նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը սկսել է մեծ թափով գործունեություն ծավալել այնտեղ եւ որ այսուհետ հենց նա է ղեկավարելու գործարանը: Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ցեմենտի գործարանի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը վերջին պահին փոշմանել է ու չի ցանկանում գործարանի վաճառքն իրականացնել: Մեր տեղեկություններով՝ այժմ Մ. Բաղդասարովը նոր տնօրեն է փնտրում: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը միայն տեղեկություն ունի, որ գործարանի վաճառքի գործարքը ձգձգում են, իսկ մյուս հարցերը պետք է ուղղել Մ. Բաղդասարովին. «Իմ ընկերները փաստաթղթային գործընթացի մեջ են, ուղղակի այդ փաստաթղթերը կարծես թե ձգձգվում են: Ես չգիտեմ, թե Մ. Բաղդասարովն ինչ է ուզում անի կամ չանի, ես որեւէ ինֆորմացիա չունեմ»:
ՈՒ՞Մ ԵՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ
Ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված արյունալի միջադեպերի եւ լարվածության աննախադեպ էսկալացիայի կապակցությամբ երեկ իրենց մտահոգությունն են արտահայտել եւ կրակի դադարեցման կոչերով կողմերին են դիմել գրեթե բոլոր գերտերությունները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, նաեւ Շվեյցարիան եւ ԵԱՀԿ խմբի միջնորդները: Մինչդեռ այն կառույցը, որի հետ մենք ունենք անվտանգության երաշխավորման պայմանագիր, մինչ օրս շարունակում է քար լռություն պահպանել: Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է, որի անդամներն ուղղակի պարտավորություն ունեն մասնակից պետություններից որեւէ մեկի սահմանների վրա հարձակման դեպքում արձագանքել:
Դեռեւս երկու տարի առաջ, երբ Հիլարի Քլինթոնի` տարածաշրջանային այցի նախօրեին դարձյալ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում Տավուշի սահմանագոտում զոհվեց չորս հայ զինվոր, հայ լրագրողների համառ զանգերի եւ գրավոր դիմումների արդյունքում ՀԱՊԿ մամուլի խոսնակն, ի վերջո, հարկ համարեց «կեսբերան» դատապարտել կատարվածը: Մինչդեռ հիմա անգամ այդ «կեսբերան» արձագանքն էլ չկա:
Մինչ օրս ՀԱՊԿ-ի հետ կապված քիչ թե շատ հստակ միակ հայտարարությունն անցած աշնանն արել է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին` նշելով. «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ` ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններրն համաձայն»: Այս հայտարարությունը, սակայն, ոչ միայն չերկրորդվեց, այլեւ քիչ անց սրբագրվեց Մոսկվայի կողմից:
Եվ եթե մինչ այդ բոլոր սահմանային միջադեպերի ժամանակ թե՛ ՀԱՊԿ, թե՛ հայ պաշտոնյաները փորձում էին արդարացնել ՀԱՊԿ-ին` նշելով, որ այդ կառույցը պարտավոր է պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետության, եւ ոչ թե ԼՂՀ սահմանները, ապա հիմա արդեն հենց Հայաստանի Հանրապետության սահմաններն են գտնվում թշնամու չդադարող կրակահերթերի տակ:
Կասկածից դուրս է, որ ՀՀ իշխանությունները քաջ գիտակցում են, թե անհրաժեշտ պահին որքան խախուտ կարող է լինել ՀԱՊԿ-ի անվտանգության հովանոցը: Սակայն, գիտակցելով հանդերձ` փորձում են «ձգել» ՀԱՊԿ-ի միֆը. ի վերջո` թեկուզ չաշխատող անվտանգության հովանոցն ավելի լավ է, քան դրա իսպառ բացակայությունը: Ամբողջ հարցն այն է` թե ում համար է խաղարկվում այդ «միֆը», արդյոք միայն ադրբեջանական կողմի, թե նաեւ Հայաստանի հանրության համար: