«Խախտումները վերացնելու համար հանքերը 2-3 ամիս ունեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Խոսրովի արգելոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանի լեռնահանքային ընկերությունները 2-3 ամիս ունեն հայտնաբերված թերություններն ուղղելու համար:

«Նախարարության աշխատակիցներն ու ես եղել ենք հանքավայրերում եւ ծանոթացել բնապահպանական միջոցառումներին: Մասնավորապես՝ մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ պոչամբարները ոչ մի կերպ ցանկապատված չեն, և անասունների ջրելակետերը արգելափակված չեն: Իհարկե, եթե այդ պոչամբարները գտնվում են ձեռնարկության տարածքում, նման խնդիր չի ծագում, սակայն մնացյալ դեպքերում համապատասխան պատնեշները պարտադիր են», – նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ ևս մեկ խնդիր է հողաբարելավման ֆոնդի վճարումները, որից էլ պետք է ֆինանսավորվեն հանքավայրի փակումից հետո բնական լանդշաֆտի վերականգնման աշխատանքները: Ա. Գրիգորյանը հայտարարեց, որ այս եւ այլ խախտումներ 2-3 ամիս անց պետք է վերացվեն:

Անդրադառնալով Սեւանա լճից 270 միլիոն խմ լրացուցիչ ջուր վերցնելու կառավարության որոշմանը, նախարարն ասաց, որ արդեն 130 խմ-ն բաց է թողնվել եւ նախորդ տարվա համեմատությամբ, արդեն 9 սմ-ով ջրի մակարդակն իջել է: Արամայիս Գրիգորյանի խոսքով, ոռոգման սեզոնի ավարտվելուն պես` լճի մակարդակը կսկսեն բարձրացնել:

Նա նշեց, որ լճում ձկան պաշարները համալրելու համար մանրաձուկ են բաց թողնելու: Նախարարության այս նախաձեռնությանը դեմ են մի շարք գիտնականներ, սակայն Արամայիս Գրիգորյանը գտնում է, որ ծրագիրն արդյունավետ է, քանի որ Սեւանում արդեն ձկնապաշարների՝ մասնավորապես՝ իշխանի պաշարներն ավելացել են:




Լրահոս