ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞Վ Է ՈՏՆԱՀԱՐԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Երեկ, ի վերջո, բոլորի համար պարզ դարձավ, թե հուվարի 7-ից մոտ 20 օր արձակուրդի մեկնած Սերժ Սարգսյանը որտեղ եւ ինչպես է անցկացրել իր հանգստյան օրերը: Կորեական զբոսաշրջային նորությունների «Չոսուն» կայքի հոդվածը` «Հայաստանի նախագահը՝ առողջապահական տուրիստ Կորեայում» վերնագրով, բացահայտեց իրողությունը: Հոդվածում նշված է, որ Կորեայի ծաղկող բժշկական զբոսաշրջությունն առաջին անգամ հյուրընկալել է օտարերկրյա պետության ղեկավարի: Իսկ ղեկավարն այդ, ինչպես արդեն գուշակեցիք, ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը, որը վերականգնողական բուժում է անցել կենտրոնում: Կայքում հրապարակվել է նաեւ մի լուսանկար, որում պատկերված են Ս. Սարգսյանը` նստած կորեացի բժիշկների հիվանդասենյակում, նրա կոշիկներին հիացմունքով նայող Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Ս. Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը եւ կորեացի բժիշկները:

Հոդվածում մասնավորապես նշված է. «Հունվարի 9-ին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ Հայաստանի նախագահի սեւ սեդանների ավտոշարասյունը նրան բերեց Գանգնամի Չաում բժշկական կենտրոն: Չաումը վերականգնողական կլինիկա է, որը տնօրինում է CHA Health Systems ընկերությունը: Սարգսյանին ուղեկցողների թվում էին խորհրդային նախկին արբանյակային երկրի նախկին նախագահ եւ Ռուսաստանից մի մեծահարուստ: Վերջինը նաեւ Ռուսաստանի նախագահի՝ անցյալ տարի Կորեա կատարած պետական այցի ժամանակ նրա պատվիրակության կազմում էր եւ այդ ժամանակ նույն կլինիկայում բուժումներ էր անցել:
Մեկշաբաթյա այցի ընթացքում այս խումբը Չաում կենտրոն է այցելել ամեն օր եւ բուժումներ ստացել, այդ թվում` ցողունային բջիջների թերապիա, սպա եւ երիտասարդացման պրոցեդուրաներ, մարմնի հարթեցում եւ մերսում, ինչպես նաեւ քաշի վերահսկման պրոցեդուրաներ»:
Կորեական հեռուստաալիքներից մեկը եւս անդրադարձել է Ս. Սարգսյանի «բուժման պրոցեդուրային»: Ռեպորտաժում նշվում է, որ Ս. Սարգսյանն օրերս երիտասարդացման նպատակներով բուժման կուրս է անցել Սեուլի Գանգնամ թաղամասի թանկարժեք կլինիկաներից մեկում` հավելելով նաեւ, որ Սարգսյանը կլինիկայում կնճիռների հարթեցման եւ ձայնալարերի վերականգնման վիրահատությունների է ենթարկվել:
Այս առիթով երեկ Ս. Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե Հարավային Կորեայում երիտասարդացման կուրսեր անցնելու համար Ս. Սարգսյանը ծախսել է սեփական հայտարարագրված միջոցները:
«Արձակուրդի ընթացքում, իմ տեղեկություններով, նախագահն առողջապահական կենտրոն էլ է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով: Ձեր նշած գումարը ոչ թե միայն նախագահի, այլեւ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է: Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարն ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից, եւ այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին»,-նշել է մամլո խոսնակը:
Այս ամենից հետո բոլորի մոտ մեկ հարց է ծագում. ինչպե՞ս է պատահել, որ կորեական լրատվամիջոցներին թույլ է տրվել մասնավոր առողջապահական կլինիկայի ծառայությունից օգտվող Ս. Սարգսյանին լուսանկարել, ապա այդ մասին տեղեկատվությունը տարածել: Արդյո՞ք այդ ամենի մասին տեղյակ է եղել Ս. Սարգսյանին ուղեկցող անվտանգության ծառայությունը, եւ եթե այո, ապա ինչպե՞ս են համաձայնել երկրի ղեկավարի առողջական խնդիրների մասին տեղեկատվության հանրայնացմանը: Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Հայաստանի պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանից (Կրակեմ Հրաչ):
-Պարո՛ն Հարությունյան, կորեական լրատվամիջոցներն անդրադարձել են Սերժ Սարգսյանի բուժմանը եւ անգամ լուսանկար հրապարակել: Ս. Սարգսյանին ուղեկցող անվտանգության ծառայությունը տեղյա՞կ է եղել այդ ամենի մասին:
-Խնդրում եմ՝ Ձեր հարցերն ուղղե՛ք ՀՀ նախագահի աշխատակազմին, ես Ձեզ ոչինչ ասել չեմ կարող:
-Բայց դա Ձեր գործառույթների մեջ է մտնում, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
-Դուք ինչ ինձ հարցրիք, ես Ձեզ պատասխանեցի, ավել որեւէ բան չեմ կարող ասել:
-Եթե Դուք եք Հայաստանի պետական պահպանության ծառայության ղեկավարը, ինչո՞ւ է այդ հարցը վերաբերում ՀՀ նախագահի աշխատակազմին:
-Դուք նորից շարունակում եք: Դուք ինձ հարց ուղղեցիք, իսկ ես էլ պատասխանեցի: Ինչո՞ւ եք նորից հարցեր տալիս:
-Ի՞նչ կապ ունի նախագահի աշխատակազմը Սերժ Սարգսյանի անվտանգության…
-Աշխատակազմն իր ֆունկցիաներն ունի, անվտանգության համակարգը` իր:
-Անվտանգության համակարգի ֆունկցիաների մեջ է մտնում ապահովել Ս. Սարգսյանի անվտանգությունը, հետեւաբար խնդրում եմ՝ նշեք՝ արդյոք Ս. Սարգսյանին լուսանկարելու թույլտվություն եղել է: Անվտանգության աշխատակիցները տեղյակ եղե՞լ են այդ մասին:
-Ի՞նչ է, մարդուն չի՞ կարելի լուսանկարել, կարելի է, ի՞նչ է եղել:
-Այսինքն՝ լուսանկարելու եւ այն տարածելու թույլտվություն եղե՞լ է:
-Այդ հարցով դիմե՛ք աշխատակազմին ու համապատասխան պարզաբանում ստացե՛ք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 
ԻՆՁ ՀԱՄԱՐ ԻՄ ՊԱՌԱՎ ՅԱՐԸ ԹԱՆԿ Է, ԹԱՆԿ

Սերժ Սարգսյանի առողջական խնդիրների եւ մեկ շաբաթ շարունակ բուժման կուրս անցնելու մասին հայ հասարակությունն իմացավ կորեական լրատվամիջոցներից:
Սա ուշագրավ է այն առումով, որ երբ օրեր առաջ «ՀԺ»-ն գրել էր, որ Սարգսյանը մեկնել է Կորեա՝ երիտասարդացման նպատակով ցողունային բջիջների թերապիա անցնելու, նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը շտապել էր հերքել` ասելով, թե այդ ամենն «անհեթեթ ասեկոսեներ են»: Ասել է թե՝ իշխանությունները փորձեցին հնարավորինս գաղտնի պահել կատարվածը, մինչեւ այն պահը, երբ կորեական լրատվամիջոցները հրապարակեցին նաեւ լուսանկարները: Այս արարքի համար կորեացիներին պետք է ըստ արժանվույնս մատուցել. եթե նրանք չհրապարակեին Ս. Սարգսյանի լուսանկարները, ապա հասարակությունը կշարունակեր նրան կասկածել Մոնտե Կառլոյի կամ Բադեն-Բադենի կազինոներում գումարներ տանուլ տալու եւ այլ մեղքերի մեջ:
Ըստ կորեական լրատվամիջոցների՝ բուժումն արժեցել է 186 հազար դոլար: Եթե հաշվի առնենք, որ Երեւան-Սեուլ-Երեւան ինքնաթիռի բիզնես կարգի տոմսն արժե 4 հազար ԱՄՆ դոլար՝ դրան գումարած Կորեայում հյուրանոցային, սննդի, երթեւեկելու ծախսերը: Իսկ Սերժ Սարգսյանը միայնակ չէր մեկնել այնտեղ: Ա. Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ Կորեայում Ս. Սարգսյանը ծախսել է իր անձնական միջոցները, իսկ նշված 186 հազար դոլարը ոչ թե միայն իր, այլեւ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է: Սա նշանակում է, որ նախագահականի խոսնակն անուղղակի կերպով հայտարարել է, որ Սարգսյանի հետ երիտասարդացել են նաեւ նրան ուղեկցող անձինք` Արկադի Ղուկասյանը, Արա, Հովիկ Աբրահամյանները, Գագիկ Խաչատրյանը եւ այլք:
Նշենք, որ ըստ 2013թ. գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրի՝ Ս. Սարգսյանն իր հաշվեհամարին ունի 116 մլն 300 հազար դրամ` մոտ 290 հազար դոլար: Սա, իհարկե, բավարար է Կորեայում բուժման կուրս անցնելու համար: Բայց ամեն ինչ առավել հստակ կլինի այն ժամանակ, երբ նա ներկայացնի նոր հայտարարագիրը՝ հստակեցնելով՝ իրո՞ք ինքն է վճարել բուժման համար, թե՞, ինչպես պնդում են լավատեղյակ աղբյուրները, «հաշիվը փակել են» ուղեկցողները: Ընդգծենք նաեւ` Սարգսյանը երիտասարդանալու համար հսկայական գումարներ է ծախսում այն դեպքում, երբ իր ղեկավարած երկրում աղքատության մակարդակը մոտ 35 տոկոս է:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. Ս. Սարգսյանը բուժման կուրս անցնելու համար մեկնել է արտերկիր: Ու միայն նա չէ, որ այդպես է վարվում. մյուս բարձրաստիճան պաշտոնյաները եւս իրենց կամ իրենց հարազատների առողջական խնդիրները հոգալու համար անմիջապես շտապում են արտերկիր, հիմնականում Եվրոպայի բուժական կլինիկաներ: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ պաշտոնյաները չեն վստահում հայաստանյան առողջապահական համակարգին, ընդ որում անվստահություն են հայտնում հրապարակայնորեն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀԵՌԱՑԵԼ Է

ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, որը տարեվերջին նշանակվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, արդեն ազատել է խորհրդարանի իր աշխատասենյակը: Հանվել է նաեւ աշխատասենյակի դռան մոտ եղած նրա անունով ցուցատախտակը: Սակայն Վ. Հովհաննիսյանը դեռեւս չի անցել իր պարտականությունների կատարմանը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, նա ԳԴՀ կմեկնի փետրվար-մարտ ամիսներին:

 

ՄԻԼԻՈՆՆԵՐ

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն ծրագրել է այս տարի թարմացնել իր ավտոպարկը: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՊԵԿ-ը 2014թ. ծրագրել է գնել միանգամից 180 հատ մարդատար ավտոմեքենա: Իսկ այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից ծախսվելու է 900 մլն դրամ կամ 2.2 մլն դոլար. ՊԵԿ-ի վրա յուրաքանչյուր մեքենան կարժենա 5 մլն դրամ: Ի դեպ, այս տարվա ընթացքում ՊԵԿ-ը 136 մլն դրամ էլ ծախսելու է գովազդային ծառայությունների վրա: Սակայն, անկախ գովազդից, ՊԵԿ-ի գործելաոճը չի փոխվում:

 

ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ

ՕԵԿ-ականները գնալով կորցնում են իրենց հետաքրքրությունը նաեւ լրատվամիջոցների համար: ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի` խորհրդարանում անցկացրած երեկվա ասուլիսին ներկա է եղել ընդամենը մի քանի լրագրող, ինչպես նաեւ ԱԺ աշխատակիցները (վերջիններս այնտեղ են եղել ի պաշտոնե): Իսկ ասուլիսն էլ բավական կարճ է տեւել. Շահգելդյանի ներածական խոսքից հետո առանձնապես լուրջ հարցեր չեն հնչել, հնչած հարցերն էլ եղել են նրա խոսքերից բխող հստակեցումներ: Սա, թերեւս, ամենավառ վկայությունն է ՕԵԿ-ի նկատմամբ հասարակական վստահության ու հետաքրքրության մակարդակի անկման, ավելի ճիշտ` այդ ամենի բացակայության:

 

ԴԱՐՁՅԱԼ ԿՈՂՄԵՐԻՆ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ադրբեջանական դիվերսիայի մասին. «Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ ուժի կիրառումը չի լուծի ԼՂ հակամարտության խնդիրը»: Պետդեպարտամենտը նաեւ կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համակարգող երկիր՝ ԱՄՆ-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ կողմերը խնդիրը պետք է լուծեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:
Հունվարի 23-ի ամենօրյա ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մարի Հարֆն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունում տեղյակ չեն ադրբեջանական դիվերսիայի մանրամասներին, եւ խոստացել ուսումնասիրել փաստերը: Հիշեցնենք՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկու ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ արեց: Նրանց հետ մղելու ճանապարհին հերոսաբար զոհվեց Արմեն Հովհաննիսյանը՝ արժանանալով «Արիության համար» մեդալի:




Լրահոս