ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԱՐԱՔՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ

Տեւական ժամանակ է, ինչ Իրանի բնապահպանները բողոքում են, որ Արաքս գետը հայկական կողմից աղտոտվում է: Իրանական կողմի պնդմամբ` գետն աղտոտվում է Ագարակի ՊՄԿ ՓԲԸ-ի սխալ գործունեության արդյունքում: Մինչդեռ վերջինիս տնօրինությունը հակառակն է համոզում եւ նույնիսկ ապացուցում, որ նման բան չկա: Այս եւ այլ առիթով էլ օրեր առաջ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց մարզի հանքարդյունաբերող ընկերություններ, այդ թվում նաեւ Ագարակի ՊՄԿ ՓԲԸ-ին պատկանող պոչամբարներ:

Նախարարի աշխատանքային այցելության ընթացքում «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի պոչամբարում արձանագրվել են որոշակի խնդիրներ: Այնուհետեւ նախարարը Ագարակի ՊՄԿ ՓԲԸ տնօրինության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ հարստացուցիչ ֆաբրիկայի ջրատարերում խնդիրներ կան: Եվ տեւական ժամանակ է, ինչ բնապահպաններն ու հարակից համայնքի բնակիչները բարձրաձայնում են, որ կեղտաջրերն աղտոտում են գետը, ինչն անթույլատրելի է: Նախարարը ժամանակ է տվել ընկերությանը, խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորելու եւ շրջակա միջավայրին հասցվող վնասները բացառելու նպատակով:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ագարակի ՊՄԿ ՓԲԸ-ի տնօրինությունից, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց: Այդ պատճառով էլ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ, ով ասաց, որ Արաքսի աղտոտվածության հետ կապված՝ իրանական կողմը նույնպես դժգոհություն ունի: Բանն այն է, որ Ագարակի կոմբինատը վթարային հեղեղատար ունի եւ ժամանակ առ ժամանակ վթարային կեղտաջրերը թափվում են Արաքս գետը:
«Իրանական կողմից բողոքներ մշտապես ստացվել են, թե Արաքս գետն աղտոտվում է: Բայց մեր կոմբինատի տնօրենն էլ հակառակն է պնդում: Ժամանակին եղել են նման խնդիրներ, բայց հիմա նման բան չկա, քանի որ որոշ ժամանակ առաջ կոմբինատը շրջանառու ջրամատակարարման համակարգ է շահագործման հանձնել եւ այն արդեն գործում է: Ագարակի ՊՄԿ-ի տնօրինությունը նախարարին խոստացել է, որ շուտով այս խնդիրը կվերանա»,-նշեց Ագարակի քաղաքապետը:
Ինչեւէ: Բացի հանքարդյունաբերական ընկերություններից, Արամայիս Գրիգորյանը եղել է նաեւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի ենթակայությամբ գործող «Շիկահող» պետական արգելոցում, «Արեւիկ» ազգային պարկում, «Խուստուփ» պետական արգելավայրում, ծանոթացել աշխատակիցների գործունեության պայմաններին, պահպանվող տարածքներում առկա խնդիրներին, լսել աշխատակիցների բարձրացրած հարցերն ու առաջարկությունները: Արամայիս Գրիգորյանը ստուգայց է անցկացրել նաեւ Սյունիքի մարզում գործող փոքր հէկ-երում, հանձնարարել է խստագույնս հետեւել բնապահպանական նորմերին եւ էկոլոգիական թողքի պահպանմանը:
Ի դեպ, նախարարի աշխատանքային այցի մասին Սյունիքի մարզի մի շարք համայնքապետեր անտեղյակ են եղել եւ նրան այդպես էլ չեն հանդիպել:
«Մենք այլ մարդկանցից ենք լսել նախարարի այցի մասին: Իսկ համայնքի բնակիչներն ունեին իրենց հուզող հարցերը, որոնք կարող էին ուղղել նախարարին»,- վրդովվեց Սրաշեն համայնքի ղեկավար Հենզել Աբրահամյանը: Իսկ ահա Շիկահող համայնքի ղեկավար Ժիրայր Պատվականյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զարմացած նշեց, որ «Շիկահող» պետական արգելոցի վարչական կառույցը գտնվում է հենց իրենց համայնքում, սակայն նրանք այդպես էլ չեն իմացել, թե նախարարն ինչպես է եկել գյուղ ու մտել այդ շենք:
«Ժողովուրդ»-ը բնապահպան Հակոբ Սանասարյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում բնապահպանության նախարարի աշխատանքային գործունեությունը. «Առայժմ Հայաստանում չկա մի նախարար, ով հետեւողական է ոլորտի խնդիրների լուծմանը: Սերժ Սարգսյանն ասում է, որ երկիրը վատ վիճակում է եւ պետք է այն փրկել, բայց ինքը բոլոր գողերին հնարավորություն է տալիս, որպեսզի գողանան: Հիմա ես ի՞նչ անեմ: Նրա դատարկ խոսքերին հավատա՞մ: Բայց մյուս կողմից՝ ես այդ մարդուն դեռ բավականին չեմ ճանաչում, այդ պատճառով էլ ես չեմ կարող ամբողջովին գնահատել նրա գործունեությունը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ունեցվածքի մասին բազմիցս է խոսվել: Սակայն դատելով պաշտոնական հայտարարագրերից` նրան ոչնչով չեն զիջում Երեւան քաղաքի եւ մարզերի դատախազները: «Ժողովուրդը»-ը կներկայացնի Երեւանի եւ մի քանի մարզերի դատախազների դրամական միջոցները:
Այսպես. Երեւանի դատախազ Արթուր Դավթյանն իր պաշտոնին նշանակվել է 2013թ. հոկտեմբերին, իսկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իր հայտարարագիրը ներկայացրել է այս տարվա փետրվարի 18-ին: Ըստ այդմ՝ նա ունի 8 մլն դրամ: Նշենք, որ համեմատած 2013թ. սկզբի հետ` նրա դրամական միջոցները նվազել են, քանի որ տարվա սկզբում նա ունեցել է 10 մլն դրամ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ հաշվետու տարվա ընթացքում նա աշխատանքի վարձատրությունների եւ գույքը օտարելուց ստացված եկամուտների շնորհիվ կարողացել է 11 մլն 916 հազար դրամ վաստակել:
Արագածոտնի մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանն իր պաշտոնը զբաղեցնում է 2012թ. դեկտեմբերից, իսկ հայտարարագիրը ներկայացրել է այս տարվա փետրվարի 11-ին: Ըստ հայտարարագրի տվյալների՝ նա ունի 120 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունների շնորհիվ կարողացել է 4 մլն 552 հազար դրամ վաստակել:
Իսկ Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանն իր պաշտոնը զբաղեցնում է 2013թ. նոյեմբերից, հայտարարագիրը ներկայացնելու օրն այս տարվա փետրվարի 14-ն է: Նրա դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում ավելացել են 4 մլն դրամով: Այսպես. 2013թ. նա ուներ 19 մլն 250 հազար դրամ, որը տարվա ընթացքում աճել է եւ արդեն տարվա վերջում դարձել 23 մլն 745 հազար դրամ: Բացի այդ՝ մեկ տարվա ընթացքում նա վաստակել է ռեկորդային՝ 27 մլն 708 հազար դրամ: Այդ գումարը գոյացել է աշխատանքի վարձատրությունից՝ 4 մլն 668 հազար դրամ եւ ստացված փոխառություններից՝ 23 մլն 040 հազար դրամ:

 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՖՈՏՈԳԵՆԻԿ Է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախարարության կայքը վերածել է իր անձնական էջի ֆոտոալբոմի: Երիտասարդ նախարարը կայքի հենց առաջին էջում տեղադրել է լուսանկարների շարք, որոնք ավելի շուտ հիշեցնում են ինքնագովազդ. նախարարը աշխատասեղանի մոտ, նախարարը կառավարության նիստում, նախարարը ՌԴ վարչապետ Դ.Մեդվեդեւին ձեռքով բարեւելիս, նախարարը հարցազրույց տալիս եւ այսպես շարունակ: Ընդ որում, սա նախարարության, ոչ թե Արմեն Մուրադյանի անձնական կայքն է, բայց դա չի խանգարել, որպեսզի տեղադրվեն միայն նրա լուսանկարները, այն էլ` առանց դրանց կից լուրերի ու մեկնաբանությունների:

 




Լրահոս