ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴ-Ն ՀԱՆԴԱՐՏԵՑՐԵՑ ԿՐՔԵՐԸ՝ ԻՆՉՊԵՍ 2003-ԻՆ

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը կասեցնել այդ օրենքի երկու հոդվածների գործողությունը: Հիշեցնենք, որ դիմումը կքննարկվի մարտի 28-ին բանավոր ընթացակարգով: Այսպիսով` ՍԴ-ն ընդամենը կասեցրեց օրենքի 76 հոդվածը` «Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար»: Դա նշանակում է, որ մինչեւ ՍԴ վերջնական որոշումը կուտակային վճարումներ չկատարելու համար ՀՀ քաղաքացիների նկատմամբ տույժեր չեն կիրառվի, բայց երբ ՍԴ-ն հիշյալ օրենքը ճանաչի սահմանադրական, ՀՀ քաղաքացիները, միեւնույն է, ստիպված կլինեն կատարել վճարումները` հունվարի 1-ի հաշվարկով: ՍԴ-ն նաեւ կասեցրել է 86.3 հոդվածը` ֆոնդերի ընտրության մասին: Այսպիսով՝ ինչպես միշտ, ՍԴ-ն այնպիսի որոշում կայացրեց, որով ընդամենը փորձ արվեց ժամանակավորապես հանդարտեցնել թեժացած կրքերը, ինչպես եղավ 2003-ի նախագահական ընտրություններից հետո: Երբ Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան ընտրապայքարում Քոչարյանը իրական ձայներով պարտվեց, եւ քաղաքացիները փողոց դուրս եկան, ՍԴ-ն որոշում կայացրեց վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ. մարդիկ հանդարտվեցին, սակայն հանրաքվեն այդպես էլ չկայացավ: Նույն ձեռագիրն է:

 

 

Հայաստանի պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել` արդյոք իրենք կորեական լրատվամիջոցներին թույլատրել են նկարել եւ տարածել Սերժ Սարգսյանի լուսանկարը երիտասարդացման թերապիա անցնելու ընթացքում: Հարությունյանը, որն ի պաշտոնե դժկամությամբ էր խոսում, զարմացավ. «Ի՞նչ է, մարդուն չի՞ կարելի լուսանկարել, ի՞նչ է եղել»: Մյուս բոլոր հարցերը նա հորդորեց տալ ՀՀ նախագահի աշխատակազմին: Սակայն այստեղից որեւէ մեկը չպատասխանեց «Ժողովուրդ»-ի հարցերին, եւ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ով է լուսանկարել ՀՀ նախագահին, եւ արդյոք հնարավոր է՝ համացանցում առաջիկայում այլ՝ առավել անհարմար կադրեր հայտնվեն: Հիշեցնենք, որ կորեական զբոսաշրջային նորությունների «Չոսուն» կայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սերժ Սարգսյանը հունվարի 7-17-ը Չաումի կենտրոնում բուժումներ է ստացել, այդ թվում՝ ցողունային բջիջների թերապիա, սպա եւ երիտասարդացման, քաշի վերահսկման «պրոցեդուրաներ», մարմնի հարթեցում եւ մերսում:

 

 
Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը թուրք ազգայնական պրոֆեսոր, Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայի կողմից ֆեյսբուքյան իր էջում տեղադրված լուսանկարներն են ՀՀ վարչապետի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Իսկ Գյումրիում լուսանկարվելու ժամանակ նա արել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության գաղափարակիր «Գորշ գայլեր»-ի նշանը, ինչը եւ դարձել է սկանդալի առարկա: Նախ հանրության մեջ բացասական կարծիք ձեւավորվեց, թե գրանտային նախաձեռնությունները չարիք են, քանի որ Հ. Օքթայն այդ շրջանակներում էր Հայաստան եկել: Սա թերեւս հասկանալի է, քանի որ իշխանությունների դեմ ծավալվող պայքարում այսօր չափազանց մեծ է հենց քաղաքացիական նախաձեռնությունների եւ հ/կ-ների դերը: Սակայն «Ժողովուրդ»-ը որոնման համակարգի միջոցով պարզեց, որ Օքթայի` ՀՀ վարչապետի հետ վիճահարույց լուսանկարը հրապարակվել է դեռեւս 2012թ. «Մեդիամաքս»-ի կողմից` Օքթայի հետ ծավալուն հարցազրույցի շրջանակներում: Իսկ ինչո՞ւ հիմա աղմուկ բարձրացավ:

 

 
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով Սամվել Բալասանյանի տան վրա կատարված հարձակման մասին, ասաց. «Էդ սաղ սուտ է: Ի՞նչ գործ ունեմ ես դրանց դռները: 30 տարեկան տղա եմ, միշտ անցել-դարձել եմ էդ դռներով, Դուք էլ կարող եք անցնել-դառնալ: Ա՜յ քեզ բան, փակ փողո՞ց է, թող շլամբավո դնեն: Մարդկանց շինին բան…»: «Բայց առաջին անգամը չէ, որ Ձեր անունը շոշափվում է հանցածին արարքների մեջ: Մշտապես տեղեկություններ են ստացվում, որ Դուք կրակել եք, սակայն Ձեր փոխարեն դատապարտվում են ուրիշները: Ինչպե՞ս եք կարողանում «ջրից չոր դուրս գալ»». «Ժողովուրդ»-ի այս հարցին Սպարտակը պատասխանեց. «Դա հեքիաթ է ու վերջ, լավ էլի՛: Ես մի բան կասեմ, արա՛, քաղաքը շինե՛ք, ի՞նչ եք ընկել ապուշավարի եսիմ ինչերի հետեւից: Մարդկանց ուզում եք ղրկել բա՞նտ: Քի՞չ եք ղրկել, ուզում եք թազա՞ ղրկեք»:

 

 

 

 
ԱՆԻՄԱՍՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ` երեկոյան՝ Երեւանի ժամանակով 20:00-ի սահմաններում, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սկսվեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Իհարկե, մի կողմից հակամարտության լուծման համար խիստ անհրաժեշտ են նման բանակցությունները, որպեսզի խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն մյուս կողմից պետք է արձանագրել, որ բանակցությունները ամենեւին էլ չեն օգնում հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը թուլացնելուն: Երեկվա դրությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդանավերը թռիչքներ էին կատարում շփման գծի երկայնքով, իսկ ԼՂՀ ՊԲ ծառայողներն էլ շուրջօրյա աչալուրջ հսկողություն էին իրականացնում: Դե սահմանային ստուգողական կրակողներն արդեն վաղուց սովորական են դարձել:
Իսկ ինչո՞վ են զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը երեկ երկու կողմերին զսպվածության կոչ է արել: Թե ինչու երկու կողմերին, երբ ամեն անգամ Ադրբեջանն է նախահարձակ լինում սադրանքներ կազմակերպելիս, այդպես էլ մնում է չպարզաբանված: Տպավորություն է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարզապես իրենց համար հետաքրքիր զբաղմունք են գտել, աշխատում են: Իսկ այդ տարիների ընթացքում մարդկային կյանքեր են գնում ու ճակատագրեր խեղվում: Օրըստօրե գերիշխող է դառնում այն կարծիքը, որ բանակցությունները կորցրել են իրենց իմաստը եւ ազդեցությունը: Իրավիճակը շարունակում է դուրս գալ վերահսկողությունից:
Դառնալով երկու արտգործնախարարների փարիզյան հանդիպմանը` նկատենք, թեեւ մինչ երեկ` կեսգիշեր, դեռ պաշտոնապես հայտնի չէր, թե ինչ արդյունք է տվել հանդիպումը, սակայն կանխատեսվում էր, որ նախարարները պետք է պայմանավորվածություն ձեռք բերեին ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: Այսինքն՝ պետք է հստակեցվեին նախագահների հանդիպման օրն ու վայրը: Համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հույս էր հայտնել, որ այդ հանդիպումը կարձանագրի առաջընթաց քայլ եւ կնպաստի ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների` փետրվարին կայանալիք հանդիպմանը:
Մնում է հուսալ` սպասվող հանդիպումը ճակատագրական չի դառնա ու անշրջելի հետեւանքներ չի ունենա Հայաստանի Հանրապետության համար, քանի որ փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի իշխանության` տարիներ շարունակ ձգվող գաղտնի բանակցությունները ի շահ հասարակության չեն ավարտվում:




Լրահոս