ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԲ ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ՝ ԲՈԲԻԿԱՆՈՒՄ ԵՆ

2014թ. օգոստոսի 2-ն առանց վարանելու կարելի է համարել Հայաստանի նորագույն պատմության հիշարժան օրերից մեկը: Սա այն պատճառով, որ օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իրեն նեղություն էր տվել ճամփորդելու փոխարեն մնալ Հայաստանում, ավելին՝ մեկ օրվա ընթացքում միանգամից երկու կարճ հարցազրույցով հանդես գալ` մեկը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հեռանկարի, մյուսը` սահմանային միջադեպերի մասին:

Սակայն, Նալբանդյանը սկզբում խոսել է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ, եւ միայն հետո է անդրադարձել սահմանին հրադադարի խախտումներին:
Նման հերթականությամբ պարզաբանումներով հանդես գալն ամենեւին էլ պատահական չէ. փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ 1994թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի հետ սահմանային միջադեպերն իրենց ծավալներով աննախադեպ էին ու պատերազմի վերսկսման վտանգն առավել քան իրական էր, ՀՀ ԱԳ նախարարն առաջինը գերադասում է ոչ թե միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, այլ` հավատարմության երդումներ տալ ՌԴ-ին: Սա մի կողմից՝ տեղավորվում է ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, ՌԴ-ին ամեն գնով քծնելու տրամաբանության շրջանակներում: Բայց մյուս կողմից՝ սա հերթական անգամ ի ցույց է դնում ՀՀ իշխանությունների` ոչ ադեկվատ պահվածքը:
Ավելին՝ երբ ծանոթանում ես Նալբանդյանի պարզաբանումներին, ակնհայտ է դառնում, որ այդ հայտարարությունը, մեղմ ասած, տեղին չէր: Տպավորություն է, թե նա փորձել էր Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձեւանալ, եւ դա՝ Հայաստանի համար կարեւոր պահին: Իհարկե, չի բացառվում, որ այսպես նա եւս մեկ անգամ հավատարմության երդում տալով, փորձել է ՌԴ գութը շարժել՝ խնդրելով վերջինիս տեր կանգնել ՀԱՊԿ շրջանակներում իր պարտավորություններին: Բայց խոստովանենք՝ սա այդ առումով լավագույն ճանապարհը չէ:
Դատեք ինքներդ. «ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է մեր երկրի տնտեսական զարգացման եւ ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ: Հայաստանն, անշուշտ, ձգտելու է ավարտին հասցնել ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը` ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը: Դա նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանին` արտահանման իր հիմնական շուկաներում մրցակցային առավելությունների մեծացման եւ արտահանման ծավալների ավելացման, Միության անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման, ինչպես նաեւ այդ պետություններից Հայաստան ուղղակի ներդրումների խթանման առումով»,-հայտարարել էր Նալբանդյանը:
Մինչդեռ վերջին ամիսների վիճակագրական տվյալներն ուղղակի հերքում են Էդվարդ Նալբանդյանի խոսքերը: «Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա ընթացքում նվազել են ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները ԵՏՄ անդամ երկրների հետ: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ԵՏՄ անդամ երեք երկրների` ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ առեւտրաշրջանառության ծավալներն ընդհանուր առմամբ նվազել են 14.9 տոկոսով: Ընդ որում, միայն 0.5 տոկոսով նվազել են ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառության ծավալները:
Նվազման միտում են ցուցաբերում նաեւ ՌԴ-ից եկող տրանսֆերտների ծավալները: Եթե 2013թ. երկրորդ եռամսյակում ՌԴ-ից ՀՀ եկել է ավելի քան 369.5 մլն դոլար տրանսֆերտ, ապա այս տարի ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալը կազմել է 364.1 մլն դոլար: Ընդ որում, միայն 2013թ. հունիսին ՀՀ ավելի քան 141 մլն դոլար է փոխանցվել, իսկ այս տարվա հունիսին` 134 մլն: Սա, ի դեպ, ՌԴ-ի նկատմամբ վերջին շրջանի պատժամիջոցների հետեւանքների առաջին նախանշաններից է:
Եվ վերջապես` ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ճանապարհին առավել քան լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, որոնց մասին ՀՀ իշխանությունները խուսափում են բարձրաձայնել: Խոսքը ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ ՀՀ հարաբերությունների վերանայման մասին է: Հատկանշականն այն է, որ այս մասին առաջինը խոսել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ամիսներ առաջ հայտարարելով, որ եթե Հայաստանը հաջողությամբ անդամակցի ԵՏՄ-ին, ապա պետք է փոխհատուցումների մասին բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ: «Քանի որ Հայաստանի առեւտրային գոծընկերների համար իրավիճակը փոխվում է, ապա Հայաստանը ԱՀԿ ընթացակարգով պետք է սկսի բանակցություններ գործընկերների հետ»,- նշել էր նա: Սրանով նա, ըստ էության, հասկացրել է, որ անկախ ՀՀ մտադրություններից, ՌԴ-ն չի պատրաստվում որեւէ կերպ պատասխանատվություն ստանձնել ԱՀԿ-ի հետ բանակցություններում. ԵՏՄ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքը պետք է ԱՀԿ-ի հետ բանակցի մաքսային քաղաքականության վերաբերյալ: Իսկ դա, մասնագետների պնդմամբ, բավականին լուրջ գործընթաց է. ՀՀ-ն պետք է ԱՀԿ անդամ պետությունների հետ առանձին բանակցություններ վարի՝ կապված նոր մաքսատուրքերի սահմանման հետ: Այսինքն՝ այժմ գործում են առեւտրի բոլորովին այլ պայմաններ, բայց ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում պայմանները միանգամից փոխվում են: Իսկ դա տեւական գործընթաց է, այն էլ՝ բավականին դժվար է կանխագուշակել դրա ելքը: Ավելին՝ հատկանշական է, որ ԵՏՄ անդամ 3 պետություններից ԱՀԿ-ին անդամակցում է միայն ՌԴ-ն, իսկ Բելառուսն ու Ղազախստանը՝ ոչ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊՈՐՏՖԵԼԸ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ուշագրավ կադրային փոփոխություններ է իրականացրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա աշխատանքից ազատել է ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ալեքսան Կարապետյանին, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Հակոբ Բեգլարյանին: Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար է նշանակվել Գագիկ Թադեւոսյանը: Այս կադրային փոփոխությունների մեջ հետաքրքիրն այն է, որ Ա.Կարապետյանն ու Գ.Թադեւոսյանը ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության անդամներ են: Ասել է թե՝ Գեղամյանի կուսակցությանը տրվել է փոխնախարարի մեկ տեղ, եւ ահա կուս.ղեկավարությունը որոշել է պաշտոնների փոխատեղումներ անել: Առավելեւս, որ որոշ տեղեկությունների համաձայն, Գեղամյանի ու Կարապետյանի հարաբերությունները նախկինի նման ջերմ չեն: Ի դեպ, երեկ Հ.Աբրահամյանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ է նշանակել Հայկ Հարությունյանին, եւ կառավարության կայքում տեղեկատվություն է հրապարակված միայն այս նշանակման մասին, իսկ մյուս փոխնախարարների մասով լռություն է:

 

ԹՌՉՈՂ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Պարզվում է՝ Հայաստանն օրեցօր հաջողություններ է գրանցում ամենաանհավատալի ոլորտներում: Օրինակ՝ մեր երկիրը դարձել է թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ ու դրանց մասեր արտահանող երկիր: Սա ոչ թե կատակ է, այլ՝ փաստ, որը «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է ՀՀ պաշտոնական վիճակագրության տվյալներից: Ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 7մլն 150 հազար դոլար արժողության մեկ թռչող ապարատ: Այն, ըստ վիճակագրական տվյալների, ներկայացված է «այլ թռչող ապարատ» անվան տակ: Դժվար է ասել՝ խոսքը տիեզերանավի, այլմոլորակայինների թռչող ապարատի, թե՞ սովորական ինքնաթիռի մասին է: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ. ի վերջո, անգամ ինքնաթիռի դեպքում անհասկանալի է սա:
Ի դեպ, այս տարի Հայաստանն արտահանել է նաեւ թռչող ապարատի սարքեր՝ 160 հազար դոլար արժողության: Վիճակագրության ուսումնասիրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանը նաեւ թռչող ապարատներ է ներմուծել՝ այս տարվա ընթացքում 1 հատ՝ 6 մլն 758 հազար դոլար արժողության: Այնպես որ՝ մեր երկրի տնտեսությունը փրկված է:

 

ԴԻՄԵԼ Է
Երեկ Ամենայն հայոց կաթողիկոսը նամակ է հղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին` կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի երկրի իշխանությունների կողմից չվտանգվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԶՈՐԱԿՑԵԼ Է
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների ընտանիքներին եւ մերձավորներին: «Մեր սիրելի հերոս զավակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղոթքով պիտի հիշվեն հայորդյաց շուրթերին, եւ նրանց անմահ հիշատակի առջեւ սերունդներ պիտի խոնարհվեն»,-ասված է Վեհափառ Հայրապետի ուղերձում: Առաջիկա կիրակի հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան պաշտոն` զոհված հերոսների հոգիների խաղաղության եւ հանգստության համար, տեղի կունենան այցելություններ նրանց ընտանիքներին:

 

ԿԱՐԻՔ ՉԿԱ
Ադրբեջանական զինուժի ոտնձգությունների հետեւանքով վիրավորված զինծառայողներին Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալում տեսակցելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հերքել է լրացուցիչ զորակոչի, կամ հնարավոր հավաքների մասին շրջանառվող լուրերը. «Մենք մեր ստորաբաժանումները նույնիսկ բարձր մարտական պատրաստականության աստիճանի չենք բերել: Մենք առկա ուժերով որոշակի ուժեղացրել ենք ծառայությունը եւ այդ ուժերով կարողացել ենք կանխել իրենց բոլոր այդ արկածախնդրությունները: Լրացուցիչ կամավորների կարիք այս պահին չկա»:

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի դիվերսիոն գործողություններին եւ լարվածության աճին երեկ արձագանքել են գերտերությունների ղեկավարները: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսաքին իր հայտարարության մեջ նշել է. «Այս հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Վրեժխնդրությունը եւ հետագա բռնությունը միայն ավելի կդժվարացնեն խաղաղ կարգավորման հասնելը»: Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում ասված է. «ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու եւ նոր միջադեպերից խուսափելու համար»: Երեկ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Մեծ Բրիտանիան: Միացյալ Թագավորության արտաքին եւ համագործակցության երկրների նախարարության մամուլի խոսնակն ասել է. «ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը եւ հավատարիմ մնալ 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին»: ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիոն եւս մտահոգություն են հայտնել շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության ահագնացման կապակցությամբ։




Լրահոս