ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի  հանձնախմբերի չորրորդ խորհրդաժողովի բացման նիստը, որին մասնակցեցին ավելի քան 25 հանձնախմբերի անդամներ: Տերունական աղոթքից ու ՀՀ օրհներգի ավարտից հետո խորհրդարանական դիվանագիտության եւ Հայ դատի խնդիրների մասին զեկույցով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Իսկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերներին: Նաեւ քննարկվեցին 2010-ից առ այսօր Հայ դատի կատարած աշխատանքները:
«Ժողովուրդ»-ը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի խորհրդաժողովին մասնակից դաշնակցականներին թեմայից դուրս մի քանի հարցեր տվեց:

Հակոբ Սեւան (Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի ղեկավար)
-Պարո՛ն Սեւան, գո՞հ եք ՀՅԴ-ի հայաստանյան կառույցի գործունեությունից:
-Գոհ ենք եւ կսպասենք, որ ավելի ակտիվ կլինեն եւ առաջ կտանեն մեր գաղափարները, մեր գործունեությունը, այսինքն` Հայաստանի ներկա պառլամենտին մեջ եւ դուրս: 100 տոկոսով վստահում ենք մեր ընկերներին եւ կասկած չունինք, որ գործն առաջ պիտ տանին:
-Որպես ընդդիմադիր` նրանք Հայաստանում անո՞ւմ են ամեն ինչ ՀՅԴ-ի հեղափոխական կերպարը պահելու համար, այսինքն` հեղափոխություն իրականացնելու համար ամեն ինչ արվո՞ւմ է:
-Այսօր ինչ որ եվրոպական աշխարհի մեջ կըլլա, Հայաստանին մեջ չենք կրնա դնել, այսինքն` սիստեմ փոխելու համար զե՞նքն առնել, ատիկա անհավանական է, որ այդ ձեւով փոփոխություններ իրականացնի, բայց կարծում եմ, որ Դաշնակցության ընտրած ուղին շատ ճիշտ ուղի է, որը պառլամենտի միջոցով, ընտրությունների միջոցով այդ հեղափոխությունը ձեռք կձգե:
-ՀՅԴ-ն որպես ընդդիմությո՞ւն էր լավ աշխատում, թե՞ իշխանություն:
-Ինչ կարելի է, անում են: Մենք վստահ ենք այդ ձեւին, փողոցներուն անպարկեշտ ձեւերով դուրս գալ` չեմ կարծում, որ լավ է: Հայը հայի վրա ձեռք չի պիտի բարձրացնե:
-Ո՞ր նախագահն էր լավ աշխատում` Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը:
-Սերժ Սարգսյանի վերջին ընտրած ճանապարհը՝ Ցեղասպանության հարցով, բավականին մեզի համար խորթ երեւույթ էր: Ինչպես կըլլա իրականության այն պատկերը, որ Գյուլը Հայաստան եկավ, եւ մեր նախագահը սիրալիր, ականջ-ականջ խնդալով ձեռնվեցավ հետը, դա շատ վատ կերպով կրնա ազդել մեր ամբողջ պատմության ընթացքին:

Սուրիկ Աբնուսյան (Թեհրանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ)
-Պարո՛ն Աբնուսյան, Դուք ինչպե՞ս եք գնահատում Դաշնակցության հայաստանյան կառույցի գործունեությունը:
-Բնականաբար տեղեկատվությունը եւ համագործակցությունը դեպի մեզ լավ է, բայց մյուս կողմից այնքան գործ կա անելու, որ նայում ենք անելիք գործերին, կատարված գործերի համեմատությամբ երբեւէ գոհ չենք կարող լինել:
-Ձեր տպավորությամբ` Հայաստանում դաշնակցական ընկերներն անո՞ւմ են ամեն ինչ` ՀՅԴ-ի հեղափոխական կերպարը պահելու համար:
-Իմ կարծիքով` հեղափոխությունը զենքով, զորքով չի դառնում, կարելի է հեղափոխություն առաջացնել մշակույթի, քաղաքակրթության ասպարեզում:
-ՀՅԴ-ի աշխատանքը ե՞րբ էր ավելի արդյունավետ` ընդդիմությո՞ւն եղած ժամանակ, թե՞ իշխանության մեջ:
-Ինձ թվում է` իշխանության մեջ լինելով` մի շարք հնարավորություններ ենք ձեռք բերում, որը եթե  համադրվի նաեւ հենց մեր կեցվածքին, այսինքն` ընդդիմադիր ենք, բայց եւ իշխանության հետ ենք, որովհետեւ ընդդիմության կամ իշխանության մեջ լինելով` սեւի եւ սպիտակի ընտրություն չէ, նենք կարող ենք իշխանության մեջ լինել եւ եղած սխալները տեսնել: Կարող ենք ընդդիմադիր լինել եւ իշխանության ճիշտ կողմերը գնահատել, քաջալերել ու կողմ լինել: Մենք նման հարցերում` որպես դաշնակներ, կատարելապես սեւի ու սպիտակի կողմ չենք, որովհետեւ հնարավոր չէ քաղաքական աշխարհում նման գռեհկությունների գնալ:
-Անձամբ Դուք ի՞նչ եք կարծում` ո՞ր նախագահն էր լավ աշխատում` Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը:
-Ես դժգոհ եմ, որ Սերժ Սարգսյանի ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ հստակ քայլի դիմեցինք, դա կարող էր ճակատագրական սխալ լինել, բայց, բարեբախտաբար, ճակատագիրը մեզ հետ հեշտ վարվեցավ, քան մենք ինքներս: Քոչարյանի ժամանակ դա չպատահեց, բայց Քոչարյանն էլ քայլեր արեց, որոնք կարելի է նաեւ քննադատել:

Կարապետ Փափազյան (Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար)
-Պարո՛ն Փափազյան, ՀՅԴ-ի հայաստանյան կառույցը լա՞վ է աշխատում:
-Իրենց տարած աշխատանքը լավ է, բայց կուզեինք, որ ավելի լավը լիներ: Գործունեությունը պիտի շարունակվի, անբավարար է:
-Ո՞ր նախագահն էր լավ աշխատում` Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը:
-Սկիզբը դժվար էր, չէինք հասկանա Սերժ Սարգսյանի կեցվածքը, կամաց-կամաց իր դիրքը փոխեց, մանավանդ այս փոթորկուն ժամանակ մեզի համար նեղություն ստեղծեց, որովհետեւ առանձին աշխատեցավ, եւ ոչ միայն մեզ համար լավ չէր, այլ ժողովուրդին համար:

Ժիրայր Բասմաջյան (Դոկտոր) (Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ)
-Պարո՛ն Բասմաջյան, որպես ընդդիմադիր` ՀՅԴ-ն հեղափոխական իր կերպարը պահո՞ւմ է:
 -Մեր անունը հեղափոխական եղած էր այն ժամանակ երբ Հայաստանն ազատ, անկախ չէր, այդ հեղափոխություն բառը քիչիկ մը հիմա մեզի ավանդապես եկած է:
-Քոչարյա՞նն էր լավ աշխատում, թե՞ Սարգսյանը:
-Քաղաքականապես եւ սկզբունքային ձեւով Քոչարյանն էր, որ եւ արտաքին գործոց ճիշտ ձեւով կաշխատեին:

Վահե Անտոնյան (Կանադայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան շրջանի նախագահ)
-Հայաստանում ՀՅԴ-ն անո՞ւմ է ամեն ինչ` հեղափոխական անվանը հավատարիմ լինելու համար:
-Հեղափոխություն իրականացնում են ավելի խաղաղ` ոչ հեղափոխական ձեւով, բայց ավելի արդիական, միասնական գործով:
-Իսկ ո՞ր նախագահն էր լավ աշխատում` Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը:
-Երկուքն ալ իրենց թերություններն ու առավելություններն ունին: Կհավատանք, որ քննադատությունն ու գնահատությունը միասնաբար կարժեւորեն  նախագահները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս