ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Աբովյան-Երեւան ավտոճանապարհին
Որտեղից է սկսվում զեղչը ու ինչպես է ընթանում գների իջեցումը՝ շինանյութեր վաճառող այս ընկերությունում մինչեւ վերջ շփոթել են: Ամեն դեպքում, պատուհանին փակցված հակասական բառերը այդպես էլ չեն բացահայտում՝ այստեղ զեղչեր են հայտարարվել, թե գներն են իջեցվել, թեեւ երկու դեպքում էլ վերջնարդյունքը նույնը պետք է լիներ:
ՀԱՐՑ. Միաժամանակ աշխատում եմ ե՛ւ դպրոցում, ե՛ւ ուսումնարանում: Ցանկանում եմ դպրոցի հիմնական աշխատանքային իմ պայմանագիրը փոխել համատեղությամբ աշխատանքի պայմանագրի: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս կարող եմ այդ գործընթացն իրականացնել։
Անահիտ Ստեփանյան (32 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ նշենք, որ համատեղությամբ աշխատանքը ենթադրում է, որ անձն արդեն մեկ այլ տեղ հիմնական աշխատանք ունի, որտեղ էլ գտնվում է նրա աշխատանքային գրքույկը: Ձեր տարբերակում հնարավոր չէ հիմնական աշխատանքային պայմանագիրը փոխել համատեղությամբ աշխատանքի պայմանագրի, քանի որ այդ պահին դուք այլ տեղում հիմնական աշխատանք չունեք: Այլ տեղում հիմնական աշխատանք չունեք, որովհետեւ Ձեր հիմնական աշխատատեղի պայմանագիրը գործում է եւ աշխատանքային գրքույկն էլ գտնվում է այնտեղ: Այս դեպքում դուք պետք է լուծեք ձեր հիմնական աշխատատեղի պայմանագիրը, այնուհետեւ աշխատանքի ընդունվեք ուսումնարանում եւ միայն դրանից հետո դպրոցում կնքեք համատեղությամբ աշխատանքի պայմանագիր:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք՝ ներկայացրած պատասխանը որոշակի չափով կօգնի մեզ դիմած քաղաքացուն կարգավորել աշխատանքային պայմանագրերի հետ կապված իր խնդիրները։
ՀԱՐՑ. Ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է կամավոր կուտակային կենսաթոշակային սխեման։ Եվ խնդրում եմ ասեք, թե ովքե՞ր կարող են մասնակցել կամավոր կենսաթոշակային բաղադրիչին:
Սյուզաննա Մարգարյան (37 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեման, ըստ էության, պայմանագիր է մի կողմից՝ անձի (իր կամ այլ անձի օգտին) կամ գործատուի (իր աշխատողի), եւ մյուս կողմից` կամավոր կուտակային կենսաթոշակային ծառայություններ մատուցողի միջեւ, որոշակի պայմաններով կամավոր կուտակային վճարումներ կատարելու, կամավոր կենսաթոշակ կուտակելու եւ վճարելու վերաբերյալ: Կամավոր կենսաթոշակային ծառայություններ կարող են մատուցել ապահովագրական ընկերությունները, բանկերը եւ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը: Ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել միայն սահմանված կենսաթոշակներ սխեմաներ, բանկերը` կուտակային կենսաթոշակային ավանդներ, իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը՝ սահմանված կենսաթոշակային վճարներ սխեմաներ:
Կամավոր կենսաթոշակային բաղադրիչն ընդունված է անվանել կենսաթոշակային համակարգի 3-րդ բաղադրիչ: Կատարելով կամավոր կուտակային վճարներ, անձը ձեռք է բերում լրացուցիչ կենսաթոշակ ստանալու իրավունք: Անձի օգտին կամավոր կուտակային վճար կարող են կատարել նաեւ գործատուները` այդ նպատակով միանալով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի որեւէ կենսաթոշակային սխեմայի: Կամավոր կուտակային վճարի չափը կսահմանվի կողմերի` կամավոր կուտակային վճար կատարողի եւ կամավոր կուտակային սխեմա առաջարկող ֆինանսական կազմակերպության, փոխադարձ համաձայնությամբ:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ յուրաքանչյուր անձ կարող է դիմել մասնավոր ֆինանսական կազմակերություններին կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներից մեկին կամ մի քանիսին մասնակից դառնալու համար։