ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՎԵՑ
Սերժ Սարգսյանը Կորեայում երիտասարդացման թերապիա անցնելուց հետո, վերադառնալով Հայաստան, երեկ առաջինն այցելել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այստեղ անցկացված խորհրդակցությունն առիթ էր, որպեսզի Ս. Սարգսյանն անդրադառնա վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերին:
Ինչպես հայտնի է, քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն այսօր դարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարն ու խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերի` միանալն այդ պայքարին: Միայն թե, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում իր ելույթով Ս. Սարգսյանը, ըստ էության, հասկացրեց, որ իրենք չեն պատրաստվում որեւէ զիջումների գնալ. «Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, եւ այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի եւ շնորհակալության է արժանանալու: …Մենք պատասխանատու ենք բոլորի համար: Պատասխանատու ենք նաեւ այն մարդկանց համար, ովքեր այսօր կա՛մ չեն հասկացել այդ բարեփոխման տրամաբանությունը, կա՛մ էլ ընդհանուր դժգոհության ֆոնին ուղղակի չեն ընդունում, չեն ընկալում նաեւ այս բարեփոխումը: Սակայն, միեւնույն է, այս մարդիկ էլ են օգտվելու այդ բարեփոխման արդյունքներից»:
Նկատենք, որ Ս. Սարգսյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անդրադարձավ հենց այն օրը, երբ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց կասեցնել օրենքի կիրառումը, մինչեւ դրա սահմանադրականության վերաբերյալ գնահատական տալը: Իսկ սա ամենեւին էլ պատահական չէ. սրանով Ս. Սարգսյանը, ըստ էության, նախանշում է ՍԴ որոշումը. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը պետք է ճանաչել Սահմանադրությանը համապատասխան: Ավելին, իր այս հայտարարություններով Սարգսյանը քաղաքական ուժերին ու քաղաքացիական հասարակությանը մարտահրավեր նետեց` հասկացնելով, որ իրենք մտադիր չեն նահանջել: Նկատենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետության վերաբերյալ այս ընթացքում եղան տարբեր վերլուծություններ: Մասնագետները պնդում են` այս համակարգը չի գործել մի շարք առաջատար երկրներում, ի սկզբանե տապալված է նաեւ Հայաստանում, քանի որ նախ՝ հասարակության մոտ չկա իշխանությունների հանդեպ վստահություն (այդ մասին ԱԺ-ում խոստովանեցին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները), բացի այդ` ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանները թույլ չեն տալիս գնալ այդ քայլին:
Ս. Սարգսյանը երեկ անդրադարձել է նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին. «Մարդիկ պետք է ուղղակիորեն իրենց կյանքում, կենցաղում զգան տնտեսական աճի ազդեցությունը: Այս պահին մենք մեր հիմնական ուշադրությունը դարձնելու ենք տնտեսական աճի աշխուժացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, առավել եւս, որ տարիների ընթացքում իրագործվել են ծրագրեր, որոնք գրեթե հասնում են իրենց եզրափակիչ փուլին, եւ այս տարի գործարկվելու են մի քանի ձեռնարկություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու մեր տնտեսության վրա»:
Ի դեպ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում Ս. Սարգսյանն անդրադարձել է նաեւ ԼՂ խնդրին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` պատերազմի սպառնալիքներին, սահմանին հրադադարի ռեժիմի խախտման փաստերին: «Ձեր կարծիքով՝ որքա՞ն ժամանակ է, որ Ալիեւն այդպես խոսում է: Եթե կարող է, ինչո՞ւ չի անում: Եվ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում: …Ես դեռեւս տեսանելի ապագայում չեմ տեսնում ռազմական գործողությունների սկսում, սակայն եթե մեզ պարտադրեն, մենք ստիպված ենք լինելու կռվել,-ասել է նա` վստահեցնելով, որ Հայաստանը որեւէ մեկից ոչ պակաս է համալրում սպառազինությունը:-Մենք պատերազմ չենք ուզում, ակնհայտ է, որ չենք ուզում, բայց եթե մեզ պարտադրեն, մենք այլ ճանապարհ չունենք: Մյուս կողմից` ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծենք»:
Միայն թե, այսքանից հետո իշխանությունները ճիշտ կանեին, եթե երկրում ստեղծեին այնպիսի պայմաններ, որպեսզի մարդիկ չարտագաղթեն: Չնայած Հայաստանը համալրում է սպառազինությունները, սակայն մյուս կողմից խնդիրներ կան ԶՈՒ մարդկային համալրման հարցում: Դա երեւաց կառավարության վերջին նիստում, երբ որոշում կայացվեց օտարերկրյա բուհերում սովորող հայ ուսանողներին զրկել տարկետման իրավունքից, որպեսզի կարողանան բանակը համալրել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԿԿՈՒՆ ԿԱՆՉԵՑ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի «կկուն կանչեց»: Նրա ղեկավարած կառավարության պաշտոնանկության հիմքերն արդեն կարելի է պատրաստ համարել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013թ. սոցիալ-տնտեսական ամփոփ ցուցանիշները, որոնք, սակայն, բավական տխուր պատկեր են պարզում. 2013թ. տնտեսական աճը կազմել է ընդամենը 3.5 տոկոս, սա` լրջագույն թվային մանիպուլյացիաների արդյունքում: Գնաճը նախորդ տարի կազմել է 5.8 տոկոս, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը` 4.8 տոկոս: Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 18-ին Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել էր ապահովել 7 տոկոս աճ, բացի այդ՝ անել այնպես, որ աշխատավարձերը գնաճից շոշափելիորեն ավելի բարձր լինեն, այլապես, ըստ նրա, կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի: Փաստորեն, անգամ պաշտոնական վիճակագրությամբ՝ կառավարությունը չի կատարել իջեցված հանձնարարականներից ոչ մեկը, ասել է թե՝ եկել է հրաժարական ներկայացնելու ժամանակը, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը հարգում է ինքն իրեն ու գնահատում իր խոսքի արժեքը: Հուսանք՝ երիտասարդացման թերապիան դրականորեն կանդրադառնա նրա հատկապես հիշողության վրա:
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ու կուսակցության անդամ, Երեւանի քաղաքապետարանի «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հայտարարել էին, որ իրենք դատական հայց են ներկայացնելու «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի դեմ: «Հեռարձակողից եւ կազմակերպչից պահանջելով խաղի հայերենով վարում եւ հեռարձակում, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակման դադարեցում»,-նշել էր Ս. Սաֆարյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց նրանից պարզել, թե ինչ փուլում է գտնվում գործը: «Մենք առաջիկա շաբաթվա ընթացքում հանրությանը, հետաքրքրվող շրջանակներին կներկայացնենք հայցադիմումը, կկազմակերպենք ստորագրահավաքը, որովհետեւ բազմաթիվ մարդիկ իրենց կոնտակները թողել են ֆեյսբուքյան խմբում, բազմաթիվ մարդիկ՝ Երեւանի քաղաքապետարանի «Բարեւ, Երեւան» խմբակցությունում, չի բացառվում, որ հայցադիմումին այլ մարդիկ միանան, ու մինչեւ ամսվա վերջ մենք հայցը կներկայացնենք»,-նշեց մեր զրուցակիցը: Հավելենք, որ դեռեւս նոյեմբերի 28-ին կառավարության նիստում որոշվել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի արտոնագիրը ձեռք բերելու նպատակով հատկացնել 12 միլիոն դրամ, ինչն էլ վրդովեցրել էր շատ քաղաքացիների:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռեւս ԱԺ-ում իր թեկնածության ներկայացման ընթացքում դրական էր արտահայտվել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցադրման շուրջ: Երեկ էլ այդ կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի գլխավոր դատախազությունը, որում մասնավորապես նշված է. «Գլխավոր դատախազությունը կարեւորում է այդ ոլորտում իրավահարաբերությունների կարգավորումը, քանի որ, ընդհանուր առմամբ, այդ իրավակարգավորումները բխում են պետական իշխանության մարմինների գործունեության հրապարակայնության պահանջներից»:
ՉԵ՞Ն ԾԵԾՈՒՄ
Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զուգահեռներ է անցկացրել ուկրաինական ոստիկանության այս օրերի պահվածքի եւ ՀՀ ոստիկանների գործունեության միջեւ. «Հիմարությունը հիմարություն է ծնում, չարությունը՝ չարություն, անարդարությունը՝ անարդարություն: Եթե մարդկանց մերկացնում են, իհարկե անաստված են, դա լկտիություն է: Ա՛յ հիմա զգացե՛ք մեր տարբերությունը, սիրելինե՛րս, ա՛յ հիմա հասկացե՛ք ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլեւս չենք ծեծում, չենք ջարդում եւ չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք: Բայց անդադար չենք կարող հանդուրժել…»:
ՄԵՐԺՎԵՑ
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու՝ Դավիթ Նավասարդյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի եւ դիմողի բողոքի բացակայության պատճառով:
ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, անդրադառնալով Մաքսային միությանը Հնդկաստանի միանալու ցանկության մասին հայտարարություններին, Aravot.am-ին ասել է. «Հնդկաստանը, լինելով բարեկամ մի շարք երկրների հետ, որոնք մտնում են Մաքսային միության մեջ, քննարկել է մի տնտեսական համագործակցության համաձայնագիր Մաքսային միության հետ: Բայց խնդրում եմ՝ սա չվերագրեք նրան, որ Հնդկաստանը ցանկանում է Մաքսային միության անդամ դառնալ: Հոկտեմբերին Հնդկաստանի վարչապետն այցելեց Ռուսաստան, միացյալ հայտարարություն ընդունվեց, որտեղ պարզ նշվում է, որ երկու կողմերն աշխատանքային խումբ են ստեղծելու, որ ուսումնասիրեն այդ համաձայնագրի իրականացման մեխանիզմները Մաքսային միության հետ: Այնպես որ, դուք ինքներդ կարող եք ձեր եզրակացություններն անել»:
ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ
Երեկ հանդիպել են Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ու Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ձախ ուժերի միություն ստեղծելու հարցում: Հաշվի առնելով այն իրողությունը, որ Տիգրան Սարգսյանն այս կուսակցությունների նկատմամբ ակնհայտ հետաքրքրություն է ցուցաբերել, ընդ որում մի քանի անգամ, դժվար չէ ենթադրել, որ ՀՀ վարչապետը փորձում է իր համար քաղաքական հենարան կառուցել: Հատուկ դրա համար նա նույնիսկ իր օգնականին «զոհաբերեց»՝ կառավարությունից ուղարկելով քաղաքականությամբ զբաղվելու: