Օրակարգում են համայնքային զարգացման հեռանկարները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզի Արգել համայնք կատարած աշխատանքային այցելության շրջանակներում Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը, համայնքի ղեկավար Մ. Ավագյանի ուղեկցությամբ, ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Շինարարական այս աշխատանքներն ընթանում են մարզի համայնքներում հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով: Դպրոցի շինարարական աշխատանքներն իրականցնող կազմակերպության պատասխանատուներին Կոտայքի մարզպետը հանձնարարել է սահմանված ժամկետում եւ որակական չափանիշների լիարժեք պահպանմամբ իրականացնել կրթօջախի հիմնանորոգումը` նոր ուսումնական տարվա առաջին օրը դպրոցի սաների համար ապահովելով կրթական հարմարավետ պայմաններ:

Այս համայնքում եւս Կոտայքի մարզպետը ծանոթացել է կենտրոնական ճանապարհի հիմնանորոգված հատվածի ընդհանուր վիճակին, քննարկել համայնքի ճանապարհների հետագա բարեկարգման խնդիրները:

Արգելի առողջության կենտրոնում Կոտայքի մարզպետին ներկայացվել են բուժ. հիմնարկի գործունեության ուղղությունները, զարգացման միտումներն ու հեռանկարները:

Փաստելով բնակչության առողջության պահպանման ասպարեզում ներկա առաջնահերթություններն ու ժամանակի պահանջներին համահունչ սպասարկում կազմակերպելու հրամայականները` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը «Արգելի ԱԿ» ՓԲԸ-ի պատասխանատուներին հանձնարարել է նորովի մոտեցումներ կիրառել իրենց աշխատաոճում:

Համայնքային այս այցելության հաջորդ կանգառը եղել է Արգելի մշակույթի տունը: Մշակույթի օջախում կատարած շրջայցի ընթացքում Կոտայքի մարզպետը կարեւորել է համայնքում մշակութային ավանդույթներ կերտելու եւ մշակութային առօրյան աշխուժացնելու հանգամանքները:

Կոտայքի մարզպետը այցելել է նաեւ Արգելի մանկապարտեզ, որտեղ կազմակերպված քննարկումներին մաս են կազմել նաեւ համայնքի դպրոցի, մանկապարտեզի եւ մշակութային հաստատության սերտ համագործակցության անհրաժեշտությունները:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս