ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՏԺԵԼ Է ՈՐԴՈՒՆ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն անդրադառնալով սահմանում հակառակորդ կողմի դիվերսիոն հարձակումների եւ պատերազմը վերսկսելու վտանգին` ասաց, որ իր որդին նույնպես պատրաստ է սահման գնալ. «Նման բաներից խուսափել չի կարելի, եթե խոսքը հայրենիքի մասին է: Առանց ծնող կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես ապրի: Հավատացեք, Աստված չանի, առանց որդի կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես կարող ապրել»:
-Պարոն Խաչատրյան, իրավիճակը շփման գծում բավականին լարված է: Ըստ Ձեզ` արդյոք այս լարվածությունը կարո՞ղ է վերաճել պատերազմական գործողությունների:
– Այդ վտանգավոր իրավիճակը սկսվել է 1988 թվականից ու արդեն 26 տարի է, ինչ կա: Մենք մեր խնդիրը մինչեւ 1994 թվականը լուծել ենք, բայց հաշտության պայմանագիրը կնքելուց հետո մինչ այսօր սահմանում վիճակը լարված է: Մենք փորձելու ենք մեր ձեռքբերածը պահել, նրանք էլ փորձելու են հետ վերցնել: Ամբողջ խնդիրը սա է: Սրանից ոչ կարելի է վախենալ, ոչ էլ մտահոգվել: Մենք երբեւէ այսպես ուժեղ չենք եղել, ոնց հիմա ենք: Մենք տարածաշրջանում ունենք ամենամարտունակ բանակը: Մեր երկրի նախագահը պատերազմի թոհուբոհով անցել է եւ պատերազմական իրավիճակին ամբողջապես տիրապետում է, պաշտպանության նախարարը նույնպես պատերազմի թոհուբոհով է անցել: Որպես նորօրյա սերունդ, մի բան իմացեք՝ մենք խրամատում ունենք մեծ քանակությամբ 20-40 տարեկան անվախ տղաներ, դրան գումարենք Երկրապահը, որն իր ամբողջ հասակով կանգնած է երկրի սահմանների պաշտպանության հարցում: Կարող է՝ որոշ տղաներ ընկճված են, կարող է՝ որոշ տղաներ էլ սոցիալական խնդիրներ ունեն, բայց համոզված եմ, որ այդ տղաները վտանգի պահին առաջինն են նետվելու սահմանի պաշտպանությանը:
-Այս օրերին գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գնում են դիրքեր: ԼՂՀ վարչապետն արդեն քանի օր է՝ դիրքերում է գիշերում: Չե՞ք պատրաստվում Դուք էլ գնալ սահման եւ հայ զինվորի կողքին կանգնել:
-Ես ոչ թե դիրքեր եմ գնում, այլ դիրքերում արդեն մեկուկես ամիս ճանապարհներ եմ սարքում: Մենք մեր միջոցներով Պաշտպանության նախարարության հետ համատեղ Նախիջեւանի սահմանի ճանապարհն ենք կառուցում: Մեր տեխնիկան, աշխատողները այս պահին էլ աշխատում են: Չգիտեմ, թե այս պահին ով է գնում դիրքեր, ինչ է անում, բայց ես կոնկրետ այս պահին աշխատում եմ: Հենց հրահանգ լինի թե չէ, մեկ օրվա մեջ կարող ենք հազար հոգի հավաքել եւ գնալ ցանկացած հրահանգ կատարելու: Գորիսում արդեն տղաների հետ խոսել եմ, Երկրապահի շտաբն ավելի է ուժեղանում, տղաները հավաքագրվում են եւ իրենց պատրաստակամությունն են հայտնում, որ, Աստված մի արասցե, եթե օրհասական պահը գա, մենք առաջիններից մեկը կլինենք, որ կգնանք հայրենիքի պաշտպանության համար:
-Այսինքն, այն խոսակցությունները, որ Ձեր ընտանիքի շուրջ տեղի ունեցած վերջին դեպքերից հետո նեղացած պատրաստվում էիք լքել երկիրը, հեռո՞ւ են իրականությունից:
-Ես իմ հայրենիքը սիրում եմ, իմ երկիրը սիրում եմ ու, ընդհանրապես, նեղանալու առիթ չունեմ: Ինչի՞ց նեղանամ: Այս դեպքերն էլ, որ եղան, դրանք հայրենիքի հետ կապ չունեն, սա մի փորձություն էր, որ չի կարելի կապել հայրենիքի հետ: Ոչ մի բան չի փոխվել: Ես ասել եմ, որ պաշտոնով չէ, որ ես պետք է հայրենիքիս ծառայեմ: Որպես մարդ, պատրաստ եմ միշտ էլ ծառայել հայրենիքիս:
-Հասարակության շրջանում կարծիք կա, որ այսօր սահմանը պահում են խեղճ ու կրակ ընտանիքների երեխաները, մինչդեռ հարուստների կամ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները կյանքն են վայելում: Պատրաստվո՞ւմ եք Ձեր որդուն սահման ուղարկել:
-Ինչու չեմ տանի, իմ տղան պատրաստ է: Նման բաներից խուսափել չի կարելի, եթե խոսքը հայրենիքի մասին է: Առանց ծնող կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես ապրի: Աստված չանի, առանց որդի կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես կարող ապրել, հավատացեք: Հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է:
-Բայց նկատենք՝ մինչ դիրքերում շատերը կյանքի ու մահու կռիվ են տալիս, Ձեր որդին քաղաքում անսթափ վիճակում մեքենան վարում է մայթով եւ ՃՈ աշխատակիցների կողմից վարչական պատասխանատվության ենթարկվում 150.000 դրամով: Այս մասին ինչ կասեք:
-Դե հիմա ջահել տղա է: Ես ավելի վատ եմ պատժել իրեն, մեքենայից զրկել եմ: Այդ իրավունքն իրեն տրված չէ, որ քաղաքում արագություն գերազանցի: Ես իմ պատիժը տվել եմ: Այդ մեքենան չկա ու դա էլ պատժի մի ձեւ է:
-Պարոն Խաչատրյան, տեղեկություններ կային, որ Դուք ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին մեծ գումարի դիմաց խնդրել էիք Ձեզ տալ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, երբ նա իշխանության մաս էր կազմում:
-Այդպիսի խնդիր չունեմ, դա ինձ համար կարեւոր չէ: Ինձ համար կարեւորը հայրենիքի սահմանների պաշտպանությունն է եւ մեր երկրի առաջընթացը:
-Այնուամենայնիվ, պարոն Խաչատրյան, հատկապես այն պատճառով, որ երկրում առաջընթացը նկատելի չէ, Երեւանում Ձեր կառուցած այդքան շքեղ առանձնատունն աչք է ծակում, եւ շատերն են զարմանում, թե ինչ միջոցներով եք այն կառուցել:
-Եթե որեւէ մեկին հաճելի էր այն ապառաժը, որ այնպես կեղտոտ, փոշոտ որպես աղբանոց կար ու դա հիմա վեր է ածվել մի հրաշք կառույցի եւ դա վատ են տանում, ինչ ասեմ: Տուն կառուցելու համար շատ փող պետք չէ, եթե մարդ ունի եկամուտի աղբյուր: Ունեմ մի քանի բիզնես ու դա ինձ հնարավորություն է տալիս կամաց-կամաց կառուցել: Ուզում եմ ի լուր բոլորի ասել, որ ոչ մի մարդ իր կառուցածն իր հետ չի տանելու, բոլորն էլ մնում է երկրին: Դրանից չի կարելի նախանձել: Մի բան ասեմ՝ այդ տանը կաշխատի մի 25 բանվոր եւ աշխատավարձ են չէ՞ ստանալու: Դրա կառուցելը նաեւ աշխատատեղ է չէ՞ ստեղծում: Պատկերացնո՞ւմ եք, մարդ փորձել է մի բան կառուցել, որը աշխատատեղ է ստեղծում, դրանից էլ են վատ զգում: Անընդհատ չարը, ի վերջո ո՞ւր ենք գնալու այդքան չար: Մեր ներսի չարությունից է, որ թուրքն այսօր առիթից օգտված ամեն օր սահմանը լարված է պահում: Ինչի՞ են խոսում առանձնատան մասին, բայց չեն խոսում, որ մոտ 200 միլիոն դրամ գումար եմ ներդրել Գորիսում զոհված ազատամարտիկների հուշարձանի կառուցման համար: Մոտ 15 մետր բարձրություն է ունենալու այդ հուշարձանը, Գորիսի հրապարակ ենք բարեկարգում, ինչո՞ւ չեն խոսում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 4 ՕՐՈՎ ԿԱՅՑԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԴԻՐՔԵՐ
ԱԺ անկախ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել` արդյոք նա պատրաստվում է մեկնել ԼՂՀ շփման գիծ՝ ինչպես իր մի քանի գործընկերների հետ արեցին Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:
-Պարոն Մարուքյան, Քեսաբում տեղի ունեցած դեպքերից հետո Դուք մեկնեցիք այնտեղ, ինչո՞ւ նույնը չեք անում հիմա` մեկնելով սահման, ինչո՞ւ չեք գիշերում այնտեղ` զինվորների կողքին, թե՞ Քեսաբ մեկնելու հիմնական նպատակը «Ֆեյսբուք»-ի համար լուսանկարվելն էր:
-Նախ ասեմ, որ այդ համեմատությունը սխալ համեմատություն է, Քեսաբն ու ԼՂՀ-ն համեմատելն ուղղակի աբսուրդ է, բայց այն հարցին, թե պատրաստվում ենք շփման գիծ մեկնել, պատասխանեմ՝ այո, մենք պատրաստվում ենք: Ես, որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ, կարող եմ ասել, որ հանձնաժողովը պլանավորում է 4-օրյա այց սահմանային դիրքեր, այդ թվում նաեւ ԼՂՀ: Իսկ ես, բնականաբար, ԱԺ հանձնաժողովի անդամ եմ ու պլանավորել եմ, որ մասնակցելու եմ: Հետեւաբար առանձին այցելություն չեմ նախատեսել, որովհետեւ ԱԺ-ի կողմից խմբով կազմակերպվածն ավելի արդյունավետ, ավելի ազդեցիկ ու ճիշտ կլինի:
-Իսկ կոնկրետ՝ արդեն որոշվա՞ծ է, թե որ հատվածում եք լինելու:
-Կոնկրետ՝ պլանավորվում է ու պաշտոնական հաղորդագրություն կլինի: Իսկ սահման մեկնողների կազմում կլինեն նաեւ այն մարդիկ, ովքեր եղել են նաեւ Քեսաբում, այսինքն՝ տարանջատումներ չկան:
-Օրինակ` ԼՂՀ վարչապետը մեկնել է դիրքեր, եւ երկու օր շարունակ այնտեղ է գիշերել, ինչո՞ւ նույնը չեն անում ՀՀ պաշտոնյաները, ովքեր եթե մեկնում էլ են սահման, ապա անպայման շտապում են երեկոյան վերադառնալ Երեւան: Դուք գիշերելո՞ւ եք դիրքերում:
-Տեսել եմ, որ ԼՂՀ վարչապետը գիշերել է դիրքերում ու լավ է արել, բայց միայն վարչապետը չէ, այլ պաշտոնյաներ էլ են գնացել մնացել: Չեմ կարող ասել՝ որտեղ կմնանք, ինչ կանենք: Ամեն դեպքում, հնարավորինս արդյունավետ կկազմակերպվի մեր այցը, որպեսզի բոլոր ուղղություններով էլ աշխատանք տարվի թե՛ իրավիճակին գնահատական տալու, թե՛ ոգեւորելու, թե՛ զինվորի կողքը կանգնելու, թե՛ մյուս բոլոր առումներով: Իսկ ինչ վերաբերում է դիրքերում մնալուն, ապա ասեմ՝ ես սահմանային զորամասում եմ ծառայել ու տարբեր դիրքերում քնել եմ երկու տարի: Իսկ ով չի քնել, թող գնա քնի: Ես ոչ մեկի գործողություններին չեմ ուզում գնահատական տալ, ով գնում է՝ լավ է անում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության մասին, վստահեցրեց, թե պետության կողմից իրավիճակը հսկվում է. «Մենք ուղղակի զինադադարի մեջ ենք ու այն թվականից, երբ պայմանագիր ենք կնքել զինադադարի մասին, այդ ժամանակվանից սկսած ամեն պահի էլ կարելի էր սպասել պատերազմական դրության: Բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունն այդքան հիմար է, որ գնա պատերազմի: Այնուամենայնիվ, պետք է միշտ պատրաստ լինել»:
ԴԵՌ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ստացան իրենց մեկ ամսվա աշխատավարձը եւ այդ ժամանակ էլ վարչապետի եւ «Նաիրիտ»-ի ղեկավարության միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչեւ օգոստոսի վերջ սպասել, որպեսզի կառավարությունը կարողանա նրանց որոշակի պատասխան տալ: «Ժողովուրդ»-ը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանից տեղեկացավ, որ կառավարությունը նաիրիտցիներից հավելյալ ժամկետ է խնդրել մինչեւ սեպտեմբերի 10-ը՝ առաջարկելով չաղմկել, աշխատավարձ չպահանջել: «Այս պահին ՀՀ կառավարությունն ինքն իր ստորաբաժանումներով ուսումնասիրում է «Նաիրիտ»-ի հարցն այնքանով, ինչքանով կարող է եւ փորձում է պատասխաններ գտնել «Նաիրիտ»-ի հետագա ճակատագրի եւ աշխատավարձերի վերաբերյալ: Այսինքն՝ մենք ակնկալում ենք, որ սեպտեմբերի սկզբին կունենանք վերջնական պատասխան»,-փոխանցեց «Նաիրիտ»-ի մամլո խոսնակը:
ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԵՆ
ՀՀ Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքը 2014թ. ցրտահարության պատճառով հնարավորություն չունի մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսն աշխատավարձի եւ կոմունալ ծառայությունների մասով առաջնահերթ վճարումներն անել: Այդ պատճառով էլ ՀՀ կառավարության վաղվա նիստում որոշում է կայացվելու համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով՝ ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների 1 մլն 450 հազար դրամը հատկացում տրամադրելու: Նախագիծը կազմվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կողմից: Ըստ ՏԿՆ-ի՝ նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները: