ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻՄՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻՆ

Ապարանի շրջանի Նիգավան գյուղի բնակիչ Հարություն Համամջյանը դիմել է «Ժողովուրդ» օրաթերթին, ներկայացնելով իր բողոքը:

Պարոն մարզպետ, ես ունեմ առնվազն 3 անբուժելի հիվանդություն, որոնցից առնվազն 2-ի համար ինձ երկրորդ խմբի հաշմանդամության կարգ է հասնում, իսկ ինձ տվել են 3-րդ խումբ, մինչդեռ կարդալով բժշկական էպիկրիզը եւ հիվանդության պատմությունները, տեսնելով իմ գլխի տոմոգրաֆիայի պատճեները, տեսնելով իմ օրեցօր ծանրացող առողջական վիճակը, հանրապետության առաջնակարգ նյարդաբանները պնդում են, որ ինձ ոչ թե երրորդ, այլ երկրորդ խումբ է հասնում: Ես չգիտեմ, թե որտեղ բողոքարկեմ սոցիալ-փորձաքննական հանձնաժողովի այդ սխալ որոշումը: Եթե չլինեին իմ հորեղբոր տղաները, ես վաղուց կործանված կլինեի: Սովի եւ հիվանդության մեջ ֆիզիկապես այնքան եմ տկարացել, որ չեմ կարող աշխատանքի մասին մտածել, էլ ուր մնաց՝ կարողանամ աշխատել: Իմ ծայրահեղ ծանր առողջության եւ դառքաշ սոցիալական վիճակի մասին բազմաթիվ անգամներ ահազանգել եմ հայկական տարբեր օրաթերթեր: Ես 3 անգամ դիմել եմ ձեզ, եւ 3 անգամ էլ խաբել եք ինձ: Առաջին անգամ՝ 2010 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթով հայտարարել էի, որ կանգնած եմ սովամահ լինելու շեմին: Դուք զանգեցիք ինձ, կանչեցիք մարզպետարան եւ հորդորեցիք, որ 40.000 դրամի օգնության համար դիմում գրեմ: Ես գրեցի այդ դիմումը, իսկ ինձ տվեցին 10.000 դրամ: Դուք փորձեցիք այնպիսի տպավորություն ստեղծել, թե անտեղյակ եք ձեր աշխատակազմի քարտուղար Հ. Պողոսյանի այդ հանցավոր եւ անմարդկային որոշումից եւ ինձ ասացիք, թե երկրորդ դիմումը գրեմ՝ 50.000 դրամի համար եւ խոստացաք, որ այս անգամ չեն խաբի: Ես հավատացի ձեզ, սակայն ինձ երկրորդ անգամ էլ մատնոց ֆռռացնողի ճարպկությամբ խաբեցիք: Եվ ես դարձյալ ձեզ տեղյակ պահեցի եւ մեկ տարի հետո՝ 2011թվականի դեկտեմբերի 24-ին դիմեցի ձեզ՝ դարձյալ օգնության ակնկալիքով: Դուք ինձ գրավոր պատասխանել էիք. «Ձեր դիմումը քննարկվել է մարզպետարանի աշխատակազմում: Մարզպետարանը Ձեր խնդրանքը կբավարարի 2012 թվականի փետրվարին»: Այսինքն՝ ես պիտի Նոր տարի չտոնեի: Եվ այդպես էլ եղավ՝ ես նոր տարում սոված եւ առանց դեղորայքի նստած սպասեցի փետրվար ամսին, իսկ առողջությունս կտրուկ վատթարացավ: Ես շուրջ 4 տարի է, ուղեղի ցնցում ստանալուց հետո, ամեն օր դեղահաբեր եմ խմում, որոնք արժեն 1000-1200 դրամ, եւ ամեն 6 ամիսը մեկ անգամ պիտի ստացիոնար բուժվեմ: Ձեր ասած 2012 թվականի փետրվարից անցել է ավելի քան 2 տարի: Ես 3 անգամ եղել եմ մարզպետարանում, ասել եմ՝ ձեր գրավոր խոսքի տերը եղեք, իսկ Դուք ինձ կատեգորիկ մերժել եք: Մինչդեռ ես Ձեզ գրել էի, թե ոչ մի սեփականություն չունեմ՝ եթե ստրուկները ոչինչ չունեին, բացի սեփական շղթաներից, ես այդ շղթաներն էլ չունեմ: Ես Ձեզ խոստացել էի, որ 3 ամսից հետ կվերադարձնեմ ակնկալվող օգնությունը: Սակայն, ավաղ, մերժեցիք ու խաբեցիք:
Պարոն մարզպետ, հասկացանք, որ մեր երկրում բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, այսինքն՝ անբարոյական չինովնիկն իր վերադասի աչքի լույսն է եւ գլխի թագը:
Ես ստեղծագործող մարդ եմ, եւ պիտի գրեմ ցանկացած՝ նույնիսկ իմ քաղաքացիությունը վայր դնելու գնով՝ որքան էլ որ Դուք եւ Ձեզ նման շատ չինովնիկներ խույս տաք իմ ստեղծագործություններից, ինչպես Լենինը բուրժուազիայից:

Հարություն Համամջյան

 

ԼՈՒՐԵՐ

ՎԻՃԱԿԸ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ Է
Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը կարգավորվում է: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանը: Նա նշեց, թե դրական փոփոխությունների մասին խոսելիս պետք է նկատի առնել, որ դա ասվում է համեմատության կարգով, քանզի նախորդ մի քանի օրերին նրա վիճակը շատ վատ էր: Իսկ ընդհանուր առմամբ գործարարի լիակատար կազդուրման մասին դեռ խոսք չի կարող լինել, առավելեւս, որ նրա հոգեկան վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Փոլադյանի խոսքով՝ Մոսկվայի բժիշկները դեռեւս Հայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ որեւէ եզրակացություն չեն հայտնել: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի՝ Երեւանում ցույց տեղի կունենա:

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԵԼ
Հայաստանի Ազատամարտի վետերանների միությունն իր պատրաստակամությունն է հայտնել՝ կամավորական խմբերով մեկնել սահման եւ հերթապահություն իրականացնել: Միության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նկատի ունենալով վերջին շրջանում ՀՀ եւ ԼՂՀ սահմանների շփման գոտում հակառակորդի կողմից իրականացվող ոտնձգությունների ակտիվացումը ՀՀ եւ ԼՂՀ սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման նպատակով ԱՎՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնում կամավորական հիմունքներով` թվով 350-400 ազատամարտիկներով, ՀՀ Տավուշի մարզում երթ կազմակերպելու եւ հերթապահություն իրականացնելու»: Միությունը դիմել է Պաշտպանության նախարարությանը թույլտվություն ստանալու համար: Նշենք, որ սահմանին արձանագրված վերջին միջադեպերից հետո, որոնց արդյունքում ազերի դիվերսանտների մի քանի խումբ էր վնասազերծվել, հարյուրավոր հայ կամավորներ արդեն մեկնել են մարտական դիրքեր:




Լրահոս