«ՄԻԿԱ ՑԵՄԵՆՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ Է «ՓՆՏՐՈՒՄ»
Դեռեւս հուլիսի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: Նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը սկսել է մեծ թափով գործունեություն ծավալել այնտեղ եւ որ այսուհետ հենց նա է ղեկավարելու գործարանը: Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ցեմենտի գործարանի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը վերջին պահին փոշմանել է ու որեւէ կերպ չի ցանկանում գործարանի վաճառքն իրականացնել: Մեր տեղեկություններով՝ այժմ Մ. Բաղդասարովը նոր տնօրեն է փնտրում:
Եվ այսպես, «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերության շուրջ օր օրի կրքերը թեժանում են. ընկերության` սնանկ ճանաչվելուց հետո այդպես էլ անհասկանալի է մնում, թե ե՞րբ է սկսելու գործել գործարանը, ովքե՞ր են վճարելու գործարանի աշխատակիցների աշխատավարձերը եւ, ի վերջո, գործարանի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն ինչո՞ւ է լռում ու որեւէ կերպ չի արձագանքում գործարանի շուրջ կատարվող իրադարձություններին:
Հիշեցնենք, որ ցեմենտի գործարանը 2013թ. սնանկ ճանաչվելուց հետո գրավադրվել է, այնուհետեւ անցել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի կառավարմանը՝ վերանվանվելով «Ցեմենտ սերվիս» ՍՊԸ: Այդ ամենից հետո գործարանը ցանկացել էր գնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, թեեւ նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե գնողն ինքը չէ, այլ իր մոսկվաբնակ ընկերները, ովքեր մեծ ցանկություն են հայտնել աշխատեցնել գործարանը, իսկ ինքն էլ ընդամենը նրանց օգնում է գործարանի գնման եւ փաստաթղթերի կարգավորման հարցում: «Նախ՝ ցեմենտի գործարանի գնման գործընթացը դեռեւս չի ավարտվել, իսկ գործարանն էլ գնել են իմ ընկերները Մոսկվայից, ուղղակի ես պետք է իրենց օգնեմ, որպեսզի աշխատի այդ զավոդը։ Դեռեւս գործընթացը կանգնած է, դեռեւս անհամաձայնություն կա մեջները, երկու կողմի մեջ էլ կան անհամաձայնություններ, որոնք, ըստ իս, շուտով հարթվելու են»,-նշել էր Գ. Մեքոնյանը` հույս հայտնելով, որ գործարանը շուտով կվերագործարկվի. «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի ու գործարանն էլ կսկսի նորմալ աշխատել, որովհետեւ արդեն երկու ամիս է՝ իրենք աշխատում են այդ ուղղությամբ։ Հսկայական գումարներ են ներդրել գործարանի նորոգման վրա։ Իրենց պայմանավորվածությունից մնացել է ընդամենը մի էտապ։ Վերջնական էտապն է, որ դեռեւս պետք է պայմանավորվեն, որպեսզի արդեն միանգամից գործարկվի զավոդը։ Կարելի է ասել՝ մնացել է լուցկին վառեն քցեն, որ ինքն աշխատի։ Ամեն ինչ արված է»,-վստահեցրել էր Մելքոնյանը: Սակայն պարզվում է` «լուցկին վառելն» այդքան էլ հեշտ չի եղել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մ. Բաղդասարովն այլեւս չի ցանկանում գործարանը վաճառել ու որեւէ գործարք կնքել գործարանը գնողների հետ: Անգամ հայտարարել է, թե գործարանի համար նոր տնօրեն է փնտրում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե, ի վերջո, ինչու չի կայացել գործարանի վաճառքի գործարքը ու ինչու է Մ. Բաղդասարովը փոշմանել:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր հարցերի հետ կապված գործարանի աշխատակիցները պետք է դիմեն Միխայիլ Բաղդասարովին ու «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին: Իսկ հարցին՝ այլեւս իր ընկերները որեւէ առնչություն չունե՞ն գործարանի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ ընկերները փաստաթղթային գործընթացի մեջ են, ուղղակի այդ փաստաթղթերը կարծես թե ձգձգվում են: Ես չգիտեմ, թե Մ. Բաղդասարովն ինչ է ուզում անի կամ չանի, ես որեւէ ինֆորմացիա չունեմ: Ես գնացել եմ Գերմանիա, եկել եմ ու որեւէ բանից տեղյակ չեմ: Ուղղակի իմ ընկերներին հարցնում եմ, ասում են՝ ձգձգվում է»:
Հարցին՝ արդյոք գործարանի վաճառքի ձգձգման պատճառն այն չէ՞, որ Մ. Բաղդասարովն այլեւս չի ցանկանում գործարանը վաճառել՝ Գ. Մելքոնյանն ասաց. «Չգիտեմ, ես Մ. Բաղդասարովի հետ չեմ խոսել, որպեսզի այդ հարցին պատասխանեմ, ես ոչ մի ինֆորմացիա չունեմ»:
«Ժողովուրդ»-ը փորձեց այս առիթով զրուցել Մ. Բաղդասարովի հետ, սակայն վերջինիս հեռախոսը ողջ օրվա ընթացքում անջատված էր: Իսկ «ՎՏԲ» բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հեռախոսազանգերին պատասխանեց մի կին` Նորա անունով, ու հայտարարեց, որ «Միկա ցեմենտ»-ին առնչվող բոլոր հարցերն ուղղենք գործարանին:
Տեղեկացնենք, որ երեկ Հրազդանի «Ցեմենտ Սերվիս» ընկերության շուրջ 100 աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի բակում՝ պահանջելով իրենց 4 ամսվա աշխատավարձը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն մի քանի շաբաթ շարունակ գործարանի աշխատակիցներին խոստանում են նրանց աշխատավարձերը վճարել, սակայն մինչեւ այսօր, փաստորեն, խաբում են:
Գործարանի աշխատակիցները նշում են, որ մշտապես իրենց հետ հանդիպում է գործարանի փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանն ու խոստանում, որ մինչեւ շաբաթվա վերջ նրանք կստանան իրենց աշխատավարձերը, սակայն այդ խոստումը մնում է «օդում կախված»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՆՉՆ ԷՐ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Օգոստոսի 3-ին «Հաղթանակ» կամրջից նետվելով ինքնասպան էր եղել «Արարատբանկ»-ի Ամիրյան փողոցում գտնվող մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 58-ամյա Միքայել Քերոբյանը: Նրա հարազատների շրջանում խոսակցություններ կան, որ Միքայելի այս քայլը, միգուցե, կապված է սիրուհու հետ:
Ըստ շրջանառվող լուրերի, Միքայել Քերոբյանը ինքնասպանությունից մեկ օր առաջ աշխատանքի չի գնացել: Տեղեկություններ էին տարածվել, որ Միքայելը լուրջ պարտքեր է ունեցել, սակայն նրա հարազատներին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, ինքնասպանը ոչ մի պարտք չի ունեցել: Ավելին, ըստ հարազատների՝ նա է միշտ ուրիշներին պարտքով գումար տվել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Միքայելն ունի երկու երեխա: Որդին նոր է վերադարձել բանակից, իսկ դուստրն այս տարի է ավարտել դպրոցը: Այսպիսով` եթե պարտքեր չուներ, ու բացի այդ` զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն, տարակուսելի է, թե ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության: Ըստ բանկի կառավարչի տեղակալի հարազատներին մոտ կանգնած աղբյուրների` հնարավոր է` Միքայելին այդ քայլին հասցրել է նրա սիրուհին:
Նկատենք, որ սա միակ դեպքը չէ, երբ նշված բանկի աշխատակիցներն առեղծվածային պայմաններում մահանում են: Դեռեւս 2009թ. ԱՄՆ-ում՝ Գլենդել քաղաքում սպանվել էր «Արարատբանկ»-ի նախկին աշխատակից Արա Տերունյանը: «Գլենդել Նյուզ Պրես»-ի փոխանցմամբ՝ Նորդ Հոլիվուդ թաղամասում 35-ամյա Տերունյանն ու նրա կինը իրենց «Լեքսուս SUV» մակնիշի մեքենայում նստած սպասելիս են եղել բժշկին, երբ մարդասպանը մոտեցել եւ կրակել է նրանց վրա: Ականատեսների պատմելով՝ 7 կրակոց է արձակվել: Մարդասպանը սպանությունից հետո հեռացել է իր կապույտ գույնի, առանց համարանիշերի մեքենայով: Մեկ այլ ականատես էլ ոստիկանությանը հայտնել է, որ մարդասպանը եղել է սեւամորթ, մոտ 180 սմ հասակով: Տերունյանի ընկերը՝ Հովիկ Դադասյանը, կայքին տեղեկացրել է, որ Արա Տերունյանի կինը հղի է եղել: Ըստ Դադասյանի՝ Արա Տերունյանը ժամանակին աշխատել է նաեւ Հայաստանի կենտրոնական բանկում: Ի դեպ, «Արարատբանկ»-ից NEWS.am-ին հայտնել էին, որ Արա Տերունյանն իրենց բանկում աշխատել է սպանությունից 6-7 տարի առաջ` որպես տնօրենի տեղակալ: Հիշեցնենք, որ «Արարատբանկ»-ի սեփականատերը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է, ով Սերժ Սարգսյանի հետ ունի քավորսանիկական հարաբերություններ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԼԹ
«Հուսով եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն հանդիպել մոտ ապագայում եւ կքննարկեն առանցքային հարցեր: Եկել է բանակցությունները սկսելու ժամանակը, որոնք կարող են հանգեցնել խաղաղության համաձայնագրին»:
Ջեյմս Ուորլիք armlur.am
Բանակցություններն իբրեւ թե վաղուց են ընթանում, սակայն իրական արդյունքներ տեսնելու փոխարեն իրավիճակը սահմանային գոտում սրվում է: Իսկ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ասած քննարկումներն ու բանակցությունները եղել են ու կան տխրահռչակ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որոնց՝ մեզ համար ոչ ձեռնտու լինելն արդեն իսկ նորություն չէ: Գերտերությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ մշտապես խաբել եւ խաբում են համաշխարհային հանրությանը իրենց կեղծ խաղաղարար գործունեությամբ եւ իրականում ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության հաստատմանը:
«Դեմ են ԵՏՄ-ին, որովհետեւ հասկանում են, որ դա Հայաստանի համար լավ է»:
Վազգեն Սաֆարյան «Իրավունք»
Նախ՝ Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահը չի կարող բոլորի փոխարեն որոշել, թե ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար լավ է, քանի որ ընդհանրապես դա խիստ վիճելի հարց է, թե որն է Հայաստանի համար լավը, կամ արդյո՞ք որեւէ միությանն անդամակցելը կարող է մեզ համար լավ լինել: Իսկ քաղաքական որոշ ուժեր կարող են դեմ լինել ԵՏՄ-ին ոչ թե նրա համար, որ չեն ուզում՝ Հայաստանի համար լավ լինի, այլ, պարզապես, իրենց դա շահեկան չէ, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ներկայացնում է որեւէ կողմի շահերը կամ ֆինանսավորվում է որեւէ կողմից:
«Քանի որ հիմա արձակուրդային շրջան է, իսկ նախագահը եւս, կարծում եմ, կհանգստանա, որի իրավունքը ունի, եւ կարծում եմ, որ օգոստոսի 20-ից հետո կունենանք գործադիր մարմնի հերթական նիստը»:
Ռուբեն Թադեւոսյան «Իրավունք»
Հիշեցնենք ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահին, որ երկրում ներկա պահին լարված իրավիճակ է, օրական թշնամու կողմից հրադադարի խախտման դեպքեր են գրանցվում, եւ այս իրավիճակն արձակուրդային շրջան անվանելը, մեղմ ասած, տեղին չէ, քանի որ առաջնահերթ պետք է լինի զգոնությունը պահպանելը, եւ եթե հարկ է՝ մոռանալ հանգստանալու մասին: Լավ, այն բանի հետ, որ քառյակը մինչեւ սեպտեմբեր գնաց հանգստանալու, արդեն համակերպվել էինք՝ մտածելով, որ մարդիկ, հավանաբար, ասելիք չունեն: Իսկ իշխող կուսակցությունն ինչպե՞ս կարող է հիմա արձակուրդի մասին մտածել, միգուցե հանձնվո՞ւմ է:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ